Հայաստան - ԱրցախՔաղաքական

Արցախեան հիմնախնդրի ներկայ հանգրուանի շարունակական միջազգայնացման հրամայականը. ‎«Քաղաքական Ապաշրջափակում»‎

Մինչպատերազմեայ Ժամանակաշրջան (Մինչեւ 2020)‎

Արցախեան հակամարտութեան սկզբնական շրջանից սկսած՝ Ազրպէյճանը ‎հետապնդել է Արցախի ոչ միայն ֆիզիքական, այլ նաեւ քաղաքական եւ ‎տեղեկատուական մեկուսացում՝ մշտապէս փորձելով հիմնախնդիրը ներկայացնել ‎իբրեւ Ազրպէյճանի ներքին գործ։ Մինչեւ 2020 թուականի պատերազմը ‎ազրպէյճանական այս քաղաքականութեանը հայկական կողմից հակազդեցութիւնը ‎ներառում էր բոլորովին այլ գործիքակազմ։ Միջազգային լսարաններում Արցախի ‎վերաբերեալ առարկայական տեղեկատուութեան հանրահռչակմանը զուգահեռ, ‎էական աշխատանք կատարուեց նաեւ Արցախի Հանրապետութեան միջազգային ‎յարաբերութիւնների խթանման տեսանկիւնից, ինչն էլ դարձաւ Արցախին ‎պարտադրուող ազրպէյճանական մեկուսացման քաղաքականութիւնը ճեղքող ‎հիմնական ոլորտը։ Այս գործընթացում առաջատար տեղ ու դեր ունէին ՀՅԴ Հայ ‎դատի յանձնախմբերն ու գրասենեակները, որոնք համախորհուրդ Արցախի ‎Հանրապետութեան իշխանութիւնների հետ, խթանում էին Հանրապետութեան ‎միջազգային յարաբերութիւնները՝ հիմնական երեք ուղղութիւններով՝ միջազգային ‎ապակենտրոն ճանաչում, միջազգային ապակենտրոն համագործակցութիւն ‎տեղական ինքնակառավարման մարմինների մակարդակում եւ ‎միջխորհրդարանական դիւանագիտութեան զարգացում։

Նախապատերազմեայ ժամանակաշրջանի դրութեամբ միջազգային ապակենտրոն ‎ճանաչման առումով գրանցուած յաջողութիւնները ներառում էին Արցախի ‎Հանրապետութեան ճանաչումը Պասքերի երկրի խորհրդարանի, ամերիկեան ութ ‎նահանգների օրէնսդիր մարմինների, ամերիկեան չորս քաղաքային խորհուրդների, ‎աւստրալիական մէկ նահանգի կողմից։ Պատերազմից յետոյ այս ցանկին աւելացան ‎ամերիկեան երկու եւ աւստրալիական մէկ նահանգ։ Ուշագրաւ է՝ 1999 թուականի ‎մարտի 11-ին Եւրոպական խորհրդարանն ընդունուած բանաձեւով, ըստ էութեան ‎ճանաչել է Արցախի անկախութեան իրաւաչափութիւնը։

Ինչ վերաբերում է տեղական ինքնակառավարման մարմինների ապակենտրոն ‎համագործակցութեանը, ապա նախ նկատենք, որ նման յարաբերութիւններն ‎էականօրէն նպաստում են ուղիղ շփումներով պայմանաւորուած բարեկամական ‎կապերի ամրապնդմանը տարբեր ժողովուրդների հետ: Նման գործընթացները ‎նպաստում էին նաեւ Արցախի տեղական ինքնակառավարման համակարգի ‎կայացմանը, ինչպէս նաեւ մշակութային, կրթական, մարզական եւ առեւտրային ‎տարաբնոյթ ծրագրերի իրականացմանը: Այսպիսով` 2020 թուականի դրութեամբ ‎Արցախի տարբեր համայնքների հետ միջհամայնքային ապակենտրոն ‎համագործակցութեան յուշագրեր են կնքել Ֆրանսայի 14, Միացեալ Նահանգների 5, ‎Լիբանանի 2, Պասքերի երկրի 1 եւ Պրազիլի 1 համայնքներ: 2015 թուականի մայիսի ‎‎17-ին համագործակցութեան հռչակագիր է ստորագրուել Ֆրանսայի Տրոմ վարչական ‎բաժանմունքի (Ռոն-Ալփ տարածաշրջան) եւ Արցախի Հանրապետութեան միջեւ։

Անդրադառնալով միջխորհրդարանական դիւանագիտութեանը՝ նշենք, որ 2013 ‎թուականի փետրուարի 26-ին Լիթուանիայի Հանրապետութեան Սէյմասում ‎ստեղծուեց Լեռնային Ղարաբաղի հետ բարեկամութեան խումբ: 2017 թուականի ‎յուլիսի 5-ին խորհրդարանական բարեկամութեան խումբն ընդլայնուեց և ‎վերափոխուեց Լիթուանիա-Արցախ բարեկամութեան շրջանակի, որին միացել էին ‎Լիթուանիայի խորհրդարանի պատգամաւորներ, քաղաքական եւ հասարակական ‎գործիչներ: 2013 թուականի մարտի 19-ին Ֆրանսայում ձեւաւորուեց Արցախի հետ ‎բարեկամութեան խումբ, որում ընդգրկուած են քաղաքական գործիչներ, ‎խորհրդարանի պատգամաւորներ եւ ծերակուտականներ: 2014 թուականի ‎հոկտեմբերի 15-ին Եւրոպական խորհրդարանում Արցախի Հանրապետութեան ‎անկախութեան 23-ամեակին նուիրուած հանդիսաւոր միջոցառման ընթացքում ‎յայտարարուեց Արցախի հետ բարեկամութեան խմբի ստեղծման գործընթացի ‎մեկնարկի մասին, որը ցայսօր աշխուժօրէն գործում է: 2017 թուականի հոկտեմբերի ‎‎18-ին Պելճիքայի Թագաւորութեան Ֆլամանական խորհրդարանում յայտարարուել է ‎Արցախի հետ Պելճիքայի ֆլամանացի պատգամաւորների բարեկամութեան խումբ ‎ստեղծելու մասին: 2017 թուականի հոկտեմբերի 20-ին Պելճիքայի Վալոնական ‎խորհրդարանում յայտարարուել է Արցախի հետ Պելճիքայի ֆրանսախօս ‎պատգամաւորների, հասարակական եւ գիտական գործիչների բարեկամութեան ‎շրջանակ ստեղծելու մասին: Այս երկու խմբերը նոյնպէս ներկայումս աշխուժ գործում ‎են։

Յիշեալ աշխատանքները, թէեւ վերջնարդիւնքում չեն յանգեցրել Արցախի ‎Հանրապետութեան` որպէս միջազգային իրաւունքի ինքնիշխան ենթակայի ‎ճանաչմանը, այնուամենայնիւ, շօշափում են միջազգային ճանաչման որոշակի ‎մակարդակներ, որոնք նախ եւ առաջ ճեղքում էին Արցախին պարտադրուող ‎ազրպէյճանական մեկուսացումը եւ ապահովում էին հակամարտութեան ‎շարունակական միջազգայնացում եւ միջազգային հանրահռչակում, ինչը ‎չէզոքացնելը մշտապէս եղել է Ազրպէյճանի պետական քաղաքականութեան ‎առանցքային ուղղութիւններից մէկը։

Յետպատերազմեայ ժամանակաշրջան

Յղփացած 2020 թուականի ահաբեկչական պատերազմի արդիւնքներից՝ Ազրպէյճանը ‎պատերազմից յետոյ առհասարակ մերժում է արցախեան հիմնախնդրի ‎միջազգայնացման որեւէ փորձ եւ չափազանց ծանր է արձագանքում դրանց։ Չնայած ‎պատերազմի արդիւնքին, դաշնակիցների հսկայական քաղաքական, ‎տեղեկատուական ու լոպպիստական օժանդակութեանը, այնուամենայնիւ ‎Ազրպէյճանին չի յաջողւում դադարեցնել ղարաբաղեան հիմնախնդրի ‎միջազգայնացումը, եւ այս աշխատանքի մէջ նոյնպէս պէտք է արժանին մատուցել ‎ՀՅԴ Հայ դատի յանձնախմբերի ու գրասենեակների միջազգային ցանցին, որի ‎գործունէութիւնն աւելի տեսանելիօրէն երեւում է տարբեր երկրների ու միջազգային ‎կառոյցների օրէնսդիր մարմինների քաղաքական վարքում՝ արցախեան ‎հիմնախնդրի առնչութեամբ։ Արցախին պարտադրուող ազրպէյճանական ‎մեկուսացումը յատկապէս ձախողուել է օրինակ Եւրոպական խորհրդարանում, ‎որտեղ գործող՝ Արցախի հետ բարեկամութեան խումբը իր թուով ‎համապատասխանում է ճանաչուած պետութիւնների հետ բարեկամութեան խմբերի ‎թուին։ Եւրոպական խորհրդարանը պատերազմից յետոյ ընդունուած տարբեր ‎բանաձեւերով ու փաստաթղթերով, յատկապես Հայաստան-Եւրոպական Միութիւն, ‎Ազրպէյճան-Եւրոպական Միութիւն յարաբերութիւնների տարեկան զեկոյցներով, ‎Եւրոպական Միութեան արտաքին ու անվտանգային քաղաքականութեան ‎զեկոյցներով յստակ քաղաքական դիրքորոշում է յայտնել։ Մեծապէս արժեւորելի են ‎ՄԱԿ-ի կանոնադրութեան հիման վրայ եւ ԵԱՀԿ-ի Մինսքի խմբի ‎համանախագահութեան շրջանակում, տարածքային ամբողջականութեան ‎սկզբունքի, ինքնորոշման իրաւունքի իրացման եւ ուժի կամ դրա սպառնալիքի ‎չկիրառման պայմաններում ղարաբաղեան հակամարտութեան տեւական լուծում ‎պահանջող՝ Եւրոպական խորհրդարանի բանաձեւերը, Ազրպէյճանի կողմից ‎Արցախի հոգեւոր-մշակութային ժառանգութեան վերացումը դատապարտող, հայ ‎ռազմագերիների ազատ արձակումը պահանջող եւ Ազրպէյճանում պետական ‎մակարդակի բարձրացուած հայատեացութիւնը դատապարտող դիրքորոշումները եւ ‎այլն։

Արցախի քաղաքական մեկուսացմանն ուղղուած աշխատանքներն Ազրպէյճանն ‎առաւել աշխուժացրել է՝ զուգահեռ ֆիզիքական շրջափակմանն ու պաշարմանը։ Այս ‎առումով Արցախի հիմնախնդրի առաւել միջազգայնացման եւ ստեղծուած ‎իրավիճակի առարկայական հանրահռչակման տեսանկիւնից վերջին շաբաթների ‎արդիւնքում կարեւոր զարգացումներ տեղի ունեցան, որոնց ընթացքը պէտք է պահել ‎եւ շարունակապէս բարձրացնել։

Նախ՝ Արցախի Հանրապետութեան պաշտօնաթող նախագահ Արայիկ ‎Յարութիւնեանը յուլիսի կէսերին դիմել էր Միջազգային քրէական դատարանի ‎նախկին գլխաւոր դատախազ Լուիս Մորենօ Օքամփոյին՝ խնդրելով փորձագիտական ‎կարծիք առ այն, թէ արդեօք Արցախում խորացող շրջափակումը ‎համապատասխանո՞ւմ է ցեղասպանութիւն յանցագործութեանը: Օգոստոսի 7-ով ‎թուագրուած զեկոյցը միարժէքօրէն պնդում է, որ Արցախի ժողովրդի նկատմամբ ‎իրականացւում է շարունակական ցեղասպանութիւն, ինչը հիմնաւորւում է ‎‎«Ցեղասպանութեան յանցագործութիւնը կանխարգելելու եւ պատժելու մասին» 1948 ‎թուականի ուխտի երկրորդ յօդուածի շրջանակներում, որը ցեղասպանութիւն է ‎սահմանում նաեւ «որեւէ խմբի համար կեանքի այնպիսի պայմանների միտումնաւոր ‎ստեղծումը, որոնք ուղղուած են նրա լրիւ կամ մասնակի ֆիզիքական ոչնչացմանը»։ ‎Ըստ հեղինակի հիմնաւորման, բնակչութեանը սննդից, բժշկական օգնութիւնից, ‎ապաստարաններից եւ հագուստից զրկումը համարւում է ցեղասպանութիւն։ Զեկոյցը ‎բաղկացած է երեք հիմնական մասերից եւ անդրադառնում է Արցախում ընթացիկ ‎ցեղասպանութեան յանցագործութեան՝ որպէս այդպիսին հիմնաւորմանը, դրա ‎պատասխանատուների նոյնականացմանն ու հետաքննման հնարաւորութիւններին, ‎ինչպէս նաեւ յանցագործութեան կանխարգելման ճանապարհներին։ Զեկոյցը ‎պարունակում է իրաւաքաղաքական եւ կիրառական նշանակութեան խորհուրդներ՝ ‎ստեղծուած իրավիճակի յաղթահարման միջազգային մեքանիզմների գործարկման եւ ‎ցեղասպանութեան կանխարգելման համար, զեկոյցը նաեւ ներառում է ‎Ղարաբաղեան հակամարտութեան ամփոփ պատմաքաղաքական ու իրաւական ‎նկարագրութիւն։

Ղարաբաղեան հիմնախնդրի միջազգայնացման առումով խիստ կարեւոր էր ՄԱԿ-ի ‎նախկին գլխաւոր քարտուղարի Ցեղասպանութեան կանխարգելման հարցերով ‎յատուկ խորհրդական Խուան Մենտեսի՝ ՄԱԿ-ի Անվտանգութեան խորհրդի անդամ ‎պետութիւնների պատուիրակութիւնների եւ բազմակողմ մարդասիրական ‎համագործակցութեան շահագրգիռ կողմերի մասնակցութեամբ օգոստոսի 23-ի նիստի ‎ընթացքում ունեցած ելոյթը։ Մենտեսը նկատել է, որ հայերը մօտ ապագայում կարող ‎են «լուրջ ֆիզիքական կամ հոգեկան վնասներ կրել», ինչը համադրելով ‎Ցեղասպանութեան կանխարգելման եւ պատժելու մասին ուխտի երկրորդ յօդուածի ‎‎«բ» կէտի պահանջներին, անհրաժեշտ է միջազգային հանրութեան մօտ հնչեցնել ‎ցեղասպանութեան վտանգի սպառնալիք:‎

Արցախեան հիմնախնդրի՝ վերջին շրջանի միջազգայնացման տեսանկիւնից խիստ ‎ուշագրաւ է նաեւ Միջազգային հանրային իրաւունքի եւ քաղաքականութեան խմբի ‎զեկոյցը Արցախի ժողովրդի ինքնորոշման իրաւունքի, դրա իրացման ‎իրաւաչափութեան վերաբերեալ:‎

Սեպտեմբերի 1-ին յայտնի դարձաւ, որ Միացեալ Նահանգների Քոնկրեսի՝ Թոմ ‎Լանթոսի անուան մարդու իրաւունքների յանձնաժողովում նախատեսուած է ‎Արցախում ստեղծուած իրավիճակի վերաբերեալ հանրային լսում, որին պէտք է ‎մասնակցի նաեւ Լուիս Մորենօ Օքամփոն։

Ստեղծուած իրավիճակում ղարաբաղեան հակամարտութեան շարունակական ‎միջազգայնացումը, ազրպէյճանական ցեղասպան քաղաքականութեան ‎հանրահռչակումը, տեղում ստեղծուած իրավիճակի վերաբերեալ միջազգային ‎առարկայական տեղեկատուութեան հանրահռչակումն ու դրան միջազգային ‎արձագանգը շատ յստակ ցուցում է այն բանի, որ արցախեան հակամարտութիւնը ‎լուծուած չի, ինչը որ արդէն գրեթէ երեք տարի պնդում է ազրպէյճանական կողմը եւ, ‎որ այն շատ աւելին է, քան Ազրպէյճանի ներքին գործն ու մարդասիրական ‎մակարդակի խնդիր։

Ուստի հայկական աշխարհի բոլոր կարող ուժերը, առաւել քան երբեւէ, պէտք է ‎լծուեն Արցախում ստեղծուած իրավիճակի հանրահռչակմանը, միջազգային ‎քաղաքական կազմակերպութիւնների եւ աշխարհահռչակ անձանց ներգրաւմանը, ‎հակամարտութեան վերաբերեալ քաղաքական միջոցառումների կազմակերպմանը, ‎բանաձեւերի ու որոշումների ընդունման խթանմանը, ինչը կը մեծացնի Ազրպէյճանի ‎վրայ խիստ դանդաղ, բայց առարկայացող միջազգային ճնշումը եւ անգամ եւս ‎փաստարկուած կերպով աներկբայ կը դարձնի այն պնդումը, որ Արցախը որեւէ կերպ ‎չի կարող լինել ազրպէյճանական տիրապետութեան տակ, որովհետեւ Ազրպէյճանը ‎նոյնիսկ ներկայումս է Արցախի նկատմամբ իրականացնում ցեղասպան ‎քաղաքականութիւն։

ԳԷՈՐԳ ՂՈՒԿԱՍԵԱՆ
ՀՅԴ Բիւրոյի Հայ դատի եւ Կեդրոնական գրասենեակ
յատուկ ծրագրերի ‎պատասխանատու

aztagdaily.com

Առնչւող Յօդւածներ

Back to top button