
Թւականիս ապրիլի 15-ին Թեհրանի Ս. Սարգիս եկեղեցում թաղման կրօնական արարողութիւնը կատարւեց նահատակ զինւոր Գագիկ Թումանեանի մօր՝ Յասմիկ Միրզայեան Յարութիւնեան (Թումանեան)-ի: Հանգուցեալի թաղման կրօնական արարողութիւնը կատարեց եւ արտայայտւեց Թ. Հ. Թ. առաջնորդ Տ. Սեպուհ արք. Սարգսեանի օգնական Տ. Առաքել աբղ. Գատեհճեանը, իսկ կրօնական արարողութեան աւարտին եկեղեցու բակում արտայայտւեցին Իրանի Իսլամական խորհրդարանում Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր Արա Շահվերդեանը, Թեհրանի նահատակների եւ ազատամարտիկների հիմնադրամի պատգամը ընթերցեց Իրան-Իրաք ութամեայ պարտադրեալ պատերազմի հայ անձնուրացների արժէքների պահպանման յանձնախմբի ատենապետ Արտուշ Իսկանդարեանը, իսկ հանգուցեալի հարսը՝ Արմենուշ Առաքելեանը ընթերցեց Յասմիկ Յարութիւնեանի կենսագրական տւեալները, որը ներկայացնում ենք ստորեւ:
Արարողութեանը ներկայ էին՝ պետական, զինւորական ներկայացուցիչներ եւ ազգային մարմինների ու միութիւնների ներկայացուցիչներ:
Սիրելի սգակիր հարազատներ, բարեկաﬓեր եւ ընկերներ,
Տխուր է եւ ցաւագին՝ հետեւել թաղման արարողութեան։ Իսկ հարազատի կորուստը միշտ էլ դժւար փորձութիւն է, անﬗիթար։
Բոլորս, հաւաքւել ենք այսօր վերջին հրաժեշտը տալու մեր սիրելի Յասմիկ Թումանեանին, եւ՝ յարգելու նրա ապրած կեանքն ու վաստակը։
Հինգշաբթի, Ապրիլի 10-ի կէսօրից յետոյ, Թեհրանի «Եաս» հիւանդանոցում, քանի օր մաքառումից յետոյ, հանգիստ եւ փափուկ, առանց երկար չարչարանքի, նա հրաժեշտ տւեց կեանքին, պատկառելի տարիքում։
Ապրեց մօտ 102 տարի.- նւիրումով ապրած լեցուն տարիներ։
Երիտասարդ տարիքից, ազգային ոգով տոգորւած, նա նւիրւեց թեհրանահայ համայնքի ազգային-հասարակական կեանքին, եւ հետագային, այդ շունչն ու ոգին փոխանցեց նաեւ իր զաւակներին։
Եղաւ Հայ մշակութային «Արարատ» կազմակերպութեան հիմնադիր անդաﬓերից մէկը, եւ ինչպէս «Արարատ»-ի մէկ այլ հիմնադիր անդամ, հանգուցեալ Վարդգէս Տ. Յարութիւնեանը գրել է իր մէկ յօդւածում՝ «Յասմիկ Յարութիւնեանը (Թումանեան) մեր նորակազմ միութեան ջահակիր, առաջին աղջիկն էր, որին պէտք է անւանել՝ միութեան առաջին ծիծեռնակը»… (յօդւածը տպւել է Հայաստանի Գրողների միութեան «Նոր-Դար» համահայկական հանդէսի 2004 թւի 4-րդ համարում։)
Հ. Մ. «Արարատ» կազմակերպութիւնը յատուկ նշանակութիւն եւ արժէք ունէր նրա համար՝ որպէս պատանի երիտասարդ սերունդների համախմբման, հայեցի դաստիարակութեան, եւ ազգային արժէքների պահպանման ապահով մի միջավայր։
Միշտ քաջալերում էր իր շրջապատին անդամակցելու եւ մասնակցելու Արարատի աշխատանքներին, յատկապէս սկաուտական միութեանը։
Աւելի առաջացած տարիքում, նա անդամակցում էր նաեւ Հայ Կանանց Բարեգործական ընկերութեանը։
