ՄԱԿ-ը 2023 թւականին համաշխարհային առեւտրի 5 տոկոս անկում է կանխատեսում
Համաշխարհային առեւտրի ծաւալը 2023 թւականին 2022 թւականի համեմատ կը նւազի 5 տոկոսով՝ մինչեւ 30,7 տրլն. դոլար։ 2024 թւականի առեւտրի հեռանկարը գնահատւում է որպէս անորոշ՝ յոռետեսական հեռանկարով, ասւում է Միաւորւած Ազգերի կազմակերպութեան Առեւտրի եւ զարգացման համաժողովի (UNCTAD) զեկոյցում։
Այն նշում է, որ «համաշխարհային առեւտուրը բացասական աճ է գրանցել 2022 թւականի կէսերից՝ հիմնականում պայմանաւորւած ապրանքների առեւտրի զգալի անկմամբ, որը շարունակել է նւազել 2023 թւականի առաջին երեք եռամսեակներում»։ Համաձայն UNCTAD-ի՝ «2023 թւականին համաշխարհային առեւտրի ծաւալը կը կազմի մօտաւորապէս 30,7 տրիլիոն դոլար, ինչը կազմում է մօտաւորապէս 1,5 տրիլիոն դոլարի կամ 5 տոկոս նւազում՝ 2022 թւականի պատմութեան ամենաբարձր ցուցանիշից»: Ակնկալւում է, որ «ապրանքների առեւտուրը 2023 թւականին կը նւազի մօտ 2 տրիլիոն դոլարով կամ 8 տոկոսով, մինչդեռ ծառայութիւնների առեւտուրը ակնկալւում է, որ կաճի մօտ 500 միլիարդ դոլարով կամ 7 տոկոսով»:
UNCTAD-ի կանխատեսման համաձայն՝ 2023 թւականին ռուսական ապրանքների արտահանումը կը նւազի 24%-ով, իսկ ներմուծումը կաճի 10%-ով։ Ծառայութիւնների առեւտրի ոլորտում զեկոյցի հեղինակներն ակնկալում են Ռուսաստանից արտահանման 23%-ով, իսկ ներմուծմանը՝ 1%-ով նւազում։
UNCTAD-ը բացատրել է, որ 2023 թւականին համաշխարհային առեւտուրը անկում է ապրել՝ պայմանաւորւած զարգացած երկրներում պահանջարկի նւազմամբ, Արեւելեան Ասիայում թոյլ տնտեսական ցուցանիշերով եւ ապրանքների գների նւազմամբ։ Այս գործօնները միասին նպաստեցին ապրանքաշրջանառութեան զգալի անկմանը: Ի հակադրութիւն, ծառայութիւնների առեւտուրն աճել է 2023 թւականի մեծ մասում։ Առեւտրի անկումն աւելի ընդգծւած է եղել զարգացող երկրներում։
News.am