Խաչվերաց
Խաչվերացը Հայ Եկեղեցու հինգ տաղաւար տօներից վերջինն է:
Այն Խաչին նւիրւած տօներից ամենակարեւորն է, որովհետեւ նւիրւած է գերութիւնից խաչի վերադարձի եւ փառաբանութեան յիշատակին: Հայաստանեայց Եկեղեցում Խաչվերացը տօնում են սեպտեմբերի 11-17-ն ընկած ժամանակահատւածում հանդիպող կիրակի օրը:
Սուրբ Խաչը տօնւում է ի յիշատակ Տիրոջ խաչափայտի` պարսկական գերութիւնից Երուսաղէմ վերադարձի եւ Գողգոթայում կանգնեցման (վերացման):
Այստեղից էլ տօնը կոչւում է Խաչվերաց:
Սուրբ խաչի գիւտից յետոյ Հեղինէ թագուհին սուրբ Կոստանդիանոս կայսեր հրամանով Գողգոթայի վրայ կառուցեց «Սուրբ յարութեան» տաճարը եւ այնտեղ կանգնեցրեց Տիրոջ խաչափայտը:
Ապա նաեւ Բեթղեհէմում եւ այլ տնօրինական վայրերում տաճարներ եւ մատուռներ կառուցեց:
Թագուհին հրամայեց մեծ հանդիսաւորութեամբ 8 օր տօնել սուրբ տաճարների նաւակատիքը:
Այդ օրւանից կարգ սահմանւեց ամէն տարի՝ սեպտեմբերի 13-ին տօնել Խաչի նաւակատիքը եւ Եկեղեցու տօնը, իսկ սեպտեմբերի 14-ին՝ Խաչի տօնը:
Այդ օրը Յակոբոս Տեառնեղբօր օրինակով քահանայապետը բարձրացնում էր Տիրոջ խաչափայտը հաւատացեալների պահպանութեան համար, այդ պատճառով էլ տօնը կոչւեց «Խաչվերաց»:
Խաչվերացի տօնն իր վերջնական հաստատումը ստացաւ հետագայում, երբ իր հզօրութեան գագաթնակէտին հասած Պարսկաստանի Խոսրով Ամբարիշտ թագաւորը 610 թւականին կամենում էր իրեն հպատակեցնել Հերակլ կայսերը եւ նամակով նրան առաջարկում է գալ, ընդունել իր գերազանցութիւնը եւ պաշտել իրեն: Նա, մեծ զօրք տալով իր Խոռեմ զօրավարին, նրան ուղարկեց յունաց աշխարհ, եւ վերջինս սկսեց աւերել ու մեծ աւար վերցնել պաղեստինցիների աշխարհից:
Խոռեմ զօրավարը 614 թւականին, տասնինն օր շարունակ պաշարելով քաղաքը եւ փորելով քաղաքի հիմքերը, այն գրաւեց: Երբ պարսից զօրքը մտաւ քաղաք, սրի քաշւեց ողջ բնակչութիւնը: Կոտորւեց 57000 մարդ եւ գերի վերցւեց 35000 մարդ: Նրանց թւում գերեվարւեց նաեւ Զաքարիա հայրապետը:
Ապա պարսիկները մտան Սուրբ Յարութեան տաճարը, բռնագրաւեցին Աստւածընկալ Սուրբ Խաչը եւ տաճարի ոսկեայ ու արծաթեայ սպասքները, իսկ քաղաքն այրեցին:
Յետոյ զօրավարը գերիներին հրամայեց քաղաքը վերստին կառուցել եւ բոլոր հրեաներին արտաքսել, իսկ ինքը պատւական Խաչը տարաւ Պարսկաստան:
Երբ զօրքը մօտենում էր թագաւորանիստ քաղաքին, Խոսրով թագաւորն ընդառաջ ելաւ՝ դիմաւորելու Տէրունական Խաչին, որից Քրիստոսի Խաչն ակամայ փառաւորւեց: Երբ Քրիստոսի Խաչն այդպիսի պատւով մտաւ քաղաք, պարսից թագաւորն այն մեծ պատւով պահեց իր գանձարանում եւ Խաչի առջեւ մի անշէջ կանթեղ էր մշտապէս պահում:
Քրիստոնեաները, զրկւելով իրենց սրբութիւնից, յայտնւեցին այնպիսի անմխիթար վիճակում, ինչպէս ժամանակին յայտնւել էին հրեաները, երբ փղշտացիները գերեվարել էին Աստծոյ Ուխտի տապանակը: Սակայն Տիրոջ խաչը, յայտնւելով Պարսկաստանում, մեծ փառքի արժանացաւ, ինչպէս եւ Տապանակն Ազոտոսում (տե՛ս Ա Թագ. Ե): Տեղաբնակները Տիրոջ խաչին վերաբերում էին մեծ երկիւղածութեամբ եւ ասում, որ քրիստոնեաների Աստւածն է իրենց մօտ եկել: Դրանից նրանց սրտերն այնպիսի ահով էին տոգորւում, որ հեթանոս լինելով հանդերձ՝ չէին համարձակւում վնասել խաչափայտը, եւ նոյնիսկ վրան եղած թանկարժէք զարդերին չէին դիպչում: Շատերն էլ այդ ահից դիմում էին տեղաբնակ քրիստոնեաներին եւ նրանցից լսելով Աւետարանի խօսքը, քրիստոնէութիւն ընդունում:
Այնուհետեւ Հերակլ կայսրն օգնութեան կանչեց ճենաց Խական թագաւորին: Հերակլին իր ռազմական օժանդակութիւնն էր բերում նաեւ հայկական կողմը՝ զօրավար Մժեժ Գնունու գլխաւորութեամբ, ում միացան նաեւ պարսկահպատակ հայերը:
Սակայն Խոսրով թագաւորի հզօր բանակի ճնշման տակ ճենաց թագաւորն անցաւ Խոսրովի կողմը, եւ Հերակլ կայսրը մեծ պարտութիւն կրեց: Այդ պարտութիւնից յետոյ նա քուրձ հագաւ, հանեց իր թագն ու թագաւորական ծիրանին եւ մոխրի վրայ ընկնելով՝ երեք օր շարունակ աղօթեց՝ բարեխօս ունենալով Մարիամ Աստւածածնին:
Չորրորդ օրը նա ստացաւ աղօթքի պտուղը. տեսիլքով նրան յայտնւեց, որ պէտք է յաղթի այդ պատերազմում:
Եւ իսկապէս, ճակատամարտում Հերակլը յաղթեց, Խոսրովը սպանւեց, իսկ նրա բանակի մնացորդը փախաւ:
Հերակլ կայսրը մեծ զօրքով գալիս է արեւելք եւ պահանջում Սուրբ Խաչը, որն անմիջապէս տրւում է:
Սկզբում Սուրբ Խաչը Պարսկաստանից հանդիսաւոր թափորով փոխադրւում է հայոց Կարին քաղաքը, ապա այնտեղից՝ Կոստանդնուպոլիս եւ յետոյ՝ Երուսաղէմ: Խաչափայտն աննկարագրելիօրէն մխիթարում ու ոգեւորում է բարեպաշտ հաւատացեալներին: Գերեդարձութեան ճանապարհին Խաչը գրեթէ ամէն տեղ բարձրացւում է եւ ամենուր ցնծութիւն առաջացնում, որը կարծես վերապրումն էր Քրիստոսի Յարութեան: Այդ դէպքերն էլ պատճառ դարձան «Խաչվերացի» տօնի հաստատման համար:
Խաչվերացի տօնը կատարւում է մեծ հանդէսով: Երեկոյեան մի ափսէի վրայ բազմեցնում են Կենաց փայտի մասունք պարունակող խաչը, այն զարդարում ռեհանով ու բազմերանգ ծաղիկներով եւ վրան վարդաջուր ցողում:
Ապա խաչը թափորով բերում են եկեղեցու գաւիթ եւ դրանով տեառնագրում աշխարհի չորս կողմերը: Այդ օրն ուրախանում է երկինքը, ցնծում երկիրը եւ պայծառանում մայր Եկեղեցին, քանզի քառաթեւ վայելչական պսակով զարդարեց իր գլուխը, որը սրսկւած է Աստծոյ Որդու Արեամբ: Աստւածային նշանը՝ տիեզերքի փրկագործ ու աշխարհակեցուցիչ Խաչը, կանգնեց տիեզերքի մէջ, ցոլացած բարձրացաւ Սուրբ Գողգոթայի վրայ, արփիափայլ ճառագայթներով փայլեց Երուսաղէմում, աւելի պայծառ, քան արեգակը, եւ տարածելով բոցաճաճանչ ճառագայթափայլ հրանիւթ թեւերը՝ լցրեց տիեզերքի բոլոր ոլորտներն՝ իր ամենայաղթ ու պահապան զօրութեամբ ծածկելով բոլոր հեթանոսներին:
Խաչի չորս թեւերը միմեանցից տարբեր ուղղութիւններով են ներգործում:
Խաչի ներքեւի պատւանդանն աւերում է դժոխքը, վերեւի գլուխը Դրախտի դուռն է բացում, աջ թեւը մարդկային ցեղին շնորհներ է բաշխում, իսկ ձախը՝ սաստում եւ պատուհասում դեւերին:
Մարգարէները խաչը «հեռւից» քարոզեցին, եւ երջանիկ առաքեալները խաչով երեւացին ահաւոր դեւերին:
Սուրբ վկաները խաչով յաղթեցին անօրէն բռնաւորներին, եւ անապատաբնակները խաչով կրօնաւորելով պահպանւեցին: Սուրբ եւ պարկեշտ կոյսերը խաչով են զգաստանում, եւ քահանաները խաչով են կարգը կատարում:
Ժողովրդական աւանդոյթի մէջ Խաչվերացը կամ «Սըրբխեչը» աշնան սկիզբը խորհրդանշող ուրախ տօն է:
Տօնի նախօրէին` շաբաթ օրը կանայք խմորեղէն են պատրաստում, տղամարդիկ` ուլ մորթում ու գորովի պատրաստում:
Ժողովրդական աւանդութեան համաձայն ուլի միսը եւ ձաւարով փլաւն այդ օրւայ առանձնայատուկ ուտելիքներն են, առանց որոնց տօնը լիարժէք չի կարող լինել:
Շատ տեղեր Խաչվերացը` «Սըրբխեչը» ընկալում են որպէս աշնանամուտ:
Ինչպէս ասում էին քեսապցիները`«Խաչ, վերմակը առ, ներս փախիր»,- այսինքն` բացօթեայ գիշերողներն այլեւս տանն են գիշերում:
Խաչվերացի յաջորդ օրը Մեռելոց է:
Այդ օրը եկեղեցիներում մատուցւում է Ս. Պատարագ, կատարւում է հոգեհանգստեան կարգ, որից յետոյ այցելում են հանգուցեալների շիրիմներին:
Նիւթը տրամադրել է Տէր Վրթանէս քհնյ. Բաբախանեան