Էդգար Էլբակեան. «Խանասորի արշաւանքն Արցախ աշխարհի ծնունդ, գիտնական եւ վրիժառու ֆիդայապետ Նիկոլ Դումանի մտքի ծնունդն էր»

«ԱԼԻՔ» – Յուլիսի 25-ին լրացաւ Խանասորի արշաւանքի 128-ամեակը: Քաղաքագէտ Էդգար Էլբակեանն անդրադառնալով թեմային՝ յիշեցրել է, որ արշաւանքը Արցախ աշխարհի ծնունդ, դաշնակցական անզուգական հայդուկապետ Նիկոլ Դումանի մտքի արգասիքն էր:
«1897 թ․յուլիսի 25-ին, «կարկուտ տեղաց Խանասորա դաշտումը»։ Դաշնակցական ֆիդայիները, այսօրւայ բառերով ասած՝ երկու վաշտի կազմով, պարսկաօսմանեան սահմանին ռազմավարական պատժիչ գործողութիւն իրականացրին քրդական մազրիկ ցեղի դէմ։ Դրանից մէկ տարի առաջ այդ ցեղն ուխտադրժօրէն յարձակւել էր Վանից խաղաղ կերպով դէպի Պարսկաստան նահանջող հայ ժողովրդի վրայ եւ կոտորել մեծ մասին։
Մէկ ժամւայ մէջ մազրիկ ցեղի գրեթէ ամբողջ արական բնակչութիւնը ոչնչացւեց։ Ֆիդայիների շրջանում կորուստները փոքրաթիւ էին։ Արշաւանքն այնքան տպաւորիչ էր, որ ընդհանուր առմամբ պրոհայ, բայց հայութեան մասին անգլոթուրքական բացասական քարոզչութեան տպաւորութիւնները կրող անգլիացի թղթակիցը Լոնդոն ուղարկած նիւթի մէջ գրել էր, որ հայերին պէտք է որ օգնած լինեն ռուսական բանակի մասնագէտ սպաները։ Իսկ մէկ այլ՝ գերմանացի թղթակից, ֆիդայիների կարգապահութիւնը համեմատել էր պրուսական գնդերի կուռ շարքերի հետ։
Խանասորի պատժիչ արշաւանքից յետոյ քրդերը որոշ չափով փոխեցին հայութեան հանդէպ վերաբերմունքը։ Նրանք սկսեցին հաւատալ, որ ֆիդայիները հին հայկական «թոռունների» (իշխաններ) ժառանգներն են եւ աւելի զուսպ դարձան իրենց հակահայկական դրսեւորումներում։ Նոյնիսկ ոչնչացւած ցեղի պետ Շարաֆ բէկը հետագայում փորձեց բարիդրացիական յարաբերութիւններ հաստատել ՀՅԴ եւ հայութեան հետ։
Խանասորի արշաւանքն Արցախ աշխարհի ծնունդ, գիտնական եւ վրիժառու ֆիդայապետ Նիկոլ Դումանի մտքի ծնունդն էր։ Արշաւանքի հրամանատարն էր նրա համագիւղացի Վարդանը, որ այդ օրւանից մինչ օրս կոչւեց Խանասորի Վարդան, իսկ փոխհրամանատարը՝ Դաշնակցութեան նահապետներից, Լոռւա իշխանական ծագում ունեցող Յովսէփ Արղութեանը (Իշխան)։
Պատմական այս դէպքերն իր արտայայտութիւնն է գտել մի շարք երգերում, որոնցից առաւել յայտնի են «Կարկուտ տեղաց», «Դաշնակցութեան վեհ քաջերը», «Մենք անկեղծ զինւոր ենք», «Ագուլիսցի քաջ պատանի», «Գարահիսար» ստեղծագործութիւնները։
Խանասորի արշաւանքին նւիրւած զոյգ երգերը՝ ընդարձակ բնագրային ճշգրտութեամբ, կարող էք լսել նւաստիս կատարմամբ»,- գրել է նա։