Գիտնականները քաղաքներում ջերմաստիճանը նւազեցնելու ոչ աւանդական մեթոդ են առաջարկել
Աւստրալիայից եւ Չինաստանից գիտնականների խումբն առաջարկել է քաղաքներում ջերմաստիճանը նւազեցնելու նորարարական մեթոդ՝ դրանց շուրջ ստեղծելով «գիւղական գօտի»: Նրանց աշխատանքի արդիւնքները ներկայացւել են Nature Cities (NatCities) գիտական ամսագրում։
Գիտնականները վերլուծել են արբանեակային տւեալները 2000-ից 2020 թւականներին չինական 30 քաղաքների շրջակայ տարածքների վերաբերեալ, գրում է Planet Today-ը։ Այս տեղեկատւութիւնը նրանց թոյլ է տւել գնահատել Երկրի մակերեսի միջին ջերմաստիճանը եւ դրա օգտագործման ձեւերը տարբեր գօտիներում։
Գիտնականները բացատրել են սառեցման մեխանիզմը. քաղաքային տաքացած օդը, բարձրանալով, ցածր ճնշման գօտի է կազմում երկրի մակերեսին: Սա յանգեցնում է շրջակայ գիւղական շրջաններից աւելի սառը օդի ներհոսքի:
Այս գործընթացի արդիւնաւէտութիւնը կախւած է քաղաքի չափերից եւ արւարձանների հողածածկոյթի տեսակից: Օպտիմալ արդիւնքների հասնելու համար «գիւղական գօտու» լայնութիւնը պէտք է լինի քաղաքի տրամագծի առնւազն կէսը։ Եթէ այս պայմանը կատարւի, ապա քաղաքում միջին ջերմաստիճանը կարող է նւազել 0,5°C-ով։
Աւստրալիայի Սուրէյի համալսարանի պրոֆեսոր Շիջիէ Կաօն, հետազօտութեան առաջատար հեղինակը, ասում է, որ սառեցման ամենամեծ ազդեցութիւնը ձեռք է բերւել գիւղատնտեսական հողատարածքների համախմբման, քաղաքի շրջակայքում գտնւող անտառների տարածքի մեծացման եւ մի քանի խոշոր ջրամբարների փոխարէն բազմաթիւ փոքր ջրամբարների առկայութեան շնորհիւ: