Գաղափարական

Մարտի 17-ը՝ ՀՅԴ հիմնադիր երրորդութեան անդամ, Դաշնակցութեան գաղափարական հայրը համարւող Քրիստափոր Միքայէլեանի յիշատակի օրն է

«…Դաշնակցութիւնը հպարտ էր իր Քրիստափորով: Չկայ մի դրւագ կուսակցութեան պատմութեան մէջ, չկայ մի բանավէճ ծրագրային կամ տակտիկի խնդիրների մասին, չկայ մի ձեռնարկ, գաղափարական մի կռիւ, ուր մասնակցած չլինի մեր վետերանը, ուր նա թողած չլինի իր բնորոշ կնիքը, ուր նա հարթած չլինի ճանապարհները:

Սակայն նա միայն կուսակցութեան մարդ չէր: Նա մարդ էր բառիս բովանդակ նշանակութեամբ: Նա խոր յարգանք էր վայելում Կովկասի ե՛ւ ռուս, ե՛ւ վրացի յեղափոխականների շրջաններում: Իսկ երէկ նրա դամբարանի մօտ ողբում էին նրան՝ մակեդոնական շարժման ամենահռչակաւոր պարագլուխները: Ո՛չ, Քրիստափորը չէր պատկանում միմիայն Հայութեան…

Նա սոցիալիստ էր իր աշխարհայեցութեամբ, իր զգացումներով ու տեմպերամենտով, իր ամբողջ կեանքով, բայց նա եւ հայրենասէր էր բառիս ամենավեհ նշանակութեամբ: Նրա հեռաւոր իդէալն էր՝ սոցիալիստական կազմակերպութիւնը համայնական սկզբունքների, ազգերի եղբայրութեան խարիսխի վրայ: Նա մինչեւ անգամ ընդնշմարում էր ապագայի մառախուղի մէջ մի այնպիսի դրութիւն, ուր իսպառ ջնջւած կը լինեն ազգայնական առանձնայատկութիւններն ու խտրութիւնները, բայց նաեւ գիտէր միաժամանակ, որ իւրաքանչիւր մարդ-քաղաքացի պիտի աշխատէ իր հարազատ միջավայրում, պիտի ձգտէ իր սեփական ազգը բարձրացնելու…

Նրա սիրտը արիւնոտում էր ի տես մահաշունչ իրականութեան, ուր հայ ժողովուրդը ստիպւած է կռւել – եւ ո՜րպիսի անբաւ զոհողութիւններով – ոչ թէ քաղաքական ու սոցիալական ռեֆորմների համար, այլ ամենատարրական մարդկային իրաւունքները ձեռք բերելու համար եւ ամենասուրբը բոլոր իրաւունքներից – ապրելու իրաւունքը…

Նա գիտակցում էր պատմութեան չարաշուք տնօրինութիւնը, նա անխռով դիմաւորում էր հայութեան բաժին՝ սեւ, անօրինակ իրականութեան եւ շարունակ կոչ էր անում հայ ինտելիգենցիային, յորդորում էր նրան դաւաճանութեան սպառնալիքներով՝ կանգնած մնալ քաղաքացիական պարտքի բարձրութեան վրայ, ըմբռնել պահանջներից ամենահրամայականը, խնամել վէրքերից ամենացաւոտը, չձգել մի ամբողջ արիւնլւայ ժողովուրդ ի սաստ ճակատագրի:

Նա ինքը գնաց արեան ու զոհողութեան ճանապարհով, նա ինքը գահավէժ սլացաւ դէպի կեանքի յորձանուտ հոսանքը, ուսկից դարձ չկայ… եւ ընկաւ կէս-ճանապարհին, շանթահարւած անարգ պատահարից…

Ընկա՜ւ մեր հին առաջամարտիկը պարտաճանաչ զինւորի մահով, գործի, կռւի հնոցում, գլուխը հպարտ բարձրացրած, որպէս մի դարաւոր կաղնի, անակնկալ կայծակից խորտակւած… եւ այժմ նա հանգչում է այնտեղ, ուր միայն կարող է հանգչել անխոնջ, մոլեռանդ աշխատաւորը…»:

Մարտի 17-ը՝ ՀՅԴ հիմնադիր երրորդութեան անդամ, Դաշնակցութեան գաղափարական հայրը համարւող Քրիստափոր Միքայէլեանի յիշատակի օրն է:

Մէջբերումը՝ 1905 թւականի ապրիլին, Քրիստափորի եղեռական նահատակութեանը նւրիւած «Դրօշակ»-ում հրապարակւած առաջնորդողից է:

Related Articles

Back to top button