Ինքս, անձամբ ճանաչել եւ յարգել եմ տկն. Յասմիկին իբր ﬔղմ բարքով, ազնիւ, հոգատար, ու ընտանիքին նւիրւած կին ու լաւ մայր, ով սիրում էր կեանքը, սիրում էր մարդկանց, հետաքրքրասէր էր, հիւրասէր եւ շատ խելացի։
Նրբանկատ զրուցակից էր. յարգում էր բոլորին ու յարգւած էր բոլորի կողմից։
Նա հպարտանում էր իր զաւակներով, իր թոռնիկով, ծոռնիկով, իր անմիջական հարազատներով ու նրանց յաջողութիւններով։ Իսկ սեփական երկրի ու ժողովրդի ներկան անընդհատ մտահոգում էր նրան։
Կեանքը նրան սովորեցրել էր լինել ուժեղ եւ ﬓալ արժանապատիւ՝ չնայած բազում դժւարութիւններին ու դժբախտութիւններին:
Ինչպէս ասում են՝ կեանքը սնւում է սիրով, եւ ուժ է առնում մեր ապրելու ցանկութիւնից։
Ապրելու ցանկութիւնը ուժեղ էր տկն. Յասմիկի մօտ։
Տկն. Յասմիկը երբեք չէր տրտնջում, չէր դժգոհում, ընդհակառակը երախտապարտ էր իր ունեցածով։
Յասմիկ Միրզայեան Յարութիւնեանը ծնւել է 1923 թւի օգոստոսի 15-ին, Թաւրիզում՝ բարեկիրթ հայ ընտանիքում, եւ հինգ քոյրերից՝ 3-րդն էր ինքը։
Նախնական կրթութիւնը ստացել է ծննդավայրում, ապա պատանի տարիքում ընտանիքով փոխադրւել են Թեհրան, ուր եւ ապրել է մինչեւ կեանքի վերջը։
1946 թւին, ամուսնացել է Սարգիս (Սերոժ) Թումանեանի հետ եւ բախտաւորւել երեք զաւակներով՝ Էդիկ, Անուշ եւ Գագիկ Թումանեաններ։
Սակայն կեանքը ահաւոր դաժան խաղ խաղաց նրա հետ.
1987 թւի օգոստոսի 15-ին, Իրան-Իրաք պատերազմում նահատակւեց կրտսեր որդին՝ Գագիկը, հազիւ 27 տարեկանում, խորը սուգի մատնելով ոչ միայն ընտանիքին, այլ ամբողջ հայ համայնքին …
Անժամանակ այդ կորուստի թախիծն ու վիշտը դեռ չամոքւած, ճիշտ մէկ տարի անց, 1988 թւի օգոստոսի 14-ին, Մաշհադ-Թեհրան ճանապարհին ﬔքենայի վթարի զոհ դարձաւ աւագ որդին՝ Էդիկը…
Վիթխարի սիրտ եւ ﬔծ քաջութիւն էր պէտք դիմանալու այդ անասելի ցաւերին։
Երկու որդի կորցրած տկն. Յասմիկը լուռ ողբաց, բայց չթուլացաւ, չխեղճացաւ, ﬓաց՝ ուժեղ ու տոկուն։
Աննման էր նրա քաջութիւնը։ Ինքն էլ սիրում ու յարգում էր քաջերին։
1994 թւի մայիսի 11-ին նա կորցրեց նաեւ ամուսնուն։
Նրա կողքում աննկուն ﬓաց Անուշիկը, ով եղաւ ե՛ւ դուստր, ե՛ւ որդի, ե՛ւ ողջ կեանքի ընկեր, եւ մինչեւ վերջ, աﬔնայն սիրով ու նւիրւածութեամբ, ինքնամոռաց փարւեց իր նոսրացած ընտանիքին։
Ճիշտ է, մահւան պատճառով ընտանիքը չի կործանւում, բայց փոխակերպւում է, եւ նրա մի մասը դառնում է անտեսանելի։ Հարազատի բացակայութիւնը դառնում է զուսպ ներկայութիւն:
Եւ այսպէս, «Նահատակ զինւորի մայր» կոչումը դարձաւ մի տեսակ սփոփանք եւ պարծանք տկն. Յասմիկի համար։
Թերեւս հանդերձեալ կեանքում, նրանց հոգիները կը միանան իրար։
Յաւերժ հանգստութիւն, լոյս եւ խաղաղութիւն հոգուդ՝ սիրելի տկն. Յասմիկ:
Յիշատակդ միշտ անթառամ եւ պայծառ պիտի ﬓայ մեր բոլորի սրտերում:
ԱՐՄԵՆՈՒՇ ԱՌԱՔԵԼԵԱՆ
Ապրիլի 15, 2025 թ.
Թեհրան