Այլ

Հարկադրանքը երեխաներին օգուտ չի բերում

Որոշ ծնողներ շատ են ճնշում իրենց երեխաներին, նաեւ ուրիշների ներկայութեամբ: Կարելի է կարծել իրենց երեխան բեռնակիր կենդանի է, որին ճիպոտով են քշում, որպէսզի գնայ՝ առանց աջ կամ ձախ շեղւելու: Դա նոյնն է, թէ նրան բռնած պահեն սանձից եւ միեւնոյն ժամանակ ասեն. «Ազատ քայլիր»: Այնուհետեւ այդպիսի ծնողներն այնտեղ են հասնում, որ սկսում են ծեծել իրենց երեխաներին: Այսօր մի մայր էր եկել իր որդու՝ մի յաղթանդամ պատանու հետ: Նրա զաւակը հիւանդ էր: «Ի՞նչ անեմ, Հա՛յր,- հարցնում է նա,- Երեխաս ոչինչ չի ուտում եւ նոյնիսկ չի ցանկանում մեզ տեսնել»: Բայց երբ ասացի նրան, թէ ինչպէս է պէտք վարւել, նա ամէն ինչ նորից սկսեց. «Իսկ հիմա ի՞նչ անեմ»:

– Հա՛յր, միգուցէ նա չի՞ հասկացել, թէ ինչ եք ասում:

– Ախր, ինչպէ՞ս չի հասկացել: «Ես քո կողքին նոյնիսկ մէկ ժամ էլ չէի կարողանայ մնալ,- ասացի նրան,- Ինչպէ՞ս պէտք է երեխադ քո կողքին ապրի: Ախր նրան լրիւ հունից հանել ես»: «Ոչ,- պատասխանեց նա,- Ես նրան սիրում եմ»: «Որտե՞ղ է սէրը, եթէ քո կողքին նա իր տեղը չի գտնում: Նա ուզում է փախչել տնից, քանի որ ուզում է այլ միջավայրում յայտնւել: Ախր, երբ կողքիդ չէ՝ նա իրեն հրաշալի է պահում: Եթէ նա չի ուզում քեզ տեսնել՝ նշանակում է դու նոյնպէս մեղաւոր ես դրանում: Մի՛ նեարդայնացրու նրան, դու նրան խեղում ես: Նրա հետ բարութեամբ ու համբերատարութեամբ վերաբերւիր»: Ես նրան այս ամէնն ասացի, նա լսեց ինձ եւ ամէն ինչ նորից սկսեց. «Իսկ ի՞նչ անեմ: Երեխան չի ուզում մեզ տեսնել»: Դէ ինչպէ՞ս այդպիսի մարդու հետ փոխըմբռնման գալ: Երեխայի մօտ ամէն ինչ կարգին է, իսկ նրանք հիմարի տեղ են դնում նրան: Նշանակում է հէնց իրենց մօտ ինչ-որ բան կարգին չէ:

Ծնողների հարկադրանքը երեխաներին չի օգնում, խեղդում է նրանց: Անվերջ «սրան ձեռք մի տուր, այնտեղ մի գնայ, սա այսպէս արա…»: Բայց չէ՞ որ սանձը պէտք է այնպես ձգել, որպէսզի չկտրւի: Երեխաներին պէտք է զգուշօրէն բացայայտել, որպէսզի օգնել նրանց գիտակցելու իրենց սխալը, բայց միեւնոյն ժամանակ թոյլ չտալ, որպէսզի ծնողների ու երեխաների միջեւ անդունդ առաջանայ: Ծնողները պէտք է անեն այն՝ ինչ լաւ այգեպանն է անում՝ փոքրիկ տնկին տնկելիս: Այգեպանը քնքշօրէն, փափուկ պարանով կապում է տնկին ձողին, որպէսզի չթեքւի եւ վնասւի, երբ քամին նրան այս ու այն կողմ ծռի: Այնուհետեւ այգեպանը փոքրիկ ծառի համար ցանկապատ է պատրաստում, ջրում է, հոգ է տանում նրա մասին, պահպանում է այծերից՝ մինչեւ ճիւղերն աճեն ու մեծանան: Որովհետեւ, եթէ այծերը կրծոտեն փոքրիկ ծառը, ապա՝ վերջ, այն կարելի է մահացած համարել: Այծերի կողմից կրծոտւած ծառն այլեւս ո՛չ պտուղ կը տայ, ո՛չ էլ՝ ստւէր: Իսկ ահա, երբ նրա ճիւղերն աճում են՝ այգեպանը հանում է ցանկապատը, իսկ ծառն սկսում է պտուղ տալ եւ դրա ստւերի տակ էլ կարող են ե՛ւ այծերը, ե՛ւ ոչխարները, ե՛ւ մարդիկ հանգստանալ:

Սակայն յաճախ ծնողներն, իրենց երեխաների նկատմամբ չափից դուրս հոգատարութիւնից մղւած, ցանկանում են նրանց ոչ թէ փափուկ պարանով, այլ՝ մետաղալարով կապել, այն դէպքում, երբ երեխաներին պէտք է նրբօրէն կապել, այնպէս որ չվնասեն նրանց: Ծնողները պէտք է փորձեն վեհանձնութեամբ երեխաներին օգնել: Դա մանկական հոգիներում բարեպաշտութիւն կծնի եւ հետագայում նրանք՝ իրենք բարութիւն անելու անհրաժեշտութիւն կը զգան:

Որքան հնարաւոր է ծնողները պէտք է բարութեամբ, սիրով ու սրտացաւութեամբ բացատրեն երեխաներին, թէ որն է բարին: Յիշում եմ մի մայր կար, որ երբ տեսնում էր, որ որդին իրեն վատ է պահում՝ արցունքն աչքերին եւ ցաւով ասում էր. «Պէ՛տք չի դա անել, իմ անգի՛ն զաւակ»: Եւ այդպիսի օրինակ տեսնելով՝ նրա երեխաները սովորում էին ուրախութեամբ գործել, որպէսզի խուսափեն կեանքի փորձութիւններից, չընկրկեն դժւարութիւնների առաջ, այլ՝ յաղթահարեն դրանք աղօթքով եւ Աստծոյ հանդէպ ունեցած վստահութեամբ:

Այսօր թէ՛ մեծերը, եւ թէ՛ փոքրերն աշխարհում ապրում են՝ ինչպէս հոգեբուժարանում, եւ այդ պատճառով էլ մեծ համբերութիւն եւ շատ աղօթք է պահանջւում: Մեծ թւով երեխաներ կաթւածի են հասնում: Նշանակութիւն չունի, որ ժամացոյցը մի քիչ փչացած է, իսկ ծնողները լարում են այն մինչեւ վերջ եւ նոյնիսկ աւելին, իսկ յետոյ ժամացոյցի զսպանակը պայթում է: Մտածել է անհրաժեշտ: Մի երեխային պէտք է մի քիչ աւելի «ձգել», միւսին՝ աւելի քիչ: Խեղճ երեխաները բաց են բոլոր (չար) քամիների առաջ: Երբ դպրոցում կամ փողոցում նրանք այսպիսի կոչէր են լսում. «Մի՛ յարգէք ծնողներին: Մի՛ յարգէք ոչ ոքի եւ ոչինչ», եւ դրան գումարած նաեւ մայրերն ուզում են «նրանց պտուտակները ձգել», ապա նրանք էլ աւելի են յամառում:

Այդ պատճառով էլ ես մայրերին խորհուրդ եմ տալիս իրենք իրենց վրայ բռնանան աղօթքով եւ չբռնանան երեխաների վրայ: Եթէ նրանք երեխաներին անընդհատ ասում են. «Այս բանը մի՛ արա, դրան ձեռք մի՛ տուր»՝ նոյնիսկ աննշան բաների վերաբերեալ, իսկ երբեմն էլ նաեւ անարդարացի կերպով, ապա լուրջ վտանգի դէպքում, օրինակ՝ եթէ երեխան ուզում է կրակի մէջ բենզին լցնել, նա չի ենթարկւի եւ այդ անելով՝ լրջօրէն կը խեղւի: Երեխան չի հասկանում, որ «մի՛ արա» խօսքի մէջ սէր է թաքնւած: Բայց, երբ երեխան մի փոքր մեծանայ՝ նրա մէջ եսասիրութիւն կառաջանայ եւ, եթէ նրան նկատողութիւն անեն, նա կը հակառակւի՝ մտածելով. «Մի՞թէ ես փոքր եմ, որ նրանք ինձ հետ այդպէս վարւեն»: Ծնողները պէտք է երեխային հասկացնեն, որ ինչպէս մանուկ ժամանակ էին պահպանում նրան, որպէսզի չայրւի, այնպէս էլ հիմա՝ երբ մեծացել է, պահպանում են նրան այլ կրակից: Այդ պատճառով էլ երեխան պէտք է ուշադիր լինի, իրաւունքներ չտա գայթակղող սատանային, որպէսզի իր մէջ պահպանի Սուրբ Մկրտութեան շնորհները:

Պաիսիոս Աթոսացու «Ընտանեկան Կեանք» գրքից

Ռուսերէնից թարգմանութիւնը՝ ԷՄԻԼԻԱ ԱՊԻՑԱՐԵԱՆԻ

168.am

Related Articles

Back to top button