Իրանում ՀԱՅՖԵՍՏ-ի ներկայացուցիչը տեղեկացնում է. Հայաստանը երկու առանձին թատրոններով է մասնակցում 43-րդ «Ֆաջր» թատերական միջազգային փառատօնին
«ԱԼԻՔ» – Վանաձորի «Յովհաննէս Աբէլեան»-ի անւան պետական դրամատիկական թատրոնը «Ֆաջր» միջազգային 23-րդ փառատօնի շրջանակում բեմ դուս կը գայ Կարինէ Խոդիկեանի «Մէկ ժամ յիշողութիւն» դրամայով: Ներկայացումը տեղի կունենայ երեքշաբթի՝ յունւարի 28-ին, ժամը 16-ի եւ 18-ի սէանսներին՝ «Սանգելաջ» թատերական դահլիճում: «Մէկ ժամ յիշողութիւն» ներկայացման բեմադրութիւնը՝ ՀՀ ժողովրդական արտիստ Վահէ Շահվերդեանին է:
Նոյն կապակցութեամբ իրանահայ թատերական գործիչ եւ բեմադրիչ Ալբերտ Բեգջանեանն «ԱԼԻՔ»-ին յայտնեց, որ Հայաստանից Թեհրան է ժամանել նաեւ «Երեւանի Մնջախաղի պետական թատրոն»-ը, գլխաւրութեամբ՝ Ժիրայր Դադասեանի: ԵՄՊԹ-ն Թեհրանում բեմականացնելու է «Արդաղիոն» ներկայացումը: «Արդաղիոն»-ը բեմում կը լինի ուրբաթ՝ յունւարի 24-ին, մայրաքաղաքի «Իրանշահր» համալիրի «Սամանդարիան» թատերասրահում:
«Այսօր Թեհրան կը ժամանի նաեւ Թուրքիան ներկայացնող Միհրան Թովմասեանը: Միհրանը եւս բեմ դուրս կը գայ վաղը՝ յունւարի 24-ին, «Թէաթրէ շահր»-ի «Չարսու» դահլիճում՝ «Ինչեր ենք կրում մեզ հետ» ներկայացմամբ»,- յաւելեց իրանահայ տիկնիկային թատրոնի ռեժիսորը:
Ալբերտ Բեգջանեանը յիշեցնելով, որ խմբերի հետ Թեհրան է ժամանել նաեւ Հայաստանի մէկ այլ թատերական գործիչ՝ Հայաստանի ԻՒՆԻՄԱ-ի նախագահ Աղասի Մելքոմեանը, յաւելեց, որ «Ֆաջր»-ը յատկապէս յայտնի է իր արտասահմանեան հիւրերի մասնակցութեամբ եւ կարեւորեց այն փաստը, որ այս տարի մասնկացող խմբերից՝ չորսը փառատօնին ներկայ են իր հրաւէրով (Հայաստանից եւ Ռուսաստանից), իսկ միւս խումբը, որը ներկայացնելու է Թուրքիան (Պորտուգալացի բեմադրիչի համագործակցութեամբ), դարձեալ Ալբերտի մօտ ընկերներից են՝ պոլսահայ արտիստ Միհրան Թովմասեանի գլխաւորութեամբ:
Յիշեցնենք, որ Միհրանը եւս երկու շրջան ներկայ է եղել «Ֆաջր»-ում: Նա «Բոբիկներ» իր թատրոնով ներկայացումներ է բեմադրել նաեւ Թեհրանի Հայ Համալսարանականների Ընդհանուր եւ Նոր Ջուղայի Հայ մարզա-մշակութային «Արարատ» միութիւններում:
Տեղեկացանք նաեւ, որ Իրանում ՀԱՅՖԵՍՏ փառատօնի (Հայաստանի դերասանների միութեան (ՀԿ) նախաձեռնութիւնն է) պաշտօնական ներկայացուցիչ Ալբերտ Բեգջանեանը վերջերս սրտանօթային թեթեւ վիրահատութիւն է տարել: Այժմ, իր խօսքով՝ գտնւում է «աշխատանքային լաւ մարզավիճակում»: «ԱԼԻՔ»-ը իրանահայ սիրելի ռեժիսորին մաղթում է առողջութիւն եւ արդիւնաւէտ ստեղծագործական ճանապարհ: