ՀՀ ԱԺ-ում տեղի ունեցաւ արցախցիների սոցիալ-տնտեսական վիճակը քննող յանձնաժողովի անդրանիկ նիստը
«ԱԼԻՔ» – Դեկտեմբերի 10-ին ՀՀ ԱԺ-ում տեղի ունեցաւ՝ Արցախից տեղահանւած հայրենակիցների սոցիալ-տնտեսական վիճակը քննող յանձնաժողովի անդրանիկ նիստը: Թէեւ իշխող ուժը տապալել էր յանձնաժողովի ձեւաւորման քւէարկութիւնն, այնուամենայնիւ իրաւունքի ուժով յանձնաժողովն ունի նախագահ, որն Արցախի գործընկերների հետ իրականացնում է աշխատանքները։
Նիստը վարում էր ՀՅԴ անդամ, «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր Արթուր Խաչատրեանը։
«Դեռեւս սեպտեմբեր ամսին ԱԺ պատգամաւորների 25%-ով՝ «Հայաստան» եւ «Պատիւ ունեմ» դաշինքներից, դիմեցին պահանջելով ստեղծել քննիչ յանձնաժողով, որը պէտք է ուսումնասիրէր Արցախից բռնի տեղահանւած մեր հայրենակիցների կենսագործունէութիւնը Հայաստանի Հանրապետութիւնում, այսինքն` ինչպէս են տեղաւորւել մարդիկ Հայաստանում, ինչ դժւարութիւնների առաջ են կանգնած»,- ասաց Արթուր Խաչատրեանը:
Նա շեշտեց, որ նիստի օրը պատահական չի ընտրւել. 1991թ դեկտեմբերի 10-ին Արցախի ժողովուրդը հանրաքւէով ամրագրել էր անկախ պետութիւն ունենալու իր իրաւունքը:
Արթուր Խաչատրեանը յաւելեց. «Գիտէք, որ քաղաքական մեծամասնութիւնը՝ Քաղաքացիական պայմանագիր կուսակցութիւնը չքւէարկեց եւ չհաստատեց այս յանձնաժողովի կազմը: Հիմա Հայաստանի օրէնսդրութեամբ կայ որոշակի բաց՝ յանձնաժողովն ունի նախագահ, որը ես եմ, բայց քանի որ քաղաքական մեծամասնութիւնը չքւէարկեց կազմը հաստատելու օգտին, փաստօրէն այլ անդամներ չունենք: Հետեւաբար` կանգնած ենք մի իրաւական կազուսի առաջ, որ նրանք, ովքեր այստեղ ներկայ են եւ էլի մի քանի հոգի, ովքեր մեր երկու խմբակցութիւններից ցանկութիւն են յայտնել մասնակցել այդ քննիչ յանձնաժողովի աշխատանքներին, փաստօրէն հասարակական հիմունքներով են:
Մենք որոշում կայացնել չենք կարող, որեւէ մարդու հրաւիրել չենք կարող, այսինքն` կարող ենք հրաւիրել՝ զուտ որպէս անհատ պատգամաւորների, ինչպէս մեր գործընկերներ Աննա Գրիգորեանը եւ Էլինար Վարդանեանն արել էին քաղաքացիութեան խնդիրներով: Բայց մենք կաշխատենք, դա աշխատանքի որակի վրայ, յուսամ, չի ազդի, եւ գործադիրի ներկայացուցիչները, ում հետ մենք հարցեր ունենանք, կը յարգեն անհատ պատգամաւորների դիմումները եւ կը գան, եթէ մենք կարիք ունենանք իրենց հարցեր ուղղելու, նաեւ մեր գրաւոր հարցերին կը պատասխանեն»:
Պատգամաւորը յաւելեց, որ առաջիկայում կը ներկայացնեն առաջարկութիւններ, որոնք միտւած են լինելու մեր հայրենակիցների կենսագործունէութիւնը Հայաստանի Հանրապետութիւնում աւելի բարենպաստ դարձնելուն, կորոշեն ուղղութիւնները, որոնցով պէտք է աշխատեն. «Մարդիկ պէտք է կարողանան ռէալ ապրեն, աշխատեն, երեխաները գնան դպրոց, Արցախի մեր հայրենակիցները լիարժէքօրէն օգտւեն բոլոր այն հնարաւորութիւններից, որոնք հասու են ՀՀ քաղաքացիների համար»:
Ի թիւս այլնի, Արթուր Խաչատրեանը նշեց, որ ամենաառաջնային Արցախի մեր հայրենակիցների քաղաքացիութեան խնդիրն է, որից կախւած այլ խնդիրներ էլ կան՝ կենսաթոշակայինից մինչեւ գոյք: