Իրան

Նախագահ Ռէյիսիի եւ Հռոմի Ֆրանցիսկոս Պապի հեռախօսազրոյցում՝ կարեւորւել է՝ Գազայում անյապաղ զինադադարի անհրաժեշտութիւնը

«ԱԼԻՔ» – Հանրապետութեան նախագահ այաթ. Սէյէդ Էբրահիմ Ռէյիսին ընդգծելով, որ Պաղեստինի ճնշւած ժողովրդին աջակցելն աբրահամեան բոլոր կրօնների, այդ թւում՝ քրիստոնեաների ուսմունքների կիրառումն է, բարձր է գնահատել Կաթոլիկ աշխարհի հոգեւոր առաջնորդ Հռոմի Ֆրանցիսկոս Պապի դիրքորոշումը՝ Գազայում անյապաղ զինադադարի անհրաժեշտութեան վերաբերեալ։

Նախագահական գրասենեակի կայքէջի համաձայն՝ Հանրապետութեան նախագահը դիմել է Ֆրանցիսկոս Պապին, որ օգտագործելով իր հանգամանքը, սիոնիստական ռեժիմին աջակցող Արեւմտեան երկրներին կոչ անի ստիպել այդ ռեժիմին դադարեցնելու ոճրագործութիւնները Գազայի հատւածում:

Հանրապետութեան նախագահ Սէյէդ Էբրահիմ Ռէյիսին երէկ` երեկոյեան Հռոմի Ֆրանցիսկոս Պապի հետ հեռախօսազրոյցի ընթացքում, սիոնիստական օկուպանտ ռեժիմի սարսափելի եւ աննախընթաց ոճրագործութիւնները, որի հետեւանքով նահատկւել են մօտաւորապէս տասը հազար խաղաղ բնակիչներ, այդ թւում 4000 երեխաներ եւ 2500 կանայք, որակել է դարի ամենամեծ ցեղասպանութիւնը եւ ընդգծել է. «Այս ռեժիմին աջակցողներն ի՞նչ պատասխան են կարող տալ միջազգային հանրութեանը, նման ցնցիչ ոճրագործութիւնների համար»:

Հեռախօսազրոյցի ընթացքում Հանրապետութեան նախագահը նշելով, որ այսօր Իրանում բոլոր քրիստոնեաները ազատօրէն իրականացնում են իրենց կրօնական արարողութիւնները եւ վայելում քաղաքացիական իրաւունքները նշել է. «Այսօր ոչ միայն Իրանի քրիստոնեաները, այլեւ տարածաշրջանի քրիստոնեաները, լինեն նրանք՝ Հայաստանում, Իրաքում կամ Սիրիայում, Իրանի Իսլամական Հանրապետութիւնը համարում են իրենց ապաստանը, եւ մենք պաշտպանում ենք ոչ միայն մուսուլման ժողովուրդների, այլեւ քրիստոնեաների իրաւունքները»։

Հեռախօսազրոյցի ընթացքում, Հռոմի Ֆրանցիսկոս Պապը գնահատելով դոկտ. Ռէյիսիի դիրքորոշումները Պաղեստինի իրաւազրկւած ժողովրդին աջակցելու հարցով, ընդգծել է Գազայի վրայ յարձակումները կասեցնելու եւ այդ տարածքում հրադադարի հաստատման համար ջանքերի անհրաժեշտութիւնը, եւ յստակեցրել է. «Որպէս Կաթոլիկ աշխարհի հոգեւոր առաջնորդ չեմ խնայելու իմ ջանքը այս յարձակումները կասեցնելու եւ Գազայում կանանց ու երեխաների առաւել զոհւելը կանխելու համար»:

Related Articles

Back to top button