
Հայ ժողովրդի համազգային միասնականութեան ամենավառ արգասիքն է հայոց տօների տօնը՝ Մայիսի 28-ը, որը վեց դարեայ գերութիւնից յետոյ Հայաստանում հիմքը դրեց ազատ, անկախ Հայաստանի հանրապետութեան:
Այդ միասնականութեան ոգով տոգորւած, այս տարի Թեհրանի հայկական համայնքում Մայիսեան յաղթանակի 107-ամեակի տօնակատարութիւնը իրականացւեց միասնական ու համատեղ ջանքերով: Քոյր միութիւնների համագործակցութեամբ բանախօսական – գեղարւեստական յայտագրով յագեցած միջոցառումը տեղի ունեցաւ մայիսի 28-ի երեկոյեան՝ Հ. Մ. «Սիփան» միութեան «Նորայր Էլսայեան» մարզադահլիճում:
107-ամեակի համատեղ ծրագրին իրենց մասնակցութիւնն էին բերել՝ Հ. Մ. «Արարատ» կազմակերպութիւնը, Հ. Մ. Մ. «Նայիրի» միութիւնը, Հ. Մ. «Սարդարապատ» միութիւնը, Հ. ՈՒՍ. «Չհամրմահալ» միութիւնը, Իրանի հայ Արհեստաւորների միութիւնը եւ Հ. Մ. «Սիփան» միութիւնը:
Իրանի եւ Հայաստանի պետական օրհներգերով մեկնարկած ծրագրի սկզբում պատկերասփռւեց փաստավաւերագրական ֆիլմ, որից յետոյ կազմակերպիչ յանձնախմբի կողմից Քարմէն Չհարմահալեանը ամբիոնի մօտ հրաւիրեց օրւայ բանախօս՝ Իրանի Իսլամական խորհրդարանում Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան նախկին շրջանների պատգամաւոր, պատմական գիտութիւնների դոկտ. Կարէն Խանլարեանին:
Բանախօսը իր ելոյթի սկզբում համապարփակ գծերով ներկայացրեց հայ ժողովրդի ազգային ազատագրական պայքարի հիմքերը եւ ընդգծեց. «Հայաստանի վերջին դինաստիան՝ Բագրատունեաց թագաւորութիւնը տապալւեց 1045թւականին։ Իսկ Կիլիկեան Հայաստանի վերջին դինաստիան՝ Լուսինեանների թագաւորութիւնը՝ 1375 թւականին ։
Հայաստանի վերանկախացման Առաջին փորձերը տեղի են ունեցել Հայ առաքելական եկեղեցու միաբանների միջոցով՝ Ստեփանոս Սալմաստեցի կաթողիկոսի օրով, 1548 թւականին: Այնուհետեւ Միքայէլ կաթողիկոսի (1562թ.) եւ Յակովբ Ջուղայեցի կաթողիկոսի (1678թ.), որոնցից յետոյ գալիս են Իսրայէլ Օրիի, Դաւիթ Բէգի, Յովսէփ արքեպիսկոպոս Արղութեանի, Ներսէս Վարժապետեանի, Արմէնականութեան, Հնչակեանների եւ, վերջապէս Դաշնակցութեան փորձերն այդ ուղղութեամբ: Սրանց բոլորի մղած պայքարները եղել են տարբեր, սակայն նպատակը մնացել է միշտ նոյնը՝ օտար լծից հայ ժողովրդի ազատագրումը եւ Հայաստանի անկախութիւնը:
370 ամեայ այս բոլոր ջանքերն ու մաքառումները ի վերջոյ արդիւնաւորւեցին 1918թ. մայիսի 28-ին, երբ յայտարարւեց Հայաստանի Հանրապետութեան Անկախութիւնը»։Բանախօսը իր ելոյթի այլ բաժնում նշեց.« Չեմ ցանկանում խորոնալ պատմական անցքերում, քանզի գիտեմ, որ մեր Իրանահայ պատւական համայնքը լաւապէս իրազեկւած է 1918թ. Մայիսի 28-ի ակտին եւ սխրանքին, Արամ Մանուկեանի ղեկավարութեամբ, եւ Նազարբէգեանի, Սիլիկեանի, Դրոյի ու Նժդեհի գլխաւորութեամբ անկախութեան համար մղւած հերոսական պայքարներին՝ Սարդարապատում, Բաշ-Ապարանում եւ Ղարա-Քիլիսայում։
Վերյիշենք միայն երջանկայիշատակ Վազգէն Առաջին Կաթողիկոսի փայլուն մտքերը, որոնք հնչել են Խորհրդային Միութեան օրերին, տակաւին 1960-ականներին. «Արիւնաքամ ժողովուրդի մեր զաւակները մէկտեղւեցան, բռունցքի մը վերածւեցան անխորտակելի եւ ստեղծեցին, կոթողեցին հայոց պատմութեան երկրորդ Աւարայրը` Սարդարապատի ճակատամարտը: Հայ ժողովուրդը փրկւեցաւ ստոյգ մահէ «իւր քաջ որդւոց սուրբ արիւնով»: Գիտէք` այսպիսով հռչակւեցաւ Հայաստանի Հանրապետութիւնը մայիս 28-ին։ Չենք կարող չյիշել մեր ազգի նահատակութիւնը` 1915-ի սեւ թւականը, եւ ապա, երեք տարի անց, հրաշքի համազօր նրա նոր կեանքի լուսաբացը` մայիսեան Սարդարապատով եւ Հայաստանի Հանրապետութեան կազմաւորումով»:
Բանախօսը անդրադառնալով Հայաստանի առաջին Հանրապետութեան փլուզման պատճառներին ընդգծեց.« Եզրակացնենք հենց սկզբից, որ Հայաստանի առաջին հանրապետութիւնը փլուզւեց գերազանցապէս արտաքին ուժերի ուղղակի եւ անուղղակի դերակատարութեամբ ու մեղսակցութեամբ»։
Իր ելոյթի այլ բաժնում դոտկ.Խանլարեանը անդրադառնալով Հայաստանի դարաւոր հարեւան եւ բարեկամ երկիր Իրանի դիրքորոշումներին հենց 1918 թւականից ընդգծեց.« Կարծում եմ հետաքրքրական պէտք է լինի Հայաստանի ու հայութեան հարեւան երկիր եւ պատմական բարեկամ Իրանի եւ իրանցի ժողովուրդի դիրքն ու վերաբերմունքը Հայաստանի անկախութեան նկատմամբ, անցեալ դարասկզբում։
Այս կապակցութեամբ յոյժ կարեւոր մի պաշտօնական հաղորդագրութեան ենք հանդիպում, որը լոյս է տեսել ՀՅԴ Երեւանի կոմիտէի «Զանգ» պաշտօնաթերթի 1919թ. փետրւարի 19-ի համարում, եւ որը վկայում է՝ Նախիջեւանի կապակցութեամբ, Իրանի սկզբունքային կեցւածքի մասին։ «Թեհրանի կենտրոնական կառավարութիւնը, – նշւում է պաշտօնական հաղորդագրութեան մէջ, – հրամանագրել է Ատրպատականի նահանգային կառավարութեան՝ չխառնւել ամենեւին Նախիջեւանի շրջանի գործերին, որ Արաքսից այն կողմը դուրս է Իրանի միջամուխ լինելու շրջանից… Իսկ Նախիջեւանի շրջանի թուրքերի առաջարկութիւնը՝ Թաւրիզից Նախիջեւան տանել մի թուրք կոնսուլ՝ աւելորդ է միանգայման եւ անտեղի, որովհետեւ այդ առաջարկութիւնը բաւարարւած է նրանով, որ Երեւան նստող Իրանի հիւպատոսի իրաւասութիւնը տարածւում է մինչեւ Նախիջեւան եւ Ջուլֆա…»։
Սա իրաւականօրէն եւ քաղաքականապէս նշանակում էր, որ Իրանը 1919թ. դրութեամբ, ճանաչել է ոչ միայն Հայաստանի անկախութիւնը՝ քաղաքամայր Երեւանում դիւանագիտական ներկայացուցչութիւն հաստատելով, այլ նաեւ Հայաստանի տարածքային ամբողջականութիւնը՝ Նախիջեւանը, ներառեալ Հին Ջուղան, Հայաստանի Հանրապետութեան ինքիշխան տարածք համարելով։
Իրանի հոգատար վերաբերմունքի մասին հանդիպում է եւս մէկ այլ ուշագրաւ փաստ՝ մի նամակ, որը գրել է Իրանի արտգործ նախարար Նուսրաթ-ուլ-Դովլէ Ֆիրուզը Իրանի վարչապետ Վոսուղ- ուլ-Դովլէին, 1919թ., եւ որը առաջին անգամ պարսկերէնից հայերէնի է թարգմանւել՝ Իրանի Իսլամական Հանրապետութեան առաջին Սահմանադիր ժողովում Իրանահայութեան պատգամաւոր հանգուցեալ Հրայր Խալաթեանի միջոցով։ «Ադրբէյջանցիների ոչ–բարեկամական ընթացքի կապակցութեամբ, վարել եմ բանակցութիւններ, – գրել է Ֆիրուզը, – Այս պարոնները [Բաքւի ղեկավարները] թէ՛ բոլշեւիկների հետ են համախոհել եւ թէ՛, ինչպէս խօսւում է, օսմանցիների հետ գաղտնի համաձայնութիւն ունեն։ Այն՝ ինչ որ նպատակայարմար եմ գտնում, հայերի հետ մերձեցումն է: Հայերի Լոնդոնի ներկայացուցիչները շատ ջերմ եւ սիրալիր են մեր նկատմամբ: Ես էլ… ցանկութիւն եմ յայտնել յարաբերելու հայերի հետ: Ես նոյնիսկ յայտնել եմ, որ եթէ նրանք իրաւասութիւն ունենան, ես արտօնութիւն կը ստանամ որ Իրանի կառավարութիւնը մի քաղաքական եւ առեւտրական համաձայնագիր կնքի Հայաստանի հետ՝ տրանզիտ փոխադրութիւնների համար եւ ապա լիակատար կերպով ճանաչի Հայաստանի Հանրապետութեան գոյութիւնը»։
Այսպիսով Իրանի արտգործ նախարարութիւնը, նախազգալով Ադրբեջան-Թուրքիա դաւադրական գաղտնի գործակցութեան վտանգները, Իրան-Հայաստան փոխյարաբերութիւնների ընդլայնման քաղաքականութիւն է առաջադրել դեռ 1919թ., կարեւորելով Հայաստանի տարածքով տարանցիկ հաղորդուղիների ռազմավարական նշանակութիւնը։ Իրողութիւն, որը աներկբայօրէն ակտուալ է նաեւ այսօր»։ Բանախօսը անդրադառնալով Իրանի Իսլամական Հանրապետութեան ներկայի քաղաքականութեանը այսպէս շարունակեց.« Իրանի Իսլամական Հանրապետութիւնն էլ, իր նախորդների պէս, տեսնում է այն վիթխարի վտանգը, որը դամոկլեան սրի պէս այսօր էլ կախւած է Հայաստանի եւ Իրանի գլխի վրայ՝ «Զանգեզուրի», իրանցի որոշ վերլուծաբանների բնորոշմամբ՝ պանթուրքիստական, իսկ միւսների բնորոշմամբ՝ ՆԱՏՕ-ական միջանցքի ձեւաչափով։ Սա, ինչպէս անցեալում, այնպէս էլ ներկայումս առաջնորդել ու առաջնորդում է Իրանին ու Հայասատնին ինքնապաշտպանութեան երկուստէք բնազդը մշակել անվտանգութեան համատեղ ռազմավարութեամբ»։Բանախօսը իր ելոյթի այլ բաժնում անդրադառնալով Մայիս 28-ի յաղթանակի հարցով ՀՅԴ-ի առանցքային դերակատարութեանը, որը արդիւնքն է ՀՅԴ-ի հիմնական գաղափարախօսութեան՝Ազատ, անկախ եւ միացեալ Հայաստան, ընդգծեց որ խորհրդային Հայաստանի տարիներին ոչ միայն խեղաթիւրւել էր Մայիսի 28-ի յաղթանակի նշանակութիւնը, այլ նաեւ կեղծ ամբաստանութիւններ էր հասցէագրւում ՀՅԴ-ին, որը նաեւ շարունակւում է այսօրւայ Հայաստանի ապազգային ղեկավարութեան կողմից: Այս առումով բանախօսը նշեց.« Երէկ Հայաստանի կախւածութեան տարիներին, Դաշնակցութիւնը քարկոծւում էր, որպէս անկախութեան գաղափարի դրօշակակիր, այսօր բնաբանների գաղափարական տրանսֆորմացիայով, փոխակերպումով, նոյն Դաշնակցութիւնը ամբաստանւում է այն մեղքով, թէ իբր երբէք էլ հաւատացած չի եղել անկախութեան գաղափարին։ Եւ այս ապերախտ, անբարեխիղճ մօտեցումների շարքը այսօր էլ շարունակւում է, ոչ միայն բոլշեւիկածին հեթական գրչակների, այլ նաեւ ՀՀ Ազգային ժողովի որոշ պատգամաւորների միջոցով, ցավոք իրենց նեղ խմբակցական շահերից մեկնելով: Դեռ աւելին՝ այսօր հայութեան համոզումների, հաւատամքների ներաշխարհ է ներմուծւում շինծու հակասական, կեղծ պարադոքսալ հասկացութիւններ. «Արարատ թէ՞ Արագած», «Ազգային թէ՞ պետական», «խաղաղութիւն թէ՞ ռեւանշ», «իրական թէ՞ պատմական Հայաստան» եւ այլն եւ այլն»։ Բանախօսը նաեւ համապարփակ գծերով անդրադարձաւ Հայաստանի ներկայի իշխանութեան կողմից թշնամուն յարիր պատմական Հայաստանի մոռացութեան տալու հանգամանքին եւ նշեց.« Իրական Հայաստանի, այսինքն պատմական Հայաստանի այն հատւածը, որ ենթակայ է Հայոց պետականութեան ինքնիշխանութեանը, չափազանց վտանգւած է կարող լինել այսօր, եթէ մոռացութեան տրւի պատմականը կամ հակադրւի պատմականն իրականին։ ինչո՞ւ։ Քանզի այսօր Թուրքիա-Ադրբեջան եղբայրակցութիւնը, ոչ միայն մերժում է Արցախի Հանրապետութեան ինքորոշման եւ արցախհայութեան վերադարձի իրաւունքները, ոչ միայն փաստացի, դեռ 1990-ականներից, չի ճանաչում Հայաստանի Հանրապետութիւնը, այն կոչելով «արեւմտեան Ադրբեջան», այլ նաեւ իր կեղծ պատմաշինութեան մեքենայի արտադրանքով, ուրանալով ուրանում է պատմական Հայաստանի առհասարակ գոյութիւնը։
Հակադրել պատմականն իրականին նշանակում է ուրանալ Հայաստանը… Հետեւաբար ի սկզբանէ կեղծ է «իրական թէ՞ պատմական»-ի երկընտրանքը»։
Բնախօսի ելոյթից յետոյ, մասնակից միութիւնների անունից խօսք փոխանցեց Հ. Մ. «Արարատ» կազմակերպութեան կենտրոնական վարչութեան նախագահ Սոֆի Ջաղարբէգեանը: Իր ելոյթի ընթացքում նա նշեց. «Հայ ժողովուրդը իր հնամեայ պատմական երթում ենթարկւելով բազմաթիւ փորձութիւնների կարողացել է պահպանել իր դիմագիծը եւ կայացած ժողովրդի կարգավիճակով հասնել ներկայ ժամանակներին: Թէեւ մեր պատմութիւնը սահուն չի ընթացել, սակայն մեր ժողովուրդը գոյատեւել է ոչ միայն որպէս ցեղախումբ, այլ ապրել է իբր կայացած ազգ, որը հիմնւել ու պահպանել է իր բոլոր ազգային հիմնասիւները: Այս դժւարինը իրագործելու համար հայ ժողովրդի հիմնական գործոնը եղել է ապրելու կամքը, եւ երբ այդ կամքը հնարաւոր է եղել համընդհանուր դարձնել՝աշխատել է նաեւ միասնական լինելու կամքը: Իսկ երբ պատմութեան ընթացքում մենք կարողացել ենք ստեղծել միասնական լինելու եւ ապրելու կամք ու համոզում, գրանցել ենք աննկարագրելի յաջողութիւններ: Հայ ազգի միասնական կամքի եւ համընդհանուր շահի դրսեւորման ամենանշանաւոր նմոյշը կարելի է համարել մայիսեան յաղթանակները»: Անդրադառնալով կազմակերպւած միասնական միջոցառմանը, նա ընդգծեց.«Սիփան սարից մինչեւ Նայիրեան երկիր, Սարդարապատից մինչեւ Արարատ, ամէն մէկս փորձում ենք գտնել մեզ՝մեր պատմութեան մի հատւածում: Փորձում ենք ապրել մեր պատմութիւնով, մեր ազգային ինքնութեամբ ու արժէքներով»: Նա իր խօսքը այսպէս եզրափակեց.«Մաղթելով պայքարի ոգու անմահութիւն, Անկախութեան ու Սարդարապատի խորհուրդն ընկալող իւրաքանչիւր հային, մաղթում ենք միասնութիւն, քանզի մեր բոլոր նւաճումները մեր միասնութեան ու կայունութեան արդիւնքն են լինելու»:
Միջոցառման խօսքերը եզրափակւեցին Թեհրանի հայոց թեմի առաջնորդ Տ. Սեպուհ արք. Սարգսեանի օգնական Տ. Առաքել աբղ. Գատեհճեանի ելոյթով:Իր ելոյթի ընթացքում հայր սուրբը փոխանցելով թեմակալ առաջնորդի ողջոյնը անդրադարձաւ հայ ժողովրդի կեանքում Մայիսի 28-ի կարեւորութեանը եւ ընդգծեց. «Մայիսի 28-ը հայ ժողովրդի համար սուրբ եւ նւիրական օր է, նաեւ համազգային եւ համահայկական յաղթանակի օր:Իւրաքանչիւր հայ երբ լսում է Մայիսի 28-ի մասին, իր աչքին առջեւ տողանցում են հայոց պատմութեան դասագիրքը, Սարդարապատի յուշարձանը, Արամ Մանուկեանի դիմանկարը, Եռագոյն դրօշը, զինանշանը եւ իր մէջ կը զգայ եւ կը զօրանայ հայրենասիրութեան եւ ազգասիրութեան ոգին»: Հայր սուրբը ընդգծեց. «Հայաստանի առաջին Հանրապետութիւնը կերտած իմաստուն ղեկավարների ոգիները այսօր մեզի երկու պատգամ են փոխանցում. առաջին՝միասնականութիւն եւ երկրորդ յոյս ունենալ: Անհերքելի իրականութիւն է, որ միութիւնը զօրութիւն է, մարդկային պատմութիւնը մեզ կըսորվեցնէ, որ երբ մարդիկ կըհամախմբւին մէկ նպատակի, մէկ երազի եւ մէկ տեսիլքի շուրջ, այդ մարդիկ անպայման յաղթանակ կապահովեն եւ 1918-ին մեր յաղթանակը ունեցանք, որովհետեւ միացանք: Մենք մեր կրօնքին մէջ ունինք ամենասուրբ Երրորդութիւնը ՝ Հայրը, Որդին եւ Սուրբ հոգին, իսկ մեր ազգի կեանքի մէջ ունինք՝ Եկեղեցի, Ազգ եւ Հայրենիք Երրորդութիւնը եւ այս Երրորդութիւնը միշտ պէտք է մէկ ըլլայ»: Հայրսուրբը ցաւօվ անդրադարձաւ այն հանգամանքին, որ այսօր այս միութիւնը սկսել է նւազել նշւած Երրորդութեան միջեւ, որը կըհանգեցնի կործանման եւ նշեց. «Ես այսօր յարմարագոյն եւ լաւագոյն պահը կըհամարեմ, որ մենք վերականգնենք մեր միութիւնը, իբրեւ ազգ, եկեղեցի եւ հայրենիք:Եւ երբ ես լսեցի որ այսօր միասնական ձեռնարկ պիտի ունենանք շատ ուրախացայ, որովհետեւ սա մեր միութեան հիմնական քայլն է»:Անդրադառնալով յոյսի վերականգնման անհրաժեշտութեան մասին, հայրսուրբը այսպէս շարունակեց. «Վերջին տարիներուն, յատկապէս Արցախի յանձնումէն եւ արցախահայութեան տեղահանումէն ետք, մեր ժողովրդի մօտ զգալի է անյուսութիւնը: Մարդկային կեանքի մէջ յուսահատութիւնը կառաջնորդէ անձնասպանութեան, իսկ ազգերու կեանքին մէջ յուսահատութիւնը կառաջնորդէ ազգասպանութեան, մենք պէտքէ մեր մէջից հեռացնենք այս յուսահատութիւնը, մենք իրաւունք չունինք յուսահատւելու, որովհետեւ իրաւունք ունենք ապրելու, գոյատեւելու, ազատ ըլլալու եւ յաղթելու: Կենաքի մէջ միշտ պարտութիւններ ու ձախողութիւններ կըլլան, բայց կարեւորը այն է, որ մարդ իր մէջ յաղթելու յոյսը չկորցնի եւ մեր պատմութիւնը այդպիսին է»: Իր ելոյթը հայրսուրբը այսպէս եզրափակեց. «Ես կուզեմ նաեւ շնորհաւորել Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոսութեան արժանընտիր գահակալ Ն.Ս.Օ.Տ.Տ.Արամ Ա. վեհափառ հայրապետի անւանակոչութեան տօնը յանուն մեր առաջնորդ Սրբազան հօր եւ յանուն մեր ազգային իշխանութեան ու ժողովրդի: Աղօթող ենք որ Աստւած երկար կեանք տայ մեր վեհափառ հայրապետին, քաջառողջ պահէ զինք, որպէսզի շարունակէ հովւել մեզ իր իմաստութեամբ: Ապրի Հայաստանը, ապրի ժամանակաւորապէս գրաւեալ իսկ շուտով վերադարձող Արցախը, ապրի Սփիւռքահայութիւնը եւ Աստւած օրհնէ բոլորիդ»:
Գեղարւեստական հատւածը բաւականին յագեցւած էր: Իրենց անզուգական կատարումներով առանձին ելոյթներով հանդէս եկան վոկալիստ մեներգիչներ՝ Նորիկ Ղարաբէգեանը եւ Մեղեդի Նազարեանը:
Ազգագրկան պարերի կատարմամբ հանդէս եկան Հ.Մ.«Սիփան» միութեան, «Սիփան» պարախումբը գեղարւեստական ղեկավար եւ պարուսոյց Կարինէ Մանուչերեան, Հ.Մ.Ա.Կ-ի «Արարատ» պարախմբի Անսամբլ եւ թիւ 1 խմբերը՝ ղեկավարութեամբ՝ Աւագ ուսուցիչ Լինէթ Սարգսեանի, ուսուցիչ Ալմարա Շահմիրեանի, օգնականներ Նարէ Մնացականեանի եւ Նարէ Մկրտչեանի եւ Հ.Մ.Մ.«Նայիրի» միութեան «Նայիրի պարախմբի սաները, գեղարւեստական ղեկավար Արտաւազդ Աւետիսեան, բեմադրիչ Մերի Աւետիսեան, գլխաւոր պարուսոյցներ՝ Թինա Անտոն եւ Սիւնէ Շահվալադեան:
Միջոցառմանը գեղեցիկ ելոյթով հանդէս եկաւ համատեղ երգչախումբը մասնակցութեամբ ՝Հ.Մ.Ա.Կ-ի, Հ.Հ.Ը.Մ-ի եւ Հ.Մ.««Սիփան»միութիւնների՝ «Արարատ», «Տաւիղ»եւ «Կոմիտաս» երգչախմբերի, խմբավարութեամբ Արփի Սիմրոջեան –Նազարեանի եւ Արեգ Մարգարեանի դաշնամուրային կատարումներով, իսկ կատարումների վերջում երգչախմբից ամբիոնի մօտ հրաւիրւեց «Կոմիտաս»երգչախմբի խմբավար Լուսինէ Միքայէլեանը: Ծրագրի բաղադրիչ մաս էր կազմում նաեւ օրւան համահունչ տեսաերիզները:
Ծրագրին ներկայ էին ՀՅԴ Բիւրոյի անդամ Սեւան Դանիէլեանը, Իրանի Իսլամական խորհրդարանում Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր Արա Շահվերդեանը, «ԱԼԻՔ» հաստատութեան ներկայացուցիչներ, Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոսութեան Ազգային Կենտրոնական վարչութեան Քաղաքական ժողովի անդամ պրն. Յովսէփ Աւետեանը, «ԱԼԻՔ» օրաթերթի գլխաւոր խմբագիր Արամ Շահնազարեանը, Իրանի Հայ Աւետարանական եկեղեցու համայնքապետ դոկտ. Միշէլ Աղամալեանը, Թ. Հ. Թ. Պատգամաւորական ժողովի ատենապետ Սուրիկ Աբնուսեանը եւ դիւանը, Թ. Հ. Թ. Թեմական խորհրդի ատենապետ Վարուժ Յովհաննիսեանը եւ դիւանը, ազգային մարմինների ու միութիւնների ներկայացուցիչներ եւ մեծ թւով հայրենակիցներ:
Թղթակցութիւնը՝ Կարինէ Դաւթեանի
Լուսանկարները՝ ՀԱՏԻՍԻ