Տնտեսական աճի տեմպը կայուն նւազում է՝ արտաքին նպաստաւոր գործօնների թուլացման ֆոնին
Ռուս-ուկրաինական հակամարտութեամբ պայմանաւորւած արտաքին գործօնների ազդեցութեամբ՝ նախորդ երկու տարիներին արձանագրւող ՀՀ տնտեսական բարձր աճի կարճաժամկէտ բնոյթն արդէն իրողութիւն է։
Մասնաւորապէս՝ այս տարւայ երկրորդ եռամսեակից սկսած տնտեսական ակտիւութիւնը կայուն նւազում է։ 2022 թ. առաջին իննը ամիսներին՝ նախորդ տարւայ նոյն ժամանակահատւածի համեմատ ՀՆԱ-ի աճը կազմել է 12,3 տոկոս, իսկ 2023 թ. համադրելի ցուցանիշը նւազել է 2,8 տոկոսային կէտով եւ կազմել է 9,5 տոկոս։ Յաջորդը՝ 2022 թ. հոկտեմբերին ՀՀ տնտեսական ակտիւութեան ցուցանիշի աճը՝ նախորդ տարւայ նոյն ամսւայ համեմատ կազմել է 17,5 տոկոս, ինչը հետագայում ունեցել է եռակի նւազում՝ 2023 թ. հոկտեմբերին կազմելով 6 տոկոս։
Աւելին, նոյնիսկ ՀՆԱ-ի երկնիշին մօտ աճերի պայմաններում, 2023 թ. հոկտեմբերի դրութեամբ ՀՀ պետական պարտքը դարձաւ 11 միլիարդ 116 միլիոն ԱՄՆ դոլար՝ նախորդ տարւայ նոյն ժամանակահատւածի նկատմամբ աճելով 10,5 տոկոսով։ 2022 թ. հոկտեմբերին եւս՝ նախորդ տարւայ նոյն ժամանակահատւածի համեմատ պետական պարտքն աճել է շուրջ 10 տոկոսով՝ հատելով 10 միլիարդ ԱՄՆ դոլարի շեմը։
Հիմա, արտաքին, պատահական գործօններով պայմանաւորւած ընդհանուր պահանջարկի աճի եւ ՀՆԱ-ի կառուցւածքի բացասական միտումների մասին։
Նախորդ տարւայ համեմատ՝ 2022 թ. գրանցւել է ՀՆԱ-ի 12,64 տոկոս աճ (աղբիւրը՝ https://www.armstat.am/file/article/sv_01_23a_112.pdf)։ 2022 թ. ՀՆԱ-ի 12,64 տոկոս աճի վրայ եղել են հետեւեալ ոլորտային ազդեցութիւնները՝
– գիւղատնտեսութիւնը, որն ազդել է բացասական՝ -0,07 տոկոսային կէտով,
– արդիւնաբերութիւնը չնչին՝ +1,28 տոկոսային կէտով,
– շինարարութիւնը չնչին՝ +1,23 տոկոսային կէտով,
– առեւտուրը եւ ծառայութիւնները էական՝ +9,34 տոկոսային կէտով։
Նախորդ տարւայ 1-ին եռամսակի համեմատ՝ 2023 թ. 1-ին եռամսեակում գրանցւել է ՀՆԱ-ի 12,05 տոկոս աճ, որը կայուն նւազելով այս տարւայ 3-րդ եռամսակին դարձել է 7,38 տոկոս (աղբիւրը՝ https://www.armstat.am/file/article/sv_10_23a_112.pdf)։
2023 թ. 3-րդ եռամսակում ՀՆԱ-ի 7,38 տոկոս աճի վրայ եղել են հետեւեալ ոլորտային ազդեցութիւնները՝
– գիւղատնտեսութիւնը՝ ընդամէնը +0,23 տոկոսային կէտով,
– արդիւնաբերութիւնը ազդել է բացասական՝ -0,43 տոկոսային կէտով,
– շինարարութիւնը՝ +1,23 տոկոսային կէտով,
– առեւտուրը եւ ծառայութիւնները էական՝ +6,34 տոկոսային կէտով։
Փաստօրէն, 2022 թ. առեւտրի եւ ծառայութիւնների ոլորտները, պահանջարկի առաջանցիկ աւելացմամբ պայմանաւորւած՝ ունեցել են առիւծի բաժին։ ՀՆԱ-ի ընդհանուր աճի 74 տոկոսն ապահովել են հէնց այս ոլորտները։ Այս միտումը առաջանցիկ շարունակւել է նաեւ այս տարի։ 2023 թ. երրորդ եռամսեակում առեւտրի եւ ծառայութիւնների ոլորտի ազդեցութեան բաժինը ՀՆԱ-ի աճի մէջ աւելացել է 12 տոկոսային կէտով եւ կազմել է 86 տոկոս։
2023 թ. 3-րդ եռամսեակում արձանագրւել են ՀՆԱ-ի հետեւեալ կառուցւածքը եւ 2022 թ. համեմատ բացասական միտումները՝
– գիւղատնտեսութիւն՝ 11,7 տոկոս, որը 2022 թ. 3-րդ եռամսեակի համեմատ նւազել է 2,1 տոկոսային կէտով,
– արդիւնաբերութիւն՝ 15,1 տոկոս, որը 2022 թ. 3-րդ եռամսեակի համեմատ նւազել է 2,3 տոկոսային կէտով,
– շինարարութիւն՝ 7,2 տոկոս, որը 2022 թ. 3-րդ եռամսեակի համեմատ գրեթէ չի փոխւել,
– առեւտուր եւ ծառայութիւններ՝ 58 տոկոս, որը 2022 թ. 3-րդ եռամսեակի համեմատ աճել է 4,8 տոկոսային կէտով։
Փաստօրէն, 2023 թ. եւս ՀՆԱ-ի կառուցւածքում առեւտրի եւ ծառայութիւնների տեսակարար կշիռը դրսեւորել է առաջանցիկ աճի միտում, իսկ իրական հատւածի (գիւղատնտեսութիւն, արդիւնաբերութիւն) տեսակարար կշիռը՝ նւազման միտում։
Նախորդ տարւայ նոյն ժամանակահատւածի համեմատ՝ 2023 թ. 3-րդ եռամսեակում ՀՆԱ-ի ծաւալային աճեր են արձանագրւել գիւղատնտեսութեան ոլորտում (2022 թ. ընթացքում եւ 2023 թ. 1-ին կիսամեակում գրանցւած էական անկումներից յետոյ), արդիւնաբերութեան ոլորտից միայն հանքարդիւնաբերութեան ճիւղում, իսկ մշակող արդիւնաբերութիւնը ունեցել է զրոյական աճ։ Միջինից էականօրէն բարձր եւ առաջանցիկ աճեր շարունակել են ունենալ՝
– շինարարութիւնը՝ 32,2 տոկոս, որը 2022 թ. համադրելի ցուցանիշը գերազանցում է 12,3 տոկոսային կէտով,
– առեւտրի ոլորտը՝ 36 տոկոս, որը 2022 թ. համադրելի ցուցանիշը գերազանցում է 16 տոկոսային կէտով,
– հիւրանոցային եւ հանրային սննդի ծառայութիւննները՝ 37,5 տոկոս, որը 2022 թ. համադրելի ցուցանիշը գերազանցում է 24,7 տոկոսային կէտով,
– զւարճութիւնների եւ հանգստի կազմակերպման ծառայութիւններ՝ 32,1 տոկոս, որը 2022 թ. համադրելի ցուցանիշը գերազանցում է 24,3 տոկոսային կէտով,
– սպասարկման այլ ծառայութիւնները՝ 27,2 տոկոս, որը 2022 թ. համադրելի ցուցանիշը գերազանցում է 4 տոկոսային կէտով։
Փաստօրէն, այս տարւայ 3-րդ եռամսեակում եւս, ըստ տնտեսութեան ոլորտների արձանագրւած ՀՆԱ-ի բարձր աճի միտումները հիմնականում պայմանաւորւած են առեւտրի եւ ծառայութիւնների ոլորտների պահանջարկի աւելացմամբ, որը, ինչպէս արդէն նշել եմ, արտաքին, պատահական գործօնների ազդեցութեան արդիւնք է։
Չնայած 2023 թ. առաջին եռամսեակում տեղեկատւութեան եւ կապի ծառայութիւնների ոլորտը գրանցել է 50 տոկոս տպաւորիչ աճ, սակայն 2022 թ. համադրելի ցուցանիշին զիջում է գրեթէ 10 տոկոսային կէտով։ Բարձր տեխնոլոգիական զարգացման տեսանկիւնից առաջնային այս ոլորտում նկատւում է աճի տեմպերի էական նւազում։
Յատկանշական է նաեւ այն, որ 2022 թ. արձանագրւած 47 տոկոս թռիչքաձեւ աճից յետոյ, 2023 թ. ընթացքում ֆինանսական ծառայութիւններն արդէն գրանցում են երկնիշ անկումներ՝ իւրաքանչիւր եռամսեակում շուրջ 10 տոկոսի չափով։ Եւ սա էականօրէն պայմանաւորւած է արտաքին առեւտրաշրջանառութեան աճի տեմպերի, ինչպէս նաեւ արտերկրից ստացւող դրամական միջոցների էական նւազման միտումներով (օտարերկրեայ դրամական միջոցների փախուստով)։
Մասնաւորապէս, 2023 թ. յունւար-հոկտեմբերին ՀՀ բանկերի միջոցով ֆիզիկական անձանց անունով արտերկրից ստացւած եւ արտերկիր փոխանցւած դրամական միջոցների չափերի տարբերութիւնը (զուտ ներհոսքը) կազմել է 568 միլիարդ դրամ, ինչը շուրջ 313 միլիարդ դրամով կամ 36%-ով նւազել է՝ 2022 թ. համապատասխան ժամանակահատւածի համեմատ (աղբիւրը՝ https://www.cba.am/am/SitePages/statexternalsector.aspx)։
Յաջորդը, 2022 թ. յունւար-հոկտեմբերին ՀՀ արտաքին առեւտրաշրջանառութիւնը (ընդհանուր արտահանման եւ ներմուծման հանրագումարը)՝ նախորդ տարւայ նոյն ժամանակահատւածի համեմատ աճել է 66,4 տոկոսով, (աղբիւրը՝ https://www.armstat.am/file/article/sv_10_22a_411.pdf), իսկ 2023 թ. համադրելի ցուցանիշը կազմել է ընդամէնը 41,2 տոկոս՝ նւազելով 1,6 անգամ։ (աղբիւրը՝ https://www.armstat.am/file/article/sv_10_23a_411.pdf)։
Ամփոփելով. նախորդ տարի արձանագրւած եւ այս տարի դեռեւս շարունակւող տնտեսական բարձր աճը հիմնականում տնտեսական ընդհանուր պահանջարկի թռիչքաձեւ աւելացման արդիւնք է, որը պայմանաւորւած է արտաքին, պատահական եւ կարճաժամկէտ գործօններով։ Ընդորում՝ այս գործօնները գնալով թուլանում են՝ յանգեցնելով տնտեսական աճի տեմպերի կայուն նւազման եւ առաջացնելով տնտեսական աճի ապահովման նոր ռիսկեր։
Աւելին՝ արձանագրւած բարձր տնտեսական աճն այդպէս էլ չկապիտալացւեց, չյանգեցրեց ՀՀ տնտեսական կառուցւածքի բարելաւման եւ առաջարկի ներուժի աւելացման։ Հակառակը՝ խորանում են տնտեսութեան իրական հատւածի մակրոցուցանիշերի բացասական միտումները։ Այս ամենին էլ գումարած տնտեսական անվտանգութեան անչափելի ռիսկերը՝ արտաքին աշխարհաքաղաքական աւելացող սպառնալիքների ֆոնին…
Թադէոս Աւետիսեան
ՀՅԴ Հայաստանի Գերագոյն մարմնի անդամ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր
Arfd.am