ՄիջազգայինՔաղաքական

Բաքուն տառապում է աւելորդ ինքնավստահութեան սինդրոմով

Փորձագէտների արձագանգը՝ Ալիեւի գազետի մոլորութեանը

«ԱԼԻՔ» – Բաքուն տառապում է այն պատրանքից, թէ իբր գործնականում Իրանը կարողութիւն չունի «Զանգեզուրի միջանցք» կամ «ՆԱՏՕ-ի Թուրանական միջանցք»-ի հակաիրանական պլանի իրականացման դէմն առնելու:

Դոկտ. Էհսան Մովահեդեանն արձագանգելով Yeni Musavat օրաթերթի հրապարակմանը յաւելել է, որ երբ սրանից մէկ տարի առաջ «Հոսէյնիուն»-ի ակտիւիստների ձերբակալութիւններն էին տեղի ունենում Բաքւում, Իրանը լռութեամբ էր հետեւում այդ իրադարձութիւններին: «Սա պատճառ դարձաւ, որ Բաքուն երեւակայութիւնների գիրկն ընկնելով մտածի, որ Թեհրանը թոյլ դիրքերում է յայտնւել»,- նշել է նա:

Մովահեդեանը գրում է. «Բաքւի տէրերի ոչ պաշտօնական խօսնակ՝ Yeni Musavat-ն իր հրապարակած յօդւածով փորձեց այն տպաւորութիւնն ստեղծել, թէ իբր Իրանի ձեռքերը կարճ են Կովկասից: «Իրանը չի կարող ընտրել պատերազմի հիբրիդային տարբերակը Զանգեզուրի շրջանում, քանի որ այնտեղ չունի ահաբեկչական խմբաւորումներ»,- գրել է թերթը։

Մովահեդեանը նշել է, որ պէտք է յիշեցնել բոլորին, որ Հայաստանի Սիւնիքն Իրանի միակ կապն է եւրասիական տարածաշրջանի հետ, որն Արեւմուտքի մօտեցումների համաձայն՝ դեռեւս չի գտնւում Բաքւի վերահսկողութեան տակ: Բաքուն դիմադրութեան խմբերին ներկայացնում է ահաբեկչական խմբաւորումներ համատեքստում՝ սիոնիստական ​​ռեժիմի օրինակով իհարկէ: Թերթը նշել էր այնպիսի երկրների անունները, ինչպիսին Սիրիան, Իրաքը, Լիբանանը, Եմէնը, որոնցից Զանգեզուրը տարբերւում է իբր ահաբեկիչների բացակայութեամբ:

«Այդպիսով անհրաժեշտ է Իրանի անմիջական միջամտութիւնը «Զանգեզուրի միջանցք»-ի գործողութիւններին, ինչը չափազանց մեծ ռիսկ է Իրանի համար»,- շարունակել է իր երազի մասին բարձրաձայնել Yeni Musavat-ի յօդւածագիրը:

Մովահեդեանը լսարանի ուշադրութիւնը հրաւիրելով Կովկասում Իրանի փակ ձեռքի մասին Բաքւի ընկալմանը, եւ այս տարածաշրջանում դիմադրութեան ուժի բացակայութեանը, նշել է, որ բացի Բաքւի Հանրապետութիւնում «Հոսէյնիուն» շարժումից, առկայ են նաեւ Կովկասի ոչ մուսուլմանական շրջաններում տեղական դիմադրութեան ուժեր։ «Կայ նաեւ Վրաստանում, որոնք որոշումների կայացման կենտրոններում անտեսւել են, կամ նրանց պոտենցիալ ուժի մասին թիւր կարծիք է ձեւաւորւել: Սա պատճառ դարձաւ, որ Իրանը անտեսի կովկասեան դիմադրութեան այս ուժերին, ինչի հետեւանքով Իրանի դէմ թշնամաբար տրամադրւած թեւն այն որակելով անկարողութիւն՝ սկսի տառապել աւելորդ ինքնավստահութեան սինդրոմով»,- նշել է փորձագէտը:

Մովահեդեանն անդրադառնալով կարեւոր իրադարձութիւններում Իրանի որդեգրած լռութեան փաստին, յաւելել է, որ Ադրբեջանի Հանրապետութիւնում երեք տարի շարունակ իշխանութիւնները «բացայայտում» եւ իբր վնասազերծում է, այսպէս կոչւած, «իրանական լրտեսական ցանցերը», իսկ Իրանը շարունակում է խօսել Ադրբեջանի՝ որպէս իսլամական երկրի հետ Իրանի բարեկամութիւնը խորացնելու մասին: «Ահա թէ ինչն են վերագրում անկարողութեան կամ ռիսկի նշան»,- եզրակացրել է միջազգային յարաբերութիւնների փորձագէտը:

Նոյն կապակցութեամբ Վարդան Ոսկանեանն իր «Ֆէյսբուք»-եան գրառումում նշել է, որ Թուրքիայի խորհրդարանի պաշտպանութեան եւ անվտանգութեան հարցերով յանձնաժողովի նախագահ, պաշտպանութեան նախկին նախարար Յուլուսի Աքարը Բաքու կատարած այցի ժամանակ սպառնացել է Հայաստանին եւ ասել. «Կարծես որոշ երկրներ ցանկանում են Հայաստանը վերածել արբանեակի։ Եթէ Երեւանը գնայ այդ ճանապարհով, ապա պէտք է սպասի լուրջ հետեւանքների»:

Ոսկանեանը յաւելել է, որ տարածաշրջանին ծանօթ մարդու համար Էրդողանի կառավարութեան ներկայացուցչի արտաբերած «որոշ երկրներ» բառակապակցութիւնը պարզ է ու հասկանալի: «Նա յստակ նկատի ունի Իրանը, որը մեծ ճնշում է գործադրում բոլոր մակարդակներում, յատկապէս՝ «Թուրանական միջանցք» ծրագրի հարցում: Ակնյայտ է, որ Հայաստանի եւ Իրանի հազարամեայ յարաբերութիւնները չեն կարող մարսելի լինել ո՛չ Բաքւի, ո՛չ էլ Էրդողանի ռեժիմի համար։ Այս յայտարարութիւնները պարսկական ասացւածքի օրինակն են՝ «Անհաւատը բոլորին տեսնում է իր ուզածով»: Բաքւի ռեժիմը իրականում Թուրքիայի վստահւած անձի դերում է եւ առաջին անգամ քարտէզին է յայտնւել 1918 թւականին՝ համաշխարհային պատմութեան բեմում»,- գրել է նա:

Առնչւող Յօդւածներ

Back to top button