Մարկեդոնով. «Ադրբեջանի ընտրութիւններն արժանի են ուշադրութեան մի շարք պատճառներով»
«ԱԼԻՔ» – Ադրբեջանում նախընտրական քարոզարշաւ է ծաւալւում։ Սեպտեմբերի առաջին օրը այս երկրի քաղաքացիները կընտրեն հանրապետութեան Միլլի Մեջլիսի (խորհրդարան) պատգամաւորներին։ Եւ չնայած Ադրբեջանը նախագահական կառավարման ձեւ ունեցող պետութիւն է, եւ խորհրդարանական քարոզարշաւները երբեք առանցքային քաղաքական իրադարձութիւն չեն եղել (եւ դժւար թէ դառնան 2024 թւականին), այս իրադարձութիւնն արժանի է ուշադրութեան մի շարք պատճառներով։ Այս մասին ըստ News.am-ի՝սոցցանցերում գրել է ռուս քաղաքագէտ Սերգէյ Մարկեդոնովը։
«Նախ՝ ընտրութիւնները լինելու են արտահերթ։ Ըստ ծրագրի, խորհրդարանական քարոզարշաւը պէտք է սկսւեր աւելի ուշ եւ աւարտւեր 2024 թւականի նոյեմբերին։ Սակայն յունիսին իշխող «Ենի/Նոր Ադրբեջան» կուսակցությեան պատգամաւորները հանդէս եկան Միլի Մեջլիսը վաղաժամկէտ լուծարելու եւ ընտրութիւնները նախատեսւած ժամկէտից շուտ անցկացնելու նախաձեռնութեամբ։ Արտահերթ ընտրութիւնները սովորական են դարձել Ադրբեջանում. Նախկինում էլ նախագահի և պատգամաւորների ընտրութիւնը տեղի է ունեցել որոշակի «դեդլայն»-ներից շուտ։ Միլլի Մեջլիսի ընտրութիւնների նախորդ քարոզարշաւը (այն աւարտւեց 2020 թւականի փետրւարի 9-ի քւէարկութեամբ) նոյնպես արտահերթ էր։ Իշխող կուսակցութիւնը յաղթեց, ինչպէս և սպասւում էր, իսկ ընդդիմութիւնը (նոյնպէս միանգամայն սպասելի) մեղադրեց նրան կեղծարարութեան մէջ։
2024 թւականի ընտրութիւնների տեղափոխումը բացատրեցին Բաքւում կլիմայական օրակարգով միջազգային գագաթնաժողովի անցկացմամբ։ Այն նախատեսւած է նոյեմբերին։ Բայց, ըստ իս, սա միայն ընթացակարգային նկատառումների եւ ժողովի հիւրերի հոգատարութեան խնդիր չէ: Առաջին հայեացքից կլիման եւ Ղարաբաղը ոչ մի կապ չունեն: Բայց իրականում անուղղակի կապ կայ։ Բաքւի համար չափազանց կարեւոր է ցոյց տալ, որ հին օրակարգը, որով պայմանաւորւած էր Ադրբեջանի քաղաքական կեանքը գրեթէ երեք տասնամեակ, սպառւած է։
Իսկ սրանից հետեւում է երկրորդը. 2024 թւականի ընտրութիւնները կլինի առաջին խորհրդարանական արշաւը, որը կիրականացւի նաեւ Ղարաբաղի տարածքում, որտեղից էլ կլինեն պատգամաւորներ։ Իհարկէ, նրանք չեն լինելու երկրում հիմնական որոշում կայացնողները։ Բայց իշխանութիւններին խորհրդանշական կապիտալ կտան, եւ ոչ փոքր։ Իլհամ Ալիևը շարունակում է օրակարգը թարմացնելու իր քաղաքականութիւնը։ Այս բառն իհարկէ, պայմանական է։ Ո՛չ ինքը, ո՛չ նրա շրջապատը չեն պատրաստւում արմատապէս կոտրել ստեղծւած իշխանակարգը։ Բայց ողջ աշխարհին ցոյց տալ, որ հին, ղարաբաղակենտրոն օրակարգն աւարտւել է (սպառւել է), Ադրբեջանի ղեկավարը ցանկանում է: Միեւնոյն ժամանակ ուզում է եւս մէկ անգամ ընդգծել իր անձնական դերն այս բոլոր փոփոխութիւններում»,- գրել է փորձագէտը։