The Telegraph. «Ուկրաինայի ռեսուրսներից օգտւելու՝ Թրամփի պայմանները «Գերմանիայի ռեպարացիոն փոխհատուցումներից վատն են»»

«ԱԼԻՔ» – Ուկրաինայի բնական ռեսուրսների օգտւելու՝ Միացեալ Նահագների համաձայնագիրը, որը Կիեւին առաջարկել էր Դոնալդ Թրամփի վարչակազմը, նախատեսում է Վաշինգտոնի վերահսկողութիւն հանքային եւ նաւթագազային պաշարների, նաւահանգիստների եւ «այլ ենթակառուցւածքների» նկատմամբ։ Դրա մասին գրում է անգլիական The Telegraph-ը՝ վկայակոչելով համաձայնագրի նախագծին։
«Դոնալդ Թրամփի պահանջը դուրս է գալիս Ուկրաինայի կարեւորագոյն հանքային պաշարների նկատմամբ Միացեալ Նահագների վերահսկողութեան շրջանակից: Դա վերաբերում է ամէն ինչին՝ նաւահանգիստներից եւ ենթակառուցւածքներից մինչեւ նաւթ եւ գազ»,- գրում է The Telegraph-ի յօդւածագիրը։
Ըստ փաստաթղթի՝ Վաշինգտոնը եւ Կիեւը պէտք է համատեղ ներդրումային հիմնադրամ ստեղծեն՝ ապահովելու համար, որ «հակամարտութեան թշնամական կողմերն Ուկրաինայի վերականգնումից օգուտ չքաղեն»։
Թրամփի վարչակազմը ցանկանում է, որ ԱՄՆ-ը ստանայ Ուկրաինայի ընթացիկ եկամուտների 50 տոկոսը ռեսուրսների արդիւնահանումից, ինչպէս նաեւ «երրորդ կողմերին տրւած [ռեսուրսների արդիւնահանման] բոլոր նոր արտօնագրերի արժէքի 50 տոկոսը»: Նման եկամուտների նկատմամբ «կալանք կը դրւի» յօգուտ Միացեալ Նահանգների։ «Այս կէտը նշանակում է «նախ մեզ վճարէ՛ք, յետոյ կերակրէ՛ք ձեր երեխաներին»,- պարբերականի հետ զրոյցում յայտարարել է բանակցութիւններին մօտ կանգնած աղբիւրը։
Համաձայնագրում նշւում է, որ «հետագայ բոլոր արտօնագրերի առնչութեամբ արտահանման համար պիտանի օգտակար հանածօների վերաբերեալ» Միացեալ Նահանգները գնման արտօնեալ իրաւունք կունենայ:
The Telegraph-ը նշում է, որ ուկրաինական ռեսուրսներին Միացեալ Նահագների հասանելիութիւն տրամադրելու գաղափարը հէնց Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին է առաջարկել։ Նա, ըստ պարբերականի՝ ենթադրում էր, որ ամերիկեան ընկերութիւնները կը սկսեն իրենց գործունէութիւնը Ուկրաինայում՝ «ծուղակ» ստեղծելով Վլադիմիր Պուտինի համար, ինչը նրան կը խանգարի կրկին յարձակւել Ուկրաինայի վրայ։ Դա հիմնւած է, մասնաւորապէս, այն փաստի վրայ, որ որոշ օգտակար հանածօների հանքավայրեր գտնւում են երկրի արեւելեան ճակատային գծի մատոյցներում կամ Ռուսաստանի բռնազաւթած տարածքներում։
«Նա, ըստ ամենայնի, չէր սպասում, որ իր առջեւ կը դրւեն այն պայմանները, որոնք սովորաբար դնում են պատերազմում պարտւած ագրեսոր պետութիւնների ուսերին։ Դրանք աւելի վատն են, քան Գերմանիայի եւ Ճապոնիայի նկատմամբ 1945 թւականին նրանց պարտութիւնից յետոյ կիրառւած ֆինանսական պատժամիջոցները։ Եթէ նախագիծը [համաձայնագիրն] ընդունւեն, Թրամփի պահանջները կը կազմեն Ուկրաինայի ՀՆԱ-ի աւելի մեծ մասնաբաժինը, քան Գերմանիային Վերսալի պայմանագրով սահմանւած ռեպարացիոն հատուցումները»,- նշում է The Telegraph-ը։