Աբրահամ Գասպարեան. «Դուք ընդհանրապէս գժւե՞լ էք. կրակի հետ էք խաղում. կոչնչացնեն, ու չէք էլ զգայ»
«Ջենեսիս Արմենիա» ուղեղային կենտրոն-հիմնադրամի տնօրէն, քաղաքական գիտութիւնների թեկնածու, դոցենտ Աբրահամ Գասպարեանի կարծիքով՝ Նիւ Եօրքում գտնւող «Թուրքական տուն»-ը մեծ հաշւով համարւում է թուրքական պետութեան տարածք, եւ հակահայկական, հակայունական, ինչ-որ տեղ՝ նաեւ հակաամերիկեան լաբբինգը հէնց այդ շէնքում է մշակւում:
«Էրդողանն անձամբ ներկայ է եղել այդ շէնքի բացման արարողութեանը: Եթէ դու Նիւ Եօրք ես գնում՝ ՄԱԿ-ի ընդհանուր վեհաժողովին մասնակցելու, բայց գնում ես թուրքական ներկայացուցչութիւն՝ հանդիպման, նշանակում է, որ դու խնդիր ես դրել բացառապէս իրենց դաշտում խաղալ: Ինչո՞ւ չէզոք գօտում չես հանդիպում: Սա ունի մէկ գլխաւոր մեսիջ. ես շարունակում եմ պնդել, որ իր արտաքին լեգիտիմութեան միակ երաշխաւորը եղել եւ շարունակում է մնալ Թուրքիան»,- 168TV-ի «Ռեւիւ» հաղորդման ընթացքում ասաց նա:
Նա յիշեցրեց Փաշինեանի յայտարարութիւնը, թէ եթէ սահմանազատման եւ սահմանագծման յանձնաժողովի աշխատանքները կարգաւորող կանոնակարգի տակ կայ Հայաստանի եւ Ադրբեջանի ստորագրութիւնը, ապա դա նշանակում է, թէ երկու երկրները ճանաչում են միմեանց տարածքային ամբողջականութիւնը, եւ նկատեց. «Սա կամ մեզ է գժի տեղ դրել, կամ միջազգային հանրութեանն է յիմարացնում: Աշխարհն իրեն ինչպէ՞ս պէտք է լուրջ ընդունի, երբ կանգնում-ասում է՝ եթէ յանկարծ խաղաղութեան պայմանագիրը հակասի ՀՀ Սահմանադրութեանը, ՀՀ սահմանադրութիւնը պէտք է փոխենք: Միջազգային հանրութիւնը չի՞ ասի՝ այ յիմար, միջազգային պայմանագրերի վաւերացման հարցում ներպետական օրէնսդրութիւնը, այսինքն՝ Մայր օրէնքը՝ Սահմանադրութիւնը, ունի գերակայութիւն: Այս ամբողջ պայմաններում ո՞վ պէտք է նրան տէր կանգնի՝ Թուրքիան: Թուրքիայի նման պետութեանն է միայն ձեռնտու նման իշխանութեան գոյութիւնը Հայաստանում»:
Աբրահամ Գասպարեանը մանրամասն ներկայացրեց թուրքական ուղեղային կենտրոնների մշակած ծրագիրը. «Մի գաղտնիք բացեմ՝ այսպէս կոչւած, հայկական տնտեսական էլիտաների մտածողութեան վերաբերեալ: Այդ էլիտաներն 90-ականների սկզբի Ռաֆայէլ Իշխանեանի երրորդ ուժի բացառման տեսութեան կողմնակիցներն են, որոնք երկար ժամանակ պետական բիւրոկրատական ապարատում եւ դրանից դուրս տնտեսական դաշտում մնացին թաքուն, կուտակեցին կապիտալ, եւ իրենց համար հիմա լաւագոյն հնարաւորութիւնն է դէպի Թուրքիայի շուկա դուրս գալու:
Այդ մարդիկ քրոնիկ ատելութիւն ունեն ռուսական գործօնի նկատմամբ՝ ինչ-ինչ պատճառներով, շղարշը կարող է լինել «Կոլցօ օպերացիա»-ի ժամանակ Սովետական Միութեան Օմոնի մասնակցութիւնը, բայց իրենք համարում են, որ Սովետմիութիւն թէ Ռուսաստան՝ միեւնոյն է, ոչ մի տարբերութիւն, կարծում եմ՝ դա բաւականին խոցելի է դարձնում ընդհանրապէս ՀՀ դիրքերը, եթէ այդ նարատիւով ենք առաջնորդւում: Մի մասն էլ, այդ շղարշից բացի, համարում է, որ ռուսը սպիտակ թուրքն է, ոչ մի տարբերութիւն, դրա համար վաղ թէ ուշ պէտք է Թուրքիայի հետ լեզու գտնել, եւ աւելի լաւ է հիմա բացել շուկաները՝ հայկական կապիտալը գնայ Թուրքիա, թուրքականը գայ այստեղ:
Կայ եւս մէկ շերտ, որը զգուշաւոր է այդ հարցում, որովհետեւ շատ լաւ հասկանում է, որ թուրքական տնտեսական կապիտալի տրանսֆորմացիան անվտանգային գործօնի՝ Հայաստանում շատ հեշտ է լինելու ժամանակի ընթացքում: Նմանատիպ փորձեր նոյն թուրքական ուղեղային կենտրոններում տասնեակ տարիներ առաջ քննարկում էին, ասում էին, որ յետանկախական շրջանում Թուրքիան աւելի լուրջ հնարաւորութիւններ ունէր մտնելու հայաստանեան շուկա եւ այդ կապիտալով խժռել այդ պետութիւնը, խօսքը մօտ 1.5 մլրդ. դոլարի ներդրումների մասին էր: Հիմա այդ հարցը նորից առաջացել է Թուրքիայում, եւ իրենք յորդորում են չկրկնել նախորդ վարչապետների սխալը եւ տալ այդ հնարաւորութիւնը բացելու սահմանը Հայաստանի հետ, եւ թուրքական կապիտալը հանգիստ մտնի Հայաստան, հայկականն էլ թող գնայ Թուրքիա, մէկ է՝ շատ փոքր է տնտեսական ներուժի իմաստով, որ կարողանայ ազդել»:
Նա ընդգծեց՝ Արցախի հարցը չի փակւել. «ԵԱՀԿ ՄԽ երկու պետութեան ներկայացուցիչ խօսում է այն մասին, որ հայերի արժանապատւութիւնը գետնով է տրւել, այսինքն՝ սրանք՝ այս խեղկատակները, որ իրենց զոմբիլենդին կերակրում են, թէ Արցախի հարցը փակ է, Հարիսը, որը Սպիտակ տան ղեկավարի ամենալուրջ յաւակնորդներից մէկն է, ասում է՝ հայերի ազգային արժանապատւութիւնը տրորւել է, պէտք է վերականգնել, իսկ դա նշանակում է արցախահայերի վերադարձ: Կանադայի ԱԳ նախարարն ասում է՝ արցախցիների ինքնորոշման իրաւունքի հարցը չի կարող քննարկման ենթարկւել: Ֆրանսիան ասում է, որ չեն մոռացել ԼՂ-ից հայերի բռնի տեղահանումը, քրիստոնէական ժառանգութեան նկատմամբ այն ամէնը, ինչ տեղի է ունենում: Հիմա ես Նիկոլ լսե՞մ, թէ՞ այս լուրջ պետութիւններին: Սրանք փակում են Արցախի հարցը Թուրքիայի հետ համատեղ, սրանք ոչ թէ միջազգային հանրութեան հետ են ուզում սինքրոնացնել իրենց մօտեցումները, որովհետեւ միջազգային հանրութիւնը լաւ հասկանում է՝ խաղաղութեան պատուհան էր բացւել, բայց միջնաժամկէտ եւ երկարաժամկէտ առումով թուրքական գործօնի գերակտիւացումն այս տարածաշրջանում չի բխում որեւէ պետութեան շահերից: Այդ պետութիւնները սրանց նման յիմար չեն, որ ասեն՝ Արցախի հարցը փակւեց:
