Ակտիւ սոցիալական կեանքը կարող է կանխել դեմենցիայի զարգացումը

ԱՄՆ-ի Ռաշ համալսարանի գիտնականները պարզել են, որ ակտիւ սոցիալական փոխազդեցութիւնը կարող է օգնել կանխել դեմենցիայի զարգացումը: Աշխատանքը հրապարակւել է Alzheimer’s ամսագրում։
Հետազօտութիւնը, որը տեւել է մօտ 7 տարի, ներառել է 1923 տարեցների տւեալներ եւ ուսումնասիրել սոցիալական սովորութիւնների եւ դեմենցիայի զարգացման միջեւ կապը:
Համաճարակաբան Բրայան Ջէյմսի գլխաւորած հետազօտողների թիմը մասնակիցներին խնդրել է զեկուցել տարբեր սոցիալական գործունէութեան մէջ իրենց մասնակցութեան յաճախականութեան մասին, ինչպէս ռեստորաններ յաճախելը, սպորտային միջոցառումների յաճախելը, ճանապարհորդելը եւ ընտանիքի եւ ընկերների հետ հանդիպումները: Գիտնականները հաշւի են առել նաեւ այնպիսի գործօններ, ինչպէս մասնակիցների տարիքը եւ ֆիզիկական առողջութիւնը։
Արդիւնքում, սոցիալապէս ամենաակտիւ մարդկանց մօտ 38%-ով աւելի քիչ հաւանական է դեմեցիայի զարգացումը եւ 21%-ով պակաս ճանաչողական խանգարումների հաւանականութիւնը, քան նրանք, ովքեր աւելի քիչ սոցիալական էին:
«Սոցիալական գործունէութիւնը խրախուսում է տարեց մարդկանց ներգրաււել բարդ միջանձնային փոխազդեցութիւնների մէջ, որոնք կարող են պահպանել եւ բարելաւել նեարդային ցանցի գործառոյթը»,- բացատրեց Բրայան Ջէյմսը:
Հետազօտողները շեշտել են սոցիալական մեկուսացումից չխուսափելու եւ ակտիւ կապերի պահպանման կարեւորութիւնը։ Նրանք կարծում են, որ դա կարող է նւազեցնել դեմենցիայի զարգացման ռիսկը: Նրանք նաեւ ուշադրութիւն են հրաւիրել COVID-19 համաճարակի հետեւանքների վրայ, որը զգալիօրէն թուլացրել է սոցիալական շփումները։
News.am