Փաշինեանը կեղծօրէն պնդում է, որ նախկին ղեկավարները Արցախը ճանաչել են որպէս Ադրբեջանի մաս

Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Օլիւիէ Դըկոտինեին, որը յայտնի է խիստ հայամէտ դիրքորոշումներով, անցեալ շաբաթ բոլորին զարմացրեց՝ Հայաստանի Հանրային ռադիոյին տւած հարցազրոյցում կեղծօրէն յայտարարելով, որ վարչապետ Նիկոլ Փաշինեանն առաջին հայ ղեկավարը չէ, որն ընդունել է, որ Արցախը պատկանում է Ադրբեջանին:
Դըկոտինեին յաւելեց. «Հայաստանը ընդունել, ճանաչել է, որ Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի մաս է կազմում Ալմա-Աթայի հռչակագրի (1991 թ.) ընդունման պահից սկսած, քանի որ Լեռնային Ղարաբաղը Խորհրդային Ադրբեջանի մի շրջան էր։ Հետեւաբար, նրանք, ովքեր պնդում են, թէ Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի մաս է ճանաչւել 2022 թւականին Պրահայում, ստում են, որովհետեւ Լեռնային Ղարաբաղը Հայաստանի կողմից Ադրբեջանի մաս է ճանաչւել Ալմա-Աթայի հռչակագրից սկսած»։
Սա ոչ դիւանագիտական եւ կեղծ յայտարարութիւն է Հայաստանի բարեկամ երկրի ներկայացուցչի կողմից: Ինչո՞ւ է Ֆրանսիայի դեսպանը նման սխալ յայտարարութիւն արել: Կարող է լինել երեք պատճառ.
1) Ֆրանսիայի նախագահ Էմմանուէլ Մակրոնին փրկել մեղադրանքից՝ 2022 թւականի հոկտեմբերի 6-ին Պրահայում Եւրոպական խորհրդի այն ժամանակւայ նախագահ Շառլ Միշէլի հետ միասին Փաշինեանի եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ բանակցութիւններում միջնորդելու համար, որտեղ Փաշինեանը ճանաչել է Ադրբեջանի տարածքային ամբողջականութիւնը՝ ընդունելով, որ Արցախն Ադրբեջանի մասն է՝ հիմնւելով 1991 թւականի Ալմա-Աթայի հռչակագրի վրայ:
2) Արդարացնել եւ աջակցել Փաշինեանի երերուն իշխանութեանը ներքին հակառակորդների դէմ՝ Արցախն Ադրբեջանին յանձնելուց յետոյ:
3) Բարելաւել Ադրբեջանի եւ Ֆրանսիայի միջեւ լարւած յարաբերութիւնները։
2022 թւականին Պրահայում կայացած քառակողմ հանդիպումից յետոյ տարածւած յայտարարւել է, որ Հայաստանն ու Ադրբեջանը, 1991 թւականի Ալմա-Աթայի հռչակագրի համաձայն, «ճանաչում են միմեանց տարածքային ամբողջականութիւնն ու ինքնիշխանութիւնը», ինչը նշանակում է, որ Արցախը պատկանում է Ադրբեջանին։ Այնուհետեւ Փաշինեանը բազմիցս բացայայտ ու կեղծ կերպով յայտարարել է, որ Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրայ Արցախն Ադրբեջանի մաս է։
Նման յայտարարութեամբ Փաշինեանը մտադիր էր մեղքը բարդել Հայաստանի նախկին ղեկավարների վրայ՝ 1991 թւականին Արցախն Ադրբեջանին հանձնելու համար՝ 2018 թւականին իր իշխանութեան գալուց շատ աւելի առաջ։
Ֆրանսիայի դեսպանի եւ Փաշինեանի յայտարարութիւններում կան մի քանի սխալներ.
– 1991 թւականի դեկտեմբերի 21-ի Ալմա-Աթայի հռչակագրում Արցախի մասին որեւէ յիշատակում չի եղել: Դրանում ասւում էր, որ նախկին տասնմէկ խորհրդային հանրապետութիւնները, ներառեալ Հայաստանը եւ Ադրբեջանը, «ճանաչում եւ յարգում են միմեանց տարածքային ամբողջականութիւնը եւ առկայ սահմանների անձեռնմխելիութիւնը»։
– Նախագահ Լեւոն Տէր-Պետրոսեանը 1991 թւականին Ալմա-Աթայից վերադառնալու ճանապարհին խորհրդային հեռուստատեսութեանն ասաց, որ երբ Հայաստանի Գերագոյն խորհուրդը վաւերացնի Հռչակագիրը, վերապահում կաւելացւի Լեռնային Ղարաբաղի ինքնավարութեան կարգավիճակի վերաբերեալ, «որպէսզի կարողանանք ամուր երաշխիքներ ստանալ Լեռնային Ղարաբաղի՝ որպէս ինքնավար կառոյցի գոյութեան համար»։
– 1992 թւականի փետրւարի 18-ին Հայաստանի Հանրապետութեան Գերագոյն խորհուրդը վաւերացրեց 1991 թւականի դեկտեմբերի 8-ի Մինսկի համաձայնագիրը՝ Անկախ պետութիւնների համագործակցութեան (ԱՊՀ) ստեղծման մասին, որը Ալմա-Աթայի հռչակագրի նախադրեալն էր: Հաշւի առնելով այն փաստը, որ Արցախը 1991 թւականի դեկտեմբերի 10-ին հանրաքւէ է անցկացրել՝ յայտարարելով Լեռնային Ղարաբաղի Հանրապետութեան ստեղծումը, Հայաստանի Գերագոյն խորհուրդը աւելացրել է հետեւեալ վերապահումը, որը վերաբերում էր Արցախին. ԽՍՀՄ բոլոր նախկին ինքնավար կառոյցները, որոնք նախկինում հանրաքւէ էին անցկացրել՝ հռչակելով իրենց անկախութիւնը, կարող են միանալ ԱՊՀ-ին:
– Հայաստանի Գերագոյն խորհուրդը 1992 թւականի յուլիսի 8-ի որոշմամբ վերահաստատել է իր դիրքորոշումը Արցախի վերաբերեալ՝ յայտարարելով, որ անընդունելի է համարում ցանկացած փաստաթուղթ, որտեղ Լեռնային Ղարաբաղի Հանրապետութիւնը նշւած կը լինի Ադրբեջանի կազմում:
– 1994 թւականի ապրիլի 15-ին Հայաստանի նախագահը հրաժարւեց ստորագրել «Անկախ Պետութիւնների Համագործակցութեան մասնակից պետութիւնների ինքնիշխանութեան, տարածքային ամբողջականութեան եւ սահմանների անձեռնմխելիութեան մասին հռչակագիրը»՝ մտահոգւելով, որ Ադրբեջանն այդ փաստաթուղթը կօգտագործի Արցախի դէմ։
Հայաստանի 1995 թւականի Սահմանադրութեան նախաբանում յղում կայ Անկախութեան հռչակագրին, որն իր հերթին յղում է կատարում Խորհրդային Հայաստանի Գերագոյն խորհրդի եւ Արցախի Ազգային խորհրդի 1989 թւականի «Հայկական ԽՍՀ-ի եւ Լեռնային Ղարաբաղի վերամիաւորման մասին» համատեղ որոշմանը։
– Վերջապէս, 1996 թ. ԵԱՀԿ Լիսաբոնի գագաթնաժողովի ժամանակ Հայաստանի կառավարութիւնը վետօ դրեց մի բանաձեւի վրայ, որով Լեռնային Ղարաբաղին ամենաբարձր ինքնակառավարման աստիճան էր տրւում Ադրբեջանի կազմում:
Արցախի՝ Ադրբեջանից անջատ կարգավիճակի մասին վերը նշւած բոլոր յիշատակումներից յետոյ ինչպէ՞ս կարող է Փաշինեանը պնդել, որ Հայաստանի նախկին ղեկավարներն Արցախը տւել են Ադրբեջանին։ Եթէ այդպէս էր, ապա.
– Ինչո՞ւ Ադրբեջանը չի բռնագրաւել Արցախը 1991 թւականից մինչեւ 2020 թւականը։
– Ինչո՞ւ Ադրբեջանը 2020 թւականին մեծ պատերազմ սկսեց Արցախը նւաճելու համար՝ կորցնելով հազարաւոր զինւորներ։
– Ինչո՞ւ են հայ զինւորները կռւել ադրբեջանական զօրքերի դէմ 1991 թւականից յետոյ։
– Ինչո՞ւ էր Հայաստանի իշխանութիւնը տասնամեակներ շարունակ, այդ թւում՝ Փաշինեանի օրօք, հայկական բանակի զինւորներ տեղակայել Արցախում։
– Ինչո՞ւ էր Հայաստանի կառավարութիւնը հարիւր միլիոնաւոր դոլարներ ներդրել Արցախի բիւջէում, եթէ Արցախը եղել է Ադրբեջանի կազմում։
– Ինչո՞ւ էր Եւրամիութեան արտաքին քաղաքականութեան բարձր ներկայացուցիչ Ժոզէպ Բորէլը 2023 թւականին Եւրախորհրդարանում յայտարարել, որ «Հայաստանը ճանաչել է Լեռնային Ղարաբաղը որպէս Ադրբեջանի անբաժանելի մաս, եւ Նիկոլ Փաշինեանը Հայաստանի առաջին ղեկավարն է, որ նման յայտարարութիւն է արել»։
– Ինչո՞ւ էր Փաշինեանը 2019 թւականի օգոստոսի 5-ին Ստեփանակերտում հանդէս եկել արցախցիների առջեւ եւ յայտարարել. «Արցախը Հայաստան է, եւ վերջ», եթէ Արցախը տրւած էր Ադրբեջանին։
– Ինչո՞ւ էր միջնորդների Մինսկի խումբը՝ Ֆրանսիայի, Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի գլխաւորութեամբ, տասնամեակներ շարունակ փորձում լուծում գտնել Արցախի կարգավիճակի համար, եթէ այն 1991 թւականից ի վեր Հայաստանի կողմից ճանաչւած էր որպէս Ադրբեջանի մաս։
Այս բոլոր հարցերի պատասխանն այն է, որ Հայաստանի նախկին ղեկավարներն Արցախը չեն յանձնել Ադրբեջանին։ Փաշինեանը առաջին հայ ղեկավարն էր, որն Արցախը ճանաչեց որպէս Ադրբեջանի մաս։
ՅԱՐՈՒԹ ՍԱՍՈՒՆԵԱՆ
«Կալիֆորնիա կուրիէր»
www.TheCaliforniaCourier.com
Թարգմանութիւնը՝ ՌՈՒԶԱՆՆԱ ԱՒԱԳԵԱՆԻ