Հայաստան - Արցախ

Շարժումն այս պահից պէտք է կարեւորի էապէս նոր թեմաներ

ՎԱՀԷ ՅՈՎՀԱՆՆԻՍԵԱՆ

«Այլընտրանքային նախագծեր» խմբի անդամ

 

Առանցքային հանրահաւաքը աւելի լաւ ձեւակերպում է, քան՝ 20-25 տարի գերիշխած «կրիտիկական զանգւածով» հանրահաւաքը։ Հանրահաւաքը կը լինի առանցքային այն դէպքում, եթէ նոր առանցքային թեմաներ սկսեն կարեւորել, որոնք ենթադրում են նոր մասնագիտական խմբերի ներգրաւում եւ նոր սոցիալական խմբերի ուշադրութիւն։

Մեր քաղաքական միտքն իսկապէս կարծում էր, որ եթէ մի օր մի հանրահաւաքի դուրս գայ «կրիտիկական զանգւած», վերջ, իշխանութիւնը կը փոխւի, ու այդպէս՝ երկար տարիներ, անկախ նրանից, թէ ով էր իշխանութիւնը եւ ով՝ փոխողը։ Բնականաբար ոչինչ չէր ստացւում։

Ես ուզում եմ հաւատալ, որ առանցքայինն իր բովանդակութեամբ պէտք է տարբերւի կրիտիկականից, թէեւ «առանցքային»-ի ընկալումներն էլ կարող են տարբեր լինել։ Շարժման այս պահի նպատակը լայն կրիտիկական համախմբում ստանալն է, իսկ դա հնարաւոր է լինում, եթէ բարձրացւում են լայն եւ տարբեր շերտերի հետաքրքրութեան, կենսական թեմաներ։ Պարզ ասած՝ կրիտիկական զանգւած ապահովում են առանցքային թեմաները։

Շարժումը շատ կարեւոր ու դժւար փուլ յաղթահարել է՝ ձեւաւորել է կայուն նոր ընտրազանգւած, ջարդել է իշխանական հակաքարոզչութեան ամենամեծ ալիքը, թակել է մշտական դիտորդ-զգուշաւոր-տատանւող շերտերի դուռը։ Որպէսզի այդ դռները բացւեն, շարժումը այս պահից էապէս կարեւորի նոր թեմաներ.

1. Սոցիալական արդարութիւն:

2. Վիճայարոյց ճանապարհներով հարստացած նախկին եւ ներկայ պաշտօնեաների հանրային փոխհատուցման քաղաքակիրթ, ապաքրէական մեխանիզմներ։

Հաւաքական գիտակցութեան մէջ այս թեման կայ, եւ այն շրջանցել հնարաւոր չէ։

3. Աշխատողների իրաւունքների պաշտպանութիւն. թէ´ պետական համակարգում, թէ´ մասնաւորում տոտալ խախտումների եւ ճնշումների խնդիրը պէտք է լուծւի։

4. Բիզնես միջավայր, շրջհարկի փոփոխութիւններ. այս իշխանութիւնը գնում է բիզնես դաշտի էական վատացման ուղղութեամբ։ Բիզնեսին պէտք է տալ ծանրակշիռ երաշխիք, որ երբեւէ չեն կրկնւելու նախկին հարկային-մաքսային բարքերը, պէտք է սկսել բաց երկխօսութիւն բիզնեսի հետ, եւ բիզնեսը կը կանգնի շարժման, այն է՝ Հայաստանում խորքային փոփոխութիւնների կողքին։

5. Վարկային գերութիւն։ Կան տարբերակներ, որոնք առաջարկում են ամենեւին ոչ պոպուլիստական մեխանիզմներ, որով հնարաւոր է վերանայել շատերի անարդար վարկային պարտաւորութիւնները, օգնել քաղաքացուն՝ դուրս գալ վարկային ստրկութիւնից։

6. Թանկութիւն. Հայաստանում կեանքն ակնյայտ արհեստականօրէն թանկ է։

7. Բարոյական տոտալ հանրային ճնշում է պէտք իրենց անասունի նման պահող որոշ պաշտօնեաների, քարոզիչների վրայ, որոնք չեն պահում մարդկային որեւէ սահման։

8. Եւ այլ բազմաթիւ զգայուն թեմաներ:

Տատանւողներին, «ես քաղաքականութեամբ չեմ զբաղւում», «վախենում եմ ակտիւ լինել, «ի՞նձ ինչ» ասող խաւին կարճաժամկէտ փուլում հնարաւոր չէ համոզել «զբաղւել քաղաքականութեամբ» ։ Բայց հնարաւոր է եւ պէտք է նրան հետաքրքրել՝ զբաղւել սեփական խնդիրներով, ու դա կը բերի բնական ուժեղ կոնսոլիդացիայի:

Related Articles

Back to top button