Մկրտիչ Մկրտչեան. «Ապրիլին գնացինք Արցախ՝ ապրելու»
Երգիչ, Արցախեան ազատամարտի մասնակից Մկրտիչ Մկրտչեանի հետ հանդիպում ենք Երեւանի սրճարաններից մէկում՝ իր 55-րդ տարեդարձի յաջորդ օրը՝ ապրիլի 26-ին։ Երգերի միջոցով իր կեանքը վերապատմող Մակիչի հետ զրուցեցինք անմիջական ու երկար։
– Լրացաւ Ձեր 55-ամեակը: Ի՞նչ բանաձեւով էք առաջնորդւել կեանքում:
– Բանաձեւեր չունեմ։ Ապրել եմ այնպէս, ինչպէս կեանքն է թելադրել՝ համահունչ իմ ժողովրդի, ընկերների եւ հարազատների հետ։
– Երգիչ, զինւոր, հայր․ այս շարքը կարելի է երկար շարունակել: Սակայն ո՞վ է իրականում Մկրտիչ Մկրտչեանը:
– Մարդ, ով ունի մասնագիտութիւն եւ որն օգտագործում է իր ժողովրդի համար։
– Ձեր պարագայում՝ երգը ժառանգութի՞ւն է, թէ՞ ապրելաձեւ:
– Ծնողներս երգում էին, ես էլ զարգացրել եմ ժառանգաբար ինձ փոխանցւածը։
Երգն ինձ շտկեց, դաստիարակեց։ Այն միացնող է, իսկ մենք պարտաւոր ենք միասնական լինել։ Պարտաւոր ենք, քանզի մեր խնդիրները լուծւած չեն։ Աւելին՝ մեր ժողովուրդը միշտ պէտք է կրի այդ մշակոյթը։
– Ասում են՝ բեմը խորան է երգչի համար։ Ի՞նչ է բեմը Ձեր պարագայում։
– Բեմն ուղղակի տեղ է, որտեղ երգում եմ։ Ոչ մի մեծ բեմում երգելու բաւականութիւնը չի կարող համեմատւել ընկերներիս համար մի սեղանի շուրջ երգելու հետ: Մարդու հոգին է խորան: Սիրտը սրտին տաս, ապրես ու ապրեցնես։
– Տարբերութիւն ունի՞ թէ ինչ հանդիսատեսի համար էք երգում:
– Մենակ թէ հայ լինի հանդիսատեսը, որովհետեւ իմ երգերը հայութեան համար են։ Եթէ կարողանաս երգի միջոցով հանդիսատեսի գոնէ 2 տոկոսն աշխատեցնես՝ ի նպաստ քո երկրի բարօրութեան, ուրեմն յաջողել ես։
– Ի՞նչ էք երգում Ձեր զաւակների համար:
– Տանը չի ստացւում։ Համ էլ՝ տեխնիկան այնքան է զարգացել, որ իրենք ամբողջ օրն ինձ են լսում։ Նոյնիսկ՝ արդէն յոգնել եմ ինքս ինձ լսելուց (ժպտում է)։
– Ի՞նչ է հայրենիքը Ձեզ համար:
– Կարծում եմ՝ հայրենիքը իւրաքանչիւր ազգի, յատկապէս հայերիս ապրելու հնարաւորութիւնն է, որից չենք կարող, չպէտք է բաժանւենք:
Փոքրիկ հայրենիք է նաեւ ընտանիքը։ Եթէ մենք կարողանում ենք ազնիւ երեխայ դաստիարակել՝ անկաշառ եւ պատւով, նշանակում է, որ հայրենիքի մտածողութիւնն ու ապրելակերպն ենք փոխանցում: Մենք այնքան պէտք է ազնիւ ու շիտակ լինենք, որ կարողանանք մեր հարեւանի երեխուն մերը համարենք։
– Ի՞նչ ոգով էք 1988-ին եւ 2016-ին մեկնել պատերազմի:
– 1988-ին մարտի դաշտ մեկնեցինք հայրենիքի նկատմամբ պարտականութեան զգացումով։ Պահը մերն էր։ Մենք էլ գիտէինք, թէ ինչ պէտք է անենք, եւ կռւում էինք խենթի պէս: Ու բախտը ժպտաց մեզ։
Իսկ ապրիլին հասկացայ, որ անկախութեան 25 տարիները չեմ ապրել: Պատերազմի չորս տարիների արժէքը շատ մեծ էր, եւ միանգամից, առանց վարանելու ապրիլին գնացինք Արցախ՝ ապրելու։ Հայրենիք պաշտպանելուց հրաշք բան չկայ։
Ռոմանտիզմը հասցրեց մեզ մարտի դաշտ եւ փոխեց մեր կեանքը, գաղափարը, ցանկութիւնը։
– Ի՞նչն էր 1988-ի յաղթանակի գրաւականը:
– Մեր ժողովուրդը։ Սակայն հայերս շատ դժւար խառնւածք ունենք։ Մենք կարող ենք երկիր ազատագրել, բայց, միեւնոյն ժամանակ, ինքներս կործանել այն: Նայած թէ ում կողքին ենք։
Եթէ ժողովուրդն ընտրի ազգին, ուրեմն կազմակերպւած է եւ յաղթանակած։ Բայց մեր ժողովուրդը լքեց ազգին եւ գնաց մի կտոր հացի ճանապարհով։ Խաղաղ 25 տարիների ընթացքում մենք հանդուրժեցինք եւ մասնակիցը դարձանք մեր երկրի կործանմանը։
Պէտք է հասնենք նրան, որ սթափ գիակցութիւնը մեզ խաղաղ ժամանակ էլ առաջնորդի։
– Ապրիլեան պատերազմից յետոյ ի՞նչ զգացողութիւններով էք յետ եկել:
– Հպարտութիւնով, քանի որ մենք կարողանում ենք մեզ պաշտպանել։ Մենք պատւով յետ շպրտեցինք թշնամուն՝ գենետիկայի եւ նւիրւածութեան շնորհիւ։ Բայց ապրիլին ստացած դասը շատ կարեւոր էր:
Մարդիկ լծւեցին աշխատանքի: Կարծում եմ՝ բաւական բան փոխւեց եւ դեռ փոխւում է: Ժամանակն առաջ է ընթանում, պետութիւններն օրէցօր զարգանում են, մենք էլ պէտք է համահունչ քայլենք։ Եթէ մենք հաւասարը հաւասարի քայլէինք միւսների հետ, ոչ մի խնդիր չէինք ունենայ։
Ով ինչով կարող է՝ պէտք է օժանդակի այս երկրի կայացմանը: Պէտք է անենք:
– Երգո՞ւմ էիք այդ օրերին:
– Առանց երգելու չէր լինում։
– Ի՞նչը միաւորեց ձեզ եւ Դաշնակցութեանը:
– Դաշնակցութիւնը մի կանգառ է, որը հնարաւոր չէ լքել եւ չսիրել։ Այնտեղ ապրում ես պետութեան համար, հասարակութեան համար, արժանապատւութեան համար։
Դաշնակցութիւնն իր ուժը ցոյց է տալիս այն ժամանակ, երբ իսկապէս դրա կարիքը լինում է։ Ժողովուրդը մի օր կը հասնի այն գիտակցութեան, որ մեր ազգն ամենակարեւորն է, ու կապաւինի Դաշնակցութեանը։
– Ինչը՞ չէք հանդուրժում կեանքում։
– Սուտը։ Դա մեզ կործանում է։
– Ո՞րն է Ձեր կեանքի ամենակարեւոր ձեռքբերումը։
– Մարդիկ են իմ ձեռքբերումը։ Ես երջանիկ մարդ եմ, քանի որ միշտ շրջապատւած եմ եղել լաւ մարդկանցով, ընկերներով, որոնք ինձ հասցրել են նրան, ինչ-որ կամ այսօր։
– Երազանքներ ունէ՞ք։
– Սիրում եմ երազել, եւ կարծում եմ, որ իւրաքանչիւր մարդ, ով ունի երազանքներ, նպատակին կը հասնի։
Միշտ սիրել եմ երեխաներին եւ երազել եմ մեծ ընտանիք ունենալ։ Այսօր 5 երեխաների հայր եմ։ Շուտով ծնւելու է 6-րդ զաւակս։ Երազանքի իրականացումից քաղցր բան չկայ կեանքում։
– Առաջիկայում ի՞նչ ծրագրեր ունէք:
– Հիմա չեմ խօսի դրա մասին, հիմա ընթացքի մէջ է, եւ կարծում եմ՝ լաւ կը լինի։
– Հաւատո՞ւմ էք երկնայինին:
– Պարտադիր չէ մտնել եկեղեցի հաւատալու համար։ Գլուխը բարձրացրէք եւ երկնքին նայէք։ Այս անսահման տարածութիւնն ու մենք, մեր հողագունդը։ Ո՞նց կարելի է չհաւատալ։ Միայն տգէտ մարդը չի հաւատում։
Աղբիւրը՝ «Aparaj.am»
Հարցազրոյցը վարեց Լուսինէ Թեւոսեանը