Եւրոպայում գազի գինը բարձրանում է
«ԱԼԻՔ» – Եւրոպայում բնական գազի յենանիշային գները բարձրանում են՝ ազդարարելով առաջարկի եւ պահանջարկի աճի անորոշութեան մասին, քանի որ Եւրոպան մօտենում է իր երրորդ ձմռանը՝ Ուկրաինա Ռուսաստանի ներխուժումից յետոյ:
Սակայն, ինչպէս նշում են փորձագէտները, բնական գազի անհրաժեշտ պաշարները ներկայումս ապահովւած եւ երաշխաւորւած են։
Դոկտոր Իւսդֆ Ալշամարին՝ Լոնդոնի էներգետիկ տնտեսագիտութեան կոլէջի նախագահ, Euronews Business-ին ասել է. «Չնայած գազի մեծ պաշարներին, անորոշութիւնը շարունակում է գերիշխել շուկաներում»:
Նա յաւելել է, որ օգոստոսին, ժամանակից շատ շուտ, ԵՄ գազի պաշարները կազմել են 90%, իսկ «այսօր պահեստարանները լցւած են 95 տոկոսով, ինչը 100 միլիարդ խորանարդ մետրից շատ է»:
Ճիշտ է, ջերմաստիճանի նւազման պատճառով ջեռուցման եւ էլեկտրաէներգիայի աւելացած պահանջարկը արդէն նոյեմբերի առաջին շաբաթներին դարձաւ հզորութեան փորձութիւն։
Ըստ Gas Infrastructure Europe-ի՝ նոյեմբերի առաջին երկու շաբաթւայ ընթացքում ցածր ջերմաստիճանը յանգեցրել է Եւրոպայում պահեստարաններից գազի դուրսբերման աճի։ Արդիւնքում Եւրոպայում գազի պահեստաւորման ընդհանուր ծաւալի գրեթէ 4%-ը (4,29 մլրդ խմ.) արդէն օգտագործւել է։
Ալշամմարին ակնկալում է, որ մինչեւ 2025 թւականի գարուն պահեստաւորման մակարդակն այնքան բարձր չի լինի, որքան նախորդ ձմռան վերջին՝ 2024 թւականի ապրիլին, երբ դրանք կազմում էին հզօրութեան 60%-ը: «Կարծես թէ դրանք (պաշարները – խմբ.) կարող են այս ձմռանը իջնել 50%-ից, ինչը նշանակում է, որ յաջորդ տարի Եւրոպան պէտք է շատ աւելի շատ գազ գնի պահեստները գրեթէ լիարժէք մակարդակին վերականգնելու համար: «Համեմատաբար ցուրտ եղանակի հետ մէկտեղ, սա, հաւանաբար, կը յանգեցնի գների աւելի բարձր, քան նախորդ ձմռանը, որը համեմատաբար մեղմ էր»:
ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի կողմից առաջացած աշխարհաքաղաքական լարւածութիւնը դարձել է մայրցամաքում էներգիայի գների հիմնական ռիսկի գործօնը: «Թէեւ ես կասկածում եմ, որ այս լարւածութիւնը հաւանաբար կը թուլանայ նորընտիր նախագահ Թրամփի օրօք, ԱՄՆ ներկայիս վարչակազմի մնացած օրերը կարծես թէ բարդացնում են իրավիճակը: Եւ դա կը յանգեցնի էներգակիրների գների աճի անկայունութեանը ինչպէս նաւթի, այնպէս էլ գազի համար»,- ասել է Ալշամմարին:
Հինգշաբթի օրը կայացած սակարկութիւններում բնական գազի գները հասել են վերջին մէկ տարւայ ամենաբարձր մակարդակին: Եւրոպայում անորոշութիւնն աճեց այն բանից յետոյ, երբ ռուսական «Գազպրոմը» նոյեմբերի 16-ին դադարեցրեց բնական գազի մատակարարումը Աւստրիա՝ երկրների միջեւ վճարային վէճի պատճառով։
Մինչդեռ Ուկրաինայի տարածքով ռուսական գազի տարանցման հիմնական պայմանագրի ժամկէտը լրանում է 2025 թւականի յունւարի 1-ին։ Դա վտանգում է, որ Ռուսաստանից ԵՄ արտահանւող գազատարի մնացած գազի կէսը կը բացառւի էներգահաշւեկշռից պահանջարկի գագաթնակէտին։
«Ռուսաստանից Եւրոպա ռուսական գազի մատակարարումների ցանկացած հետագայ խափանում, հաւանաբար, կը բարդացնի իրավիճակը եւրոպական երկրների համար, որոնք ապաւինում են այդ մատակարարմանը: Սա նշանակում է, որ ԵՄ պահեստարանները ճնշման տակ կը յայտնւեն»,- ասել է Ալշամարին: Նա յաւելեց, որ ակնկալում է, որ գներն էլ աւելի կը բարձրանան առաջիկայ շաբաթներին, եթէ մատակարարման խափանումները շարունակւեն կամ անորոշութիւնը մեծանայ:
Ռուսական խողովակաշարով գազի մատակարարումների բացակայութիւնը «կարող է առաջացնել էլեկտրաէներգիայի արտադրութեան մէջ ածուխի եւ նաւթի օգտագործման վերադարձ, (…), ինչը կարող է աւելի լայն ազդեցութիւն ունենալ էներգետիկ շուկաների վրայ»: Նման կարծիք է յայտնել Լոնդոնի էներգետիկ տնտեսագիտութեան կոլէջի նախագահը։
Ռուսական գազի ներկրման կրճատումը, ինչպէս նաեւ էներգիայի պահանջարկի աճը, կը յանգեցնի LNG-ի հետագայ ներմուծմանը Եւրոպա, ինչը կարող է նաեւ յանգեցնել էներգակիրների գների բարձրացմանը ողջ Եւրոպայում»:
«Երկարաժամկէտ հեռանկարում, ես կարծում եմ, որ միջուկային էներգիան պէտք է լինի Եւրոպայում, միգուցէ ԵՄ երկրների միջեւ էներգետիկ առեւտրի միջոցով, որը կարող է նւազեցնել կախւածութիւնը LNG ներկրումից»,- ասաց Ալշամարին:
Որքանո՞վ են վերականգնւող էներգիայի աղբիւրները կարողանում բաւարարել Եւրոպայում պահանջարկը:
Եթէ նայէք տարւայ միտումներին, ապա գազի պահանջարկը նւազում է։ 2022 թւականին այն կազմել է 350 մլրդ խմ մ, իսկ անցեալ տարի այն նւազել է մինչեւ 295 մլրդ խմ։ Էներգետիկ տնտեսագիտութեան եւ ֆինանսական վերլուծութեան ինստիտուտի տւեալներով՝ 2024 թւականի առաջին վեց ամիսներին ԵՄ-ում գազի սպառումը նախորդ տարւայ համեմատ նւազել է 3,2%-ով։
Այս անկումը, ըստ երեւոյթին, արդիւնք է վերականգնւող էներգիայի հզօրութիւնների աւելացման եւ էներգաարդիւնաւէտութեան բարձրացման:
«Վերականգնւող էներգիայի մասնաբաժինը զգալիօրէն աւելացել է վերջին տարւայ ընթացքում՝ հասնելով ԵՄ ընդհանուր էլեկտրաէներգիայի արտադրութեան 44,7%-ին, ինչը 12,4%-ով աւելի է 2022 թ.-ի համեմատ»,- ասել է Ալշամարին՝ յաւելելով, որ հանածոյ վառելիքի մասնաբաժինը նւազել է 19,7%-ով՝ ԵՄ-ում էլեկտրաէներգիայի ընդհանուր արտադրութեան մինչեւ 32,5%-ը։
Միեւնոյն ժամանակ, Լոնդոնի էներգետիկ տնտեսագիտութեան կոլէջի նախագահի կարծիքով, էներգետիկ ճգնաժամերից եւ էլեկտրաէներգիայի գների աճից հնարաւոր չէ խուսափել, եթէ յոյսը դնենք միայն էներգիայի վերականգնւող աղբիւրների վրայ։
«Եւրոպայի որոշ երկրներ, ինչպիսիք են Աւստրիան, Նորւեգիան եւ Իսլանդիան, լաւ վիճակում են հիդրոէներգիա օգտագործելու համար՝ առանց էլեկտրաէներգիայի գների զգալի աճի: Սակայն, ես չեմ կարծում, որ Եւրոպան կարող է ամբողջութեամբ յոյս դնել վերականգնւող էներգիայի վրայ»:
Ըստ Ալշամմարիի՝ էներգաարդիւնաւէտութեան բարելաւումը եւ էներգետիկ հաշւեկշռի դիւերսիֆիկացումը կարող են բարելաւել իրավիճակը։ «2021 եւ 2022 թւականների էներգետիկ ճգնաժամի ժամանակ Եւրոպային փրկած առանցքային գործօններից մէկը էներգաարդիւնաւէտութեան զգալի բարելաւումն էր, յատկապէս Գերմանիայում, ածխի վերաօգտագործումը որպէս էներգիայի աղբիւր եւ Ֆրանսիայի բազմաթիւ ատոմակայանների շահագործման վերադարձը: 2023 թւականին ատոմային էներգիան կը կազմի ԵՄ-ի ընդհանուր էներգիայի արտադրութեան 22,8%-ը»։