Իրանն ու Հայաստանը կը հեշտացնեն վարորդների մուտքը՝ միմեանց երկիր
Իրանահայ անւանի աւտոարշաւորդ Արամ Մարտիրոսեան. «Համաձայնագիրը ենթադրում է անցակէտային աւտո-մաքսավճարների, ժամանակի, եւ ապահովագրութեան գների կտրուկ պակսեցում»
«ԱԼԻՔ» – Վերջերս Հայաստանի եւ Իրանի Իսլամական Հանրապետութեան միջեւ փոխըմբռնման յուշագիր ստորագրւեց մաքսակէտերից Քարնէի ձեւաչափով աւտոմեքենաների երթեւեկութեան վերաբերեալ:
Համաձայնագիրը, որն ստորագրւել է ԻԻՀ զբօսաշրջութեան եւ աւտոմոբիլային մրցարշաւների կազմակերպութեան գործադիր տնօրէն դոկտ. Սուֆիի եւ Հայաստանի աւտոմոբիլային ֆեդերացիայի նախագահ Արսէն Մանուկեանի կողմից, ենթադրւում է Քարնէի ձեւաչափով աւտոմեքենաների եւ բեռնատարների երթեւկութեան անարգել պայմաններ սահմանային անցակէտերում:
Նոյն կապակցութեամբ Արամ Մարտիրոսեանն «ԱԼԻՔ»-ին յայտնեց, որ փոխըմբռնման յուշագիրը նպատակ ունի դիւրացնել աւտոմեքենաների ժամանակաւոր մուտքը երկու երկրների միջեւ՝ օգտագործելով Համաշխարհային Քարնէ համակարգը:
Անւանի աւտոարշաւորդ Արամ Մարտիրոսեանը հաստատեց այն տեղեկատւութիւնը, որ համաձայնագրի համաձայն Քարնէով այսուհետեւ աւտոմեքենաները ստիպւած չեն լինելու ենթարկւել մաքսային ձեւակերպումների, ինչը ծախսւող ժամանակի եւ, յատկապէս, վճարումների առումով դիւրին է դարձնելու երկու երկրների միջազգային սահմաններից աւտոմեքենաների դուրսբերման ընթացակարգը:
«Ժամանակին (մինչեւ յուշագրի համաձայնագրի տեսք ստանալը-խմբ.) անցակէտը հատող մեքենան ենթարկւում էր տարբեր մաքսային եւ թղթաբանութիւնների, ինչի բերումով անձը իրանական կողմում արդէն մի անգամ կատարած վճարումները ստիպւած կրկնում էր հայկական կողմում: Դա քափութաժի սահմանումների արդիւնքում էր: Իսկ Քարնէի դէպքում աւտոմեքենան ազատւած է լինելու այդօրինակ վճարումներից, չնայած բացառութիւն են կազմելու մուտք գործած երկրի ճանապարհային ոստիկանութեան կամ շրջակայ միջավայրի սահմանած վճարումները»:
Carnet de Passages-ով գրանցումը ոչ միայն քափութաժի (Cabotage) համեմատ ցածր գներով է կատարւում, այլեւ կարող է վարորդի պահանջով ամրագրւած լինի մէկ տարում՝ 5,10,15 եւ 25 անգամ սահմանահատման իրաւունքով, որի համապատասխան տրամադրւում է կտրօն, որոնք ներառում են մեքենաների ապահովագրման եւ ճանապարհային աւտոսպասարկման կէտեր: Քարնէով վարորդն ազատւած է լինելու նաեւ (մինչ օրս իրականացւած) մաքսակէտային հաշւարկներով վճարումներից, չնայած բացառութիւն է կազմում հիւրընկալ երկրի ճանապարհային ոստիկանութեան կամ շրջակայ միջավայրի սահմանած սակը»,- նշում է յուշագրի ստորագրման արարողութեանը որպէս՝ երկու երկրների կողմից վստահւած անձ ներկայ պրն. Մարտիրոսեանը:
Արամ Մարտիրոսեանի հետ մեր զրոյցը տես թերթիս առաջիկայ համարներից մէկում: