Իրան
Ձերբակալւել են «Մուսադ»-ի գործակալներ

«ԱԼԻՔ» – Երկրի արեւելքում կանխւել է իսրայէլական դրոնների յարձակումը, իսկ Իրանի եւ Աֆղանստանի սահմանին «Մուսադ»-ի երեք գործակալներ են ձերբակալւել: Տեղեկացնում է «Ֆարս»-ը:
«Իրանի Իսլամական Հանրապետութեան Անվտանգութեան նախարարութեան եւ «Թալիբան»-ի համատեղ գործողութեան ընթացքում երկու երկրների միջեւ լեռնային շրջաններում ձերբակալւել են «Մուսադ»-ի երեք գործակալներ՝ Իրանի քաղաքացիութեամբ: «Մուսադ»-ի այդ երեք գործակալները ծրագրում էին Աֆղանստանի սահմանից կամիկաձէ դրոններ արձակել Իրանի թիրախների ուղղութեամբ»,-ասւած է հաղորդագրութեան մէջ:
Գործակալութիւնը նշում է, որ քննչական միջոցառումներ անցկացնելու համար ձերբակալւածները շուտով կը տեղափոխւեն Իրան: