Ցիտրուսներում պարունակւող նոբիլետին նիւթը օգնում է պայքարել ճարպակալման դէմ
![](/wp-content/uploads/2025/02/540-780x470.jpg)
Արեւմտեան Օնտարիոյի համալսարանի (Կանադա) գիտնականները պարզել են, որ նոբիլետին նիւթը, որը պարունակւում է նարնջի եւ մանդարինի մէջ, կարող է դանդաղեցնել քաշի աւելացումը եւ նւազեցնել դիաբետի եւ սիրտ-անօթային հիւանդութիւնների վտանգը մկների մօտ: Հետազօտութեան արդիւնքները հրապարակւել են Journal of Lipid Research (JLR) ամսագրում:
Փորձի ընթացքում կրծողներին բաժանել են երկու խմբի, իսկ յետոյ բարձր կալորիականութեամբ սննդակարգ են տւել՝ ճարպ հաւաքելու համար։ Դիետիկ միջամտութեան ժամանակ մկների մի խմբին տրւել է նոբիլետին՝ բնական ֆլաւոնոիդ, որը հիմնականում պարունակւում է ցիտրուսային պտուղների կեղեւում:
Գիտնականների կարծիքով՝ արդիւնքները տպաւորիչ են. չնայած նոյն սննդակարգին՝ նոբիլետին ստացող կրծողները մնացել են նիհար: Նրանք նաեւ ունեցել են արեան լիպիդների աւելի ցածր մակարդակ եւ ինսուլինի նկատմամբ բարձր զգայունակութիւն:
Երբ նիւթը տւել են այն կենդանիներին, որոնք արդէն ճարպակալում ունէին, նրանց վիճակը նոյնպէս բարելաււել է։ Մասնաւորապէս, զարկերակներում կրճատւել է ճարպային «բշտերի» քանակը, ինչը նւազեցրել է կաթւածի եւ ինսուլտի հաւանականութիւնը։
Հետազօտութեան սկզբում գիտնականները կարծում էին, որ նոբիլետինը ակտիւացնում է AMP-կինազա ֆերմենտը, որը պատասխանատու է ճարպերի քայքայման համար, սակայն հետագայ փորձերը ցոյց են տւել, որ նիւթի ազդեցութեան մեխանիզմը տարբեր է։ Այս ֆլաւոնոիդի թերապեւտիկ ազդեցութեան մեխանիզմները պարզելու համար գիտնականները նախատեսում են ուսումնասիրել դրա ազդեցութիւնը մարդկանց վրայ:
News.am