Հայաստան - ԱրցախՄիջազգայինՔաղաքական

Տիրան Լոքմագեօզեան. «Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ «առ եւ տուր» է. թուրքերն առնում են, Հայաստանը՝ տալիս, կորզելու խնդիր է»

ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյեանի գլխաւորած պատւիրակութիւնը մարտի 1-3-ը գտնւելու է Անթալիայում՝ դիւանագիտական ֆորումին մասնակցելու համար։

​​Ֆորումին մասնակցում են աւելի քան 20 պետութիւնների եւ կառավարութիւնների ղեկավարներ, մօտ 90 նախարար, աւելի քան 60 արտգործնախարարներ, ինչպէս նաեւ միջազգային կազմակերպութիւնների մօտ 80 ներկայացուցիչներ։

Յիշեցնենք, որ 2022 թւականին Արարատ Միրզոյեանը կրկին Թուրքիայում մասնակցել էր դիւանագիտական ֆորումին: 2009 թւականից յետոյ նա հայ առաջին պաշտօնեան էր, որ մեկնել էր Թուրքիա։

Այդուհանդերձ