Նոր խորհրդարան ձեւաւորելու քննարկումներ են ընթանում
2025 թւականի մարտ-ապրիլ ամիսներին լրանում է Արցախի խորհրդարանի լիազօրութիւնների ժամկէտը, որոշ տեղեկութիններով՝ տեղահանւած արցախցիների շրջանում կան քննարկումներ ԱՀ խորհրդարանի ընտրութիւններ անցկացնելու, նոր խորհրդարան ձեւաւորելու վերաբերեալ։ «Հրապարակը» գրել էր, որ Սամւէլ Բաբաեանն էլ է վերջին շաբաթներին հանդիպումներ նախաձեռնում եւ արցախցիներին փորձում համոզել, որ Հայաստանի համապետական ընտրութիւններին միասնական ճակատով մասնակցեն ու տեղ զբաղեցնեն ՀՀ խորհրդարանում՝ փորձելով լուծում տալ տեղահանւած արցախցիների խնդիրներին։
Թեմայի շուրջ «Հրապարակը» զրուցել է Արցախի ԱԺ ՀՅԴ խմբակցութեան պատգամաւոր, պատմական գիտութիւնների դոկտոր, պրոֆեսոր, Արցախի Հանրապետութեան գիտութեան վաստակաւոր գործիչ Վահրամ Բալաեանի հետ։
– Պարոն Բալաեան, կան տեղեկութիւններ, որ Սամւէլ Բաբաեանն առաջարկում է արցախցիներին՝ միասնական ճակատով հանդէս գալ եւ մասնակցել հայաստանեան ընտրութիւններին։ Ինչպէ՞ս էք վերաբերւում այդ առաջարկին։
– Ես, իհարկէ, միասնականութեանը կողմ եմ, բայց աւելի ճիշտ կլինի, որ ոչ թէ հայաստանեան ընտրութիւններին, այլ մեր իշխանութիւնները կազմակերպեն ընտրութիւններ, որպէսզի պահենք Արցախի սուբեկտայնութիւնը։ Գիտէք՝ 2025 թւականին լրանում է Արցախի խորհրդարանի լիազօրութիւնների ժամկէտը, ու պէտք է ամէն ինչ անել, որ նորը ձեւաւորւի։ Ճիշտ է՝ տարածքը չկայ այս պահին, բայց պէտք է Արցախի սուբեկտայնութիւնը փորձենք պահել ապագայի համար։
– ՀՀ իշխանութիւններն Արցախի ինստիտուտների պահպանումը համարում են Հայաստանի անվտանգային սպառնալիք եւ ամէն կերպ փորձում են փակել այդ էջը։
– Դա այդպես չէ, հակառակը՝ ՀՀ իշխանութիւնները պէտք է շահագրգռւած լինեն այդ հարցում, որովհետեւ, եթէ խորը մտածեն, դա իրենց վնաս չէ, այդ փաստն իրենք կարող են օգտագործել Ադրբեջանի հետ բանակցութիւնների ժամանակ։ Ադրբեջանը ներկայում անընդհատ խօսում է, այսպէս կոչւած, Արեւմտեան Ադրբեջանի մասին, ադրբեջանցիների յետվերադարձի մասին, իսկ մենք ոչինչ չանելով կորցնելու ենք մեր ռեսուրսը, այն դէպքում, երբ այդ ռեսուրսով զբաղւում էր ողջ աշխարհը, դրա համար Մինսկի խումբ էր ձեւաւորւել, որը դեռեւս չի լուծարւել։
– Դիմե՞լ էք ՀՀ իշխանութիւններին` Արցախի խորհրդարանական ընտրութիւններ կազմակերպելու առաջարկով, թէ՞ մտադիր էք ինքնակազմակերպւել, արցախցիներով լուծում տալ այդ հարցին։
– Ցաւօք սրտի, ՀՀ իշխանութիւնների հետ կոնտակտ չկայ, եւ կարծում եմ՝ մենք պէտք է արցախցիներով քննարկենք, դա անհրաժեշտութիւն է, իմ կարծիքով՝ դա խիստ անհրաժեշտութիւն է, որովհետեւ չես կարող իմանալ, թէ ապագայում ինչ զարգացումներ են սպասւմ, ուստի պէտք է պատրաստւել։
– Իսկ Արցախի նախագահի` Սամւէլ Շահրամանեանի դիրքորոշումն ինչպիսի՞ն է։
– Չեմ կարող այդպէս ասել, բայց քննարկումները տարբեր են, խմբաւորումների, մարդկանց մօտ այդ մտահոգութիւնները կան, շօշափւում է, խօսում են․․․ Աշխարհն անընդհատ փոխւում է, եւ ամէն օր նոր բան է լինում, վերջիվերջոյ, մեր բռնատեղահանութեան մէջ իրենց դերակատարումն ունեցան աշխարհի ուժեղագոյն կենտրոնները․ մի մասը՝ անմիջական մասնակցութեամբ, մի մասը` քար լռութեամբ, որոշներն էլ` լուռ համաձայնութեամբ։ Հիմա, երբ երրորդ համաշխարհային է հասունանում, տարբեր կենտրոնների բախումն անխուսափելի է լինելու, փորձելու են ընդլայնել իրենց ազդեցութեան գօտիները, այս իրավիճակում ճիշտ աշխատանքներ տանելու դէպքում կարող ենք ինչ-որ բանի հասնել։
– Ադրբեջանը Մինսկի խմբի լուծարումը կարծես դարձնում է նախապայման՝ խաղաղութեան պայմանագիր ստորագրելու համար։ Հայաստանն էլ յստակ դիրքորոշում չունի այս հարցում․ ո՞նց էք պատկերացնում, որ այս իրավիճակում թոյլ տան՝ ԱՀ խորհրդարանական ընտրութիւններ անցկացնէք։
– Հասկանալի է, որ Ադրբեջանը փորձում է վերացնել այն բոլոր կէտերը, սղոցել բոլոր հենասիւները, որոնց վրայ տասնամեակներ շարունակ յենւել ենք, բայց, կրկնում եմ՝ Հայաստանը պէտք է չհրաժարւի իր խաղաթղթերից։ Մենք տեսնում ենք, չէ՞, որ Ադրբեջանը տասնամեակներ շարունակ ու հիմա էլ հեքիաթներ է յօրինել ու փորձում է դրանք հաւատացնել աշխարհին, իրենք ասում են՝ Երեւանն էլ է մերը եղել, Սեւանն էլ, ու դրանց դէմ պէտք է հակաքայլեր ներկայացնել, որոնցից մէկն էլ նոր խորհրդարանի ձեւաւորումն է․ եթէ Մինսկի խումբը կայ, ուրեմն հարցը չի փակւել, հասկացանք՝ այդ տարածքներն այս պահին մեզ մօտ չեն, բայց դա չի նշանակում, որ դա յաւերժական է լինելու, հազարաւոր տարիներ հայութիւնն ապրել է, մշակոյթ է ստեղծել, հիմա ինչի՞ հանգիստ զիջենք, երբ տեսնում ենք՝ իրենք մի օր դրօշը մի սարի վրայ են տնկում, միւս օրը՝ մէկ ուրիշ: Դա ցոյց է տալիս, որ իրենք մտահոգ են, իրենք էլ չեն հաւատում․․․ երկիրը հո գրելով չի՞, որ գրում են՝ «Ղարաբաղ բիզիմդիր», ժողովուրդ է այնտեղ կազմաւորւել, տնտեսական, մշակութային հազարամեակների պատմութիւն է կերտւել․․․
Ադրբեջանը լաւ գիտի, որ միայնակ չի կարող յաղթել հայերին, հասկանալի է` Թուրքիան մի կողմից, Պակիստանը, այլ դաշնակիցներ, եկան միացան եւ մեր հարցերը լուծեցին, բայց դա յաւերժ չի լինելու։