Հայաստան - ԱրցախՔաղաքական

Արթուր Խաչատրեան. «Այս իշխանութիւնը պէտք է բարձրաձայնի, որ Ադրբեջանի կողմից կան ճնշումներ»

«ԱԼԻՔ» – «Փաշինեանն ասում է՝ ինչ ուզել էք, տւել ենք, էլ ի՞նչ էք ուզում, պատրաստ ենք ամէն ինչ զիջել»: Ինչպէս հաղորդում են հայաստանեան ԶԼՄ-ները՝ այս մասին երէկ՝ փետրւարի 10-ին, խորհրդարանում լրագրողների հետ զրոյցում ասել է ՀՅԴ անդամ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր Արթուր Խաչատրեանը՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինեանի յօդւածին:

«Ադրբեջանը, անկախ այս իշխանութիւնների հաւաստիացումներից, թէ բարի կամքով, կառուցողական ոճով բանակցում ենք, դէպի խաղաղութիւն ենք գնում, Հայաստանին սպառնում է պատերազմով: Ինչքան այս իշխանութիւներն ասում են՝ կը զիջենք, մի՛ խփէք, այդքան Ադրբեջանն աւելի ագրեսիւ ու լկտի է դառնում:

Տեսէք Ադրբեջանի պահանջները 2020-ի նոյեմբերի 10-ի առաւօտեան եւ այսօր, որովհետեւ Փաշինեանը չի կարողանում, ունակ չէ հակազդել Ադրբեջանի առաւելապաշտական, ագրեսիւ եւ հայակործան քաղաքականութեանն ու նկրտումներին: Ամբողջ յօդւածը դա էր»,- ասել է նա:

Հարցին՝ կարո՞ղ ենք ենթադրել, թէ Փաշինեանն էսկալացիայի վտանգ է տեսնում, նա ասել է. «Վտանգի մէջ կայ նաեւ փաստացի կեղծիք, որովհետեւ այդ կանոնակարգը, որն ինքը բերեց ԱԺ եւ անցկացրեց ասում է՝ այո, սահմանազատումն Ալմա-Աթայի հիման վրայ է, եթէ խաղաղութեան պայմանագրով այլ բան նախատեսւի: Իսկ ո՞վ գիտի ինչ կարող է նախատեսւել եւ Ադրբեջանն ի՞նչ կը պահանջի»:

Ճշտող հարցին էլ՝ ուզում է ասել, որ այս յօդւածը բանակցային պրոցեսի փակուղային վիճակի մասին է եւ պատերազմի անոնսի՞, Խաչատրեանը պատասխանել է, որ ուզում է ասել՝ բանակցային գործընթաց չի եղել:

«Բանակցային գործընթացը, երբ երկու հաւասարազօր կողմեր՝ բարի կամքի դրսեւորմամբ, փորձում են իրար հետ գալ փոխադարձաբար ընդունելի լուծմանը, չի եղել։ Մենք ունենք Ադրբեջանի կողմից հրահանգներ եւ այս իշխանութիւնների կողմից միակողմանի զիջումներ։ Սկսենք նրանից, թէ եթէ նոյեմբերի 9-ի փաստաթղթով նախատեսւած էր, որ կողմերը կանգնում են այն դիրքերի վրայ, որոնք ունեն, ինչի՞ ինքը 60 կամ 40 կիլոմետր յետ քաշւեց, ադրբեջանական նախկին Կուբաթլուի շրջանից։

Այդ ինչի՞ց ելնելով ինքն Ադրբեջանին զիջեց Շուռնուխի ճանապարհը։ Ինչի՞ ինքը չմիջամտեց Խծաբերդի դէպքերին, գոնէ ասէր՝ Ադրբեջա՛ն, մի՛ արա։ Իսկ անոնսի հետ կապւած ինքն ասում է, որ լաւ, ինչ ուզում ես կը տամ, գնանք այդ թուղթը ստորագրենք։ Ինքը ասում է՝ ես չեմ նախատեսում քո վրայ յարձակւել: Ի դէպ, այդ հեքիաթը, որ Հայաստանը նախատեսում է յարձակւել Ադրբեջանի վրայ եւ դրա համար հրաւիրեց եւրադիտորդներ, դա էլ էր հեքիաթ, չէ՞, որովհետեւ եթէ Ադրբեջանը մտավախութիւն ունենար, որ Հայաստանը յարձակւելու է իր վրայ, ինքը եւրադիտորդներ կուզենար»,- ընդգծել է պատգամաւորը:

Արթուր Խաչատրեանը չի բացառել, որ Ադրբեջանը կը դիմի ռազմական ագրեսիայի։

«Կը գնա՞յ Ադրբեջանը ռազմական բախման՝ չեմ բացառում, կընդլայնի՞ Ադրբեջանը պահանջները՝ առաւել քան վստահ եմ»,- ասել է նա։

Արթուր Խաչատրեանի խօսքով՝ այս իշխանութիւնը պէտք է բարձրաձայնի, որ Ադրբեջանի կողմից կան ճնշումներ, որ յետոյ հիմք լինի ասելու՝ ճնշման տակ են կորզւած թէ՛ Բաքւում ապօրինաբար պահւող անձանց ցուցմունքները, թէ՛ փաստաթղթերը, որոնց տակ ստորագրութիւններ են դրւած։

«Բայց այս իշխանութիւնները լրիւ հակառակն են անում, Ադրբեջանն ասում է՝ «վերջ, մոռացիր Ղարաբաղը», Փաշինեանն էլ ասում է՝ «Ղարաբաղը մեր վզին թոկ էր, պէտք է կտրենք դա, լաւենք արել, կտրել ենք»։ Ակնյայտ է չէ՞, որ թուրքերն ասել են՝ «Արարատը մերն է», դրանից յետոյ ինքն ասում է՝ Հայաստանի ամենաբարձր սարը Արագածն է։ Ինքն իր քաղաքականութեամբ լեգիտիմացնում է թուրք-ադրբեջանական պահանջները»,- ընդգծել է Խաչատրեանը։

Related Articles

Back to top button