2025-Ի ձմեռային Համահայկան 2-րդ խաղերը Ջերմուկի բնական յուշարձանում
Համահայկական ձմեռային 2-րդ խաղեր՝ Փետրւար 2025
«ԱԼԻՔ» – Համահայկական ձմեռային 2-րդ խաղերը կանցկացւեն 2025 թւականի փետրւարի 1-ից 7-ը Հայաստանի գեղատեսիլ Ջերմուկ քաղաքում: Այս մասին «ԱԼԻՔ»-ին յայտնել է ՀԽՀԿ գործկոմի անդամ եւ Իրանի ներկայացուցիչ Հենրիկ Խալոյեանը:
Պրն. Խալոյեանի փոխանցմամբ խաղերի խորհրդանիշն արդէն իսկ հաստատել է գործադիր մարմինը:
Աղբիւրի համաձայն խաղերն անց են կացւելու հոկէյ (Երեւանում), լեռնադահուկ, սնոուբորդ, դահուկավազք, շախմատ, սպորտային պարեր, իւկիգասեն (ձնագնդի) մրցութային մարզատեսակներում:
Պրն. Խալոյեանը տեղեկացրել է նաեւ, որ ինչպէս ամառային 8-րդ խաղերը, այս ձմռանը եւս հնարաւորութիւն կայ մասնակցելու այս միջազգային սպորտային իրադարձութեանը՝ ներկայացնելով Իրանի հայ համայքը համահայկականին մասնակցող միւս բոլոր քաղաքների կողքին:
Խաղերին մասնակցութիւնը ազատ է բոլորի համար եւ անց է կացւելու «Միասնութիւն սպորտով» կարգախօսի ներքոյ։
«Սա բացառիկ հնարաւորութիւն է՝ Համահայկականի յիշարժան փորձառութեան ներքոյ գտնւել ամբողջ աշխարհից մասնակցող շուրջ 2000 մարզիկների կողքին»,- նշում է մեր զրուցակիցը:
ՀԽՀԿ գործկոմում Իրանի ներկայացուցիչը յաւելեց, որ Համահայկական խաղերի Համաշխարհային կոմիտէն փորձելու է հոգալ Հայաստանում կեցութեան, նախաճաշի, պատմական վայրեր այցելութիւնների, ինչպէս նաեւ ներքին տրանսպորտի հարցերը։
Լրացուցիչ տեղեկութիւնների եւ յայտագրւելու համար դիմել իրանահայ մարզա-մշակութային միութիւնների եւ ազգային Իշխանութիւնների կողմից նշանակւող խաղերի յանձնախմբերի յայտարութիւններին:
«Սիրելի մարզիկներ եւ մարզասէր հասարակութիւն, պատրաստւէք ապրելու անմոռանալի սպորտային պահեր 2025 թւականի փետրւարին»,- նշում է պրն. Խալոյեանը:
Պարի եւ սպորտային պարերի մեդալային տեստերի համակարգի կիրառման սահմանները
«Բրոնզ» կարգի պարող են համարւում այն պարողները եւ պարուհիները, ովքեր զբաղւում են սպորտային պարերով 1.5-2 տարի։
«Արծաթ» կարգի պարող են համարւում այն պարողները եւ պարուհիները, ովքեր զբաղւում են սպորտային պարերով 2-3 տարի։
«Ոսկի» կարգի պարող են համարւում այն պարողները եւ պարուհիները, ովքեր զբաղւում են սպորտային պարերով 3․5 եւ աւելի տարի։
Պարային մրցումների գնահատումը
1․Մրցումների բոլոր փուլերը նախքան եզրափակիչ փուլին հասնելը պէտք է գնահատւեն փակ սկզբունքով։ Մրցավարները յաջորդ փուլ անցնող պարողներին գնահատում են «X», իսկ չանցնող պարողներին՝ «0» պայմանանշանի միջոցով։
2․ Այն դէպքում, եթէ տարբեր պարողներ ունենում են միեւնոյն գնահատական նախքան եզրափակիչ փուլ անցնելը, գլխաւոր մրցավարը որոշում է, թէ ով պիտի անցնի յաջորդ փուլ։
3․ Եզրափակիչ փուլում գնահատականներ կարող են դրւել կամ բաց կամ փակ սկզբունքով։ Միայն Գլխաւոր մրցավարը իրաւունք ունի իմանալ գնահատականները նախքան մրցման աւարտը։ 3 աւել փուլ չի թույլատրւում անցկացնել մէկ բաժնում մէկ օրւայ ընթացքում։ 2 տարբեր ծրագրերի միջեւ պէտք է լինի առնւազն 20 րոպէ ընդմիջում։ Եթէ գնահատականները եզրափակչի ընթացքում դրւում են բաց սկզբունքով, դրանք կարելի է յայտարարել ամէն պարից կամ վերջին պարից յետոյ։
Շախմատի առաջնութեան կանոնակարգ
Համահայկական ձմեռային 2-րդ խաղերի շախմատի առաջնութիւնը կանցկացւի Ջերմուկ քաղաքում 2025 թւականի փետրւարի 1-ից 6-ը՝ Ա (տղամարդիկ) եւ Բ (կանայք) մրցաշարերով։ Առաջնութեան մասնակիցների միջազգային եւ ազգային վարկանիշները չպէտք է գերազանցեն՝ տղամարդկանց համար 2300-ը, կանանց համար՝ 2250-ը։ Առաջնութիւնը անցկացւում են շւէյցարական մրցակարգով՝ 9 խաղափուլով։ 1-ից 3-րդ տեղերը գրաւած մասնակիցները կը պարգեւատրւեն մեդալներով։ Առաջնութեանը մասնակցելու իրաւունք ունեն՝ Երեւանից 5-ական, Գիւմրիից եւ Վանաձորից 4-ական, Հայաստանի միւս համայնքներից 3-ական մասնակիցներ իւրաքանչիւր մրցաշարում։ Սփիւռքահայ մասնակիցների մուտքն ազատ է։
Ժամակարգ
Իւրաքանչիւր մասնակցին տրւում է 15 րոպէ մինչեւ խաղի աւարտը՝ 5 վայրկեան յաւելումով՝ սկսած առաջին քայլից։