«ԱԼԻՔ» – Թեհրանի Առեւտրի պալատի արդիւնաբերութեան եւ հանքարդիւնաբերութեան յանձնաժողովի նախագահ Հերւիկ Եարիջանեանը՝ ֆինանսների նախարարի ու «պալատի» տնօրէնների խորհրդի ղեկավարների հետ հանդիպմանն անդրադառնալով արտարժոյթի տեղաբաշխման գործընթացի յանկարծակի փոփոխութիւններին եւ ոլորտի անորոշութեան մատնւած գործարարների փաստին, քննադատել է արտադրական եւ արդիւնաբերութեան ոլորտների վարկաւորման ու բանկային համակարգի չաջակցող վերաբերմունքը:
Ֆինանսների նախարարի Աբդօլնասեր Հեմմաթիի եւ Կենտրոնական բանկի, կենտրոնական ապահովագրութեան, մաքսային, հարկային կազմակերպութիւնների, ֆոնդային բուրսայի ղեկավարների, էկոնոմիկայի նախարարութեանը ենթակայ կազմակերպութիւնների ու նախարարութեան տեղակալների մասնակցութեամբ ծաւալւած քննարկումների ընթացքում իրանահայ գործարարն անդրադարձել է արժոյթի բաշխման քաղաքականութեան յանկարծակի փոփոխութիւններին, ներառեալ արժոյթի յատկացումների ու տեղաբաշխման կանոնակարգում իրականացւած փոփոխութիւնները, կամ «Նիմա»-ի արժոյթային առիթի չեղարկումը բոլոր ներմուծումների դէպքում:
Նա նշել է. «Սակագնային ծածկագրերի փոփոխութեան հետեւանքով արժոյթների տեղաբաշխումն ուղղւել էր դէպի ոսկու բուրսա կամ շուկայ: Իսկ նոյն կապակցութեամբ բուրսան յայտարարել է, որ նման յանկարծակի շրջադարձը ներդրողներին կանգնեցրել է լուրջ խնդիրների առաջ, քանի որ գործող բանկերի եւ արժոյթի փոխանակման կենտրոնների միջեւ չկայ համակարգւած փոխգործակցութիւն»:
Թեհրանի Առեւտրի պալատի հասարակայնութեան հետ կապերի հրապարակած տեսանիւթի համաձայն՝ Հերւիկ Եարիջանեանը խօսել է նաեւ բանկային համակարգում անհրաժեշտ վերապատրաստման բացերի շուրջ, որոնք արտարժոյթի տեղաբաշխման նոր կանոնակարգերի ընդունման եւ իրականացման հետ եւս յաճախ խնդիրների առաջ են կանգնում, ինչն անվստահութիւն է փոխանցել նաեւ տնտեսական դաշտին:
Եարիջանեանը քննադատել է նաեւ «արդիւնաբերութեան ոլորտին յատկացւող երեքամեայ վարկերի տրամադրման» հնարաւորութիւնը դադարեցնելու փաստը՝ նշելով, որ տեխնիկայի ու հաստոցների վերանորոգման կամ նորացման եռամեայ այդ վարկը մոռացւելու կողքին՝ հումքի մատակարարման վարկը եւս մնում է թղթի վրայ է եւ չի յատկացւում ոլորտին: