Արա Շահվերդեանը կարեւորել է Իրանի վճռականութիւնը տարանցման ոլորտը զարգացնելու հարցում
«ԱԼԻՔ» – Իրանի Իսլամական խորհրդարանում Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր Արա Շահվերդեանը ընդգծել է Իրանի առաւելագոյն վճռականութիւնն ու ճիշտ քաղաքականութիւնը տարանցման ոլորտում առկայ հնարաւրութիւններն օգտագործելու անհրաժեշտութեան առումով։
«parstoday»-ի հաւաստմամբ՝ Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր եւ Իրանի Իսլամական խորհրդարանի Շինարարական յանձնաժողովի անդամ Արա Շահվերդեանը սոցիալական ցանցում իր անձնական էջում գրել է. «Իրանի ճանապարհների ու քաղաքաշինութեան նախարար Մեհրդադ Բազրփաշի՝ Հայաստան կատարած այցի արդիւնքում դրական պայմանաւորւածութիւններ է ձեռք բերւել Հիւսիս-Հարաւ միջանցքի վերաբերեալ, ինչը ցոյց է տալիս Իրանի առաւելագոյն վճռականութիւնն ու ճիշտ քաղաքականութիւնը տարանցման ոլորտում»։
Պատգամաւորի հաւաստմամբ՝ այս ոլորտում հնարաւորութիւնները մշտական չեն, եւ չպէտք է ժամանակ կորցնել՝ պոտենցիալ կարողութիւնները իրականացնելու համար։
Հայաստան կատարած այցի ընթացքում Բազրփաշը տեղեկացրեց Հայաստանի տարածքում երկու երկրների համատեղ ճանապարհաշինական ծրագրերը աւարտին հասցնելու գործում Իրանի մասնակցութեան մասին, ասելով, որ Հայաստանում 210 միլիոն դոլար արժողութեամբ ճանապարհաշինական ծրագրերի իրականացման պայմանագիրը կնքւել է իրանական երկու ընկերութիւնների հետ։
Նա յաւելել է. «Կովկասեան տարածաշրջանում «Հիւսիս-Հարաւ» միջանցքային շղթայական օղակները աւարտին հասցնելու նպատակով ճանապարհների եւ քաղաքաշինութեան նախարարութիւնում մեր քաղաքականութեան հիմնական սկզբունքներից է բանակցութիւնը Կովկասեան տարածաշրջանի բոլոր երկրների հետ»։