Արցախի հարցի վերաբերեալ լինելու են առաջիկայում շատ լուրջ խմորումներ, հիմա էլ շատ լուրջ խաղադրոյքներ են կատարւում: Տարբեր երկրներում բանակցութիւններ են ընթանում, հայկական լաբբին է Սփիւռքում շատ ակտիւ աշխատում, արցախցիներն են ակտիւ: Բացի Հայաստանի իշխանութիւններից՝ բոլորը շահագրգռւած են»:
Գասպարեանի խօսքով՝ Թուրքիայում շատ լաւ հաշւարկում են՝ ի՞նչ անել, որպէսզի Փաշինեանի իշխանութեան երկարակեցութիւնը կարողանան ապահովել. «Փաշինեանը միակ անձն է, որն այսօրւայ Թուրքիայի եւ Ադրբեջանի իշխանութիւնների համար ջոկեր է, ցանկացած պահի կարող են աւելացնել երկարակեցութեան ժամանակահատւածը, ցանկացած պահի կարող են նւազեցնել: Ալիեւն ու Էրդողանը Փաշինեանի բաղձալի խաղաղութեան թուղթն ի վերջոյ տարբեր ձեւակերպումներով կը ստորագրեն: Նա այն կարգի քաղաքական անբարոյականութեան մաստեր կլասներ է ցոյց տալիս, չգիտեմ՝ որ մէկին անդրադառնամ: Անցեալ օրն իրենց ՔՊ նիստի ժամանակ ասել է՝ պատրաստւէք 2031-ի ընտրութիւններին. Այսինքն՝ գիտի, որ 2026-ին վերընտրւելու է: Թուրքերն ու ադրբեջանցիները շատ լաւ հասկացել են՝ սրա ուզածն ինչ է: Եթէ 2021 թւականի փետրւարին կար իրական վտանգ, որ, այո, Թուրքիան յատուկ ստորաբաժանումներ կարող է ուղարկել Հայաստան, որպէսզի պահի կոլաբորացիոնիստի իշխանութիւնը, հիմա նոյն «Թուրքական տուն» գնալով՝ փորձում է կարգաւորել այդ հարցը, որ՝ պէտք չէ զօրք մտցնել, պէտք չէ գնալ ագրեսիւ հռետորաբանութեան՝ լարելով նաեւ միջազգային հանրութեանը մեր դէմ, մենք այս գործընթացը կը տանենք շատ հանգիստ, դուք Բաքւի վրայ լրացուցիչ ճնշումներ գործադրէք, մի քանի բանտարկեալ բաց թողէք՝ որպէս բարի կամքի դրսեւորում, թող ստորագրեն այդ փաստաթուղթը, 2026-ին վերընտրւեմ՝ 2027-ին տեղի ունենայ սահմանադրական փոփոխութիւն: Իրենք, բնականաբար, թուրքերի աջակցութիւնն են ապահովում»:
Նա շեշտեց՝ հոկտեմբերի 2-ին Բագրատ Սրբազանը շատ կարեւոր ուղերձներ է փոխանցելու՝ յստակ գործողութիւնների եւ առաջիկայ անցնելիք ճանապարհի վերաբերեալ. «Խնդիր է դրւած օր առաջ այս չարիքից ազատւել, հնարաւորինս շատ մարդկանց մոբիլիզացնել այս գործին յաջողութիւն բերելու համար»:
Աբրահամ Գասպարեանը նկատեց՝ չի կարելի մի պետութեան հետ յարաբերութիւնները վատացնելու հաշւին՝ միւսի հետ դրանք լաւացնել. «Կամ, որ ասում են՝ կողմնորոշւէք՝ որ պետութեան հետ էք: Ինչի՞ն կողմնորոշւենք: Դու, ուրեմն, այնքան կաս, որ Ամերիկայի, Ֆրանսիայի կամ Ռուսաստանի նման պետութեանն ասես՝ վա՞տն ես: Դուք ընդհանրապէս գժւե՞լ էք: Կրակի հետ էք խաղում: Ես հազար անգամ ասել եմ՝ ՌԴ նման բարեկամ պետութիւն ունենալը գուցէ շահեկան չէ, բայց ՌԴ նման թշնամի ունենալը կործանարար է: Քեզ ինչպէ՞ս կարող ես թոյլ տալ՝ Ֆրանսիայի կամ ԱՄՆ-ի նման պետութիւնների հետ ոտք գցել, ասել՝ սա վատն է, սա լաւն է, ո՞վ ես առհասարակ, կոչնչացնեն քեզ, ու չես էլ զգայ»: