ԳաղափարականԽմբագրականՀՅԴ Մամուլ

ԱԿՆԱՐԿ. ԸՆԿԵՐՎԱՐՈՒԹԵԱՆ ՏԵՂԱՏՒՈՒԹԻՒՆԸ. ՀԱՐԿԱՒՈՐ Է ՃԵՂՔԵԼ ՓԱԿ ՕՂԱԿԸ

(Մայիսի 1-ի առիթով)

Ա. ՇԱՀՆԱԶԱՐԵԱՆ

 

Մեր օրերում, ընկերվարութեան նահանջն ու տեղատւութիւնը կարծես, թէ օրինաչափութեան է վերածւել, այն դէպքում, երբ վերջին երկու տասնամեակների ընթացքում կապիտալիզմը բախւել է էութաբանական եւ բովանդակային լուրջ ճգնաժամի:

Առկայ իրականութեան պարադոքսը գոյանում է նրանում, որ աշխարհի բազմաթիւ երկրներում քաղաքացիները պահանջում են քաղաքական եւ սոցիալ-տնտեսական արմատական փոփոխութիւններ, սակայն իշխող նէոլիբերալ համակարգը շարունակում է մնալ կայուն եւ ճաքեր չի տալիս:

Վերջին տասնամեակներում ընկերվարական ուժերի գաղափարական սայթաքումներն ու ճակատագրական սխալները կառավարման ոլորտում, յանգեցրել են նրան, որ այդ գաղափարախօսութիւնը կրող ուժերին չի յաջողւում ղեկավարել հակակապիտալիստական հասարակական դժգոհութեան ալիքը, եւ արդէն օրակարգային հարցի է վերածւել այն, թէ քաղաքականապէս սնանկացած այս ուժերը, որոնք մեկուսացած են հասարակական զանգւածներից կարո՞ղ են արդեօք հեռանկարային որեւէ այլընտրանք ներկայացնել գործող նէոլիբերալիստական կարգի չէզոքացման եւ ընկերային արմատական վերափոխումների համար, թէ՞ ոչ:

Փաստ է, որ համակարգային արմատական վերափոխումներին հասնելու համար անհրաժեշտ է հզօր սոցիալական շարժման աջակցութեան առկայութիւն: Փաստ է նաեւ այն, որ որոշակի գաղափարախօսութեան վրայ հիմնւած ցանկացած քաղաքականութեան ձախողումը, կամ գործող համակարգի ոչ լեգիտիմութեան գիտակցումը բաւարար հիմքեր չեն համակարգային փոփոխութեանն ուղղւած համաժողովրդական կամք ստեղծելու համար: Եւ հէնց այդ պատճառով էլ համաժողովրդակ ակտիւ շարժմանը փոխարինման է գալիս հասարակական պասիւիզմը, կրաւորականութիւնը, անտարբերութիւնը:

Նման իրավիճակը պարարտ հող է ստեղծում նէոլիբերալիզմի դիրքերի պահպանման համար, մանաւանդ, որ այն գիտի, թէ ինչպէս է անհրաժեշտ դասեր քաղել անյաջողութիւններից եւ վերացնել դրանց առաջացման հիմքերը: Նէոլիբերալիզմը չի վարանում խախտել խաղի կանոնները եւ փոխել դրանք ցանկացած մեթոդով, երբ անհրաժեշտ է:

Անւանի փիլիսոփայ Լուսիէն Սոուն, իր մահից առաջ ֆրանսիական L’Humanité-ին տւած հարցազրոյցում, անդրադառնալով կապիտալիզմի եւ նրա հոգեզաւակը հանդիսացող նէոլիբերալիզմի գործելաոճին ասել է. «Կապիտալիզմն ինքնըստինքեան չի փլուզւի, այն դեռեւս ունի մեզ բոլորիս ոչնչացնելու համար անհրաժեշտ ներուժ, ինչպէս այն օդաչուները, որոնք նպատակաուղղւած դէպի մահ են ուղղորդում ինքնաթիռը եւ նրա բոլոր ուղեւորներին: Պարտադիր է, որ մենք բոլորս միասին մտնենք օդաչուների խցիկը եւ վերցնենք ղեկը՝ փրկելով իրավիճակը»:

Բայց, ինչպէս Բոնուա Բրեւիլը եւ Սերժ Հաքիմին Le Monde Diplomatique-ում հրապարակւած՝ «Ցանկանում ենք, բայց չենք կարողանում» յօդւածում են գրել, խնդիրը գոյանում է նրանում, որ ընկերվարականները յաճախ են յայտնւել օդաչուների խցիկում, սակայն, նրանց մօտ ոչինչ չի ստացւել: Նրանք ոչ միայն ձախողել են իրենց իսկ առաջարկած ծրագրերի եւ նախընտրական խոստումների իրագործումը, այլեւ՝ յաճախ իրականացրել են իրենց գաղափարական հակառակորդների ծրագրերը, ինչն էլ խորը հիասթափութիւն է առաջացրել նրանց վստահած ընտրազանգւածի եւ հասարակութեան մօտ ընդհանրապէս: Նրանց համար անընդունելի եւ անհասկանալի է, թէ այդ ինչպէ՞ս է պատահում, որ ձախ առաջնորդը իշխանութեան գալուց յետոյ վերածւում է ընդամէնը նէոլիբերալիստական ծրագրերն իրականացնող «գործադիր տնօրէնի»:

Հէնց սա էլ հասարակութեանը յաճախ ստիպում է յանձնւել ու համակւել դետերմինիզում՝ փնտրելով այլ լուծումներ:

Իսկ այս գորշ համայնապատկերի ֆոնին, ո՞րն է կարող լինել ընկերավարութեան փրկօղակը: Հարց, որի պատասխանն ըստ ընկերվարութեան ժամանակակից մտածողների յստակ է. «Վերադարձ արմատներին եւ սկզբունքային ու փորձւած գործելաոճին՝ օրւայ պահանջներին համապատասխան»:

Եթէ ի մի բերենք նրանց տեսակէտները, ապա հնարաւոր կը լինի սահմանել հետեւեալ բանաձեւը. «Արդի ընկերվարութեան տեղատւութեան երթը կասեցնելու համար, անհնար է անտեսել դասակարգային դաշինքների վերազարթօնքի հարցը, որոնք 20-րդ դարում որոշակի յաղաթանկներ բերեցին ընկերվարութեանն ու հասարակական փոփոխութիւնների պատճառ դարձան: Այսօր այդ դաշինքները չափազանց փխրուն են, եւ նոյնիսկ՝ կազմաքանդւած: Հնարաւո՞ր է արդեօք դրանք վերականգնել, թէ պէտք է այն փոխարինել մի նոր բանով:

Կազմաքանդւել է առաջադէմ միջին խաւերի եւ ժողովրդական շերտերի միասնական ճակատը: Այս երկուսն այլեւս միմեանց հետ կապւած չեն կենսական միջավայրերի տարանջատման պատճառով: Նրանք այլեւս կողք-կողքի չեն պայքարում քաղաքական կուսակցութիւններում, որոնք այժմ հիմնականում կազմւած են բուրժուական շրջանակների ներկայացուցիչներից եւ թոշակառուներից: Նրանք այլեւս չեն համախմբւում նոյն նպատակների եւ առաջնահերթութիւնների շուրջ»:

Անշուշտ թեման ընդգրկուն է, եւ ենթադրում է խիստ մասնագիտական քննարկում, որն անհնար է տեղաւորել մէկ-երկու յօդւածների կամ ակնարկների շրջանակում: Այդուհանդերձ կարելի է յստակ նշել, որ վերջին տասնամեակներում ընկերվարութեան ձախողումը պէտք է վերագրել մի շարք գործօնների. քաղաքական (հանրահռչակւած նպատակներին եւ  ծրագրերին դաւաճանելը), գաղափարական (նահանջ ընկերվարական հիմնարար սկզբունքներից, միեւնոյն ժամանակ՝ նէոլիբերալիզմի հեգեմոնիայի կայացում), տնտեսական (արտադրական տնտեսութեան փոխարինումը ֆինանսա-սպառողական՝ գլոբալիզացւած տնտեսութիւնով), հասարակական (դասակարգային խզումների խորացում) եւ մշակութային (քաղաքակրթական արժեհամակարգի խողում):

Հէնց այս լրջագոյն մարտահրաւէրներին համաչափ ու համարժէք արձագանգելու ամլութիւնն է, որ վերածւել է արդի ընկերվարութեան «աքիլեսեան գարշապարին», որի յաղթահարումը ենթադրում է գաղափարական վերազարթօնք, քաղաքական սկզբունքայնութիւն եւ գործելաոճի արդիականացում, եւ, իհարկէ, երկարատեւ պայքարի վճռակամութիւն: Այլապէս կեանքը շարունակւելու է ընթանալ նոյն փակ օղակում, որտեղ տիրապետողը միայն տեղատւութիւնն է լինելու:

Խօսքն աւարտենք, մէջբերելով Չիլիի գործող նախագահին՝ Գաբրիէլ Բորիկին, որը խոստացել է Չիլին դարձնել նէոլիբերալիզմի դամբարանը. «Դուք ունէք երկու ընտրութիւն. կարող էք ասել՝ ես յոռետես եմ, ոչինչ չի ստացւի, յանձնւում եմ, եւ երաշխաւորում եմ, որ ամենավատը կը պատահի: Կամ կարող էք հաւաստանշել առկայ հնարաւորութիւնները, տեսնել յոյսի շողերը եւ ասել՝ միգուցէ մենք աւելի լաւ աշխարհ ենք ստեղծելու: Իրականում ընտրութիւնը մէկն է եւ միանշանակ»:

Առնչւող Յօդւածներ

Back to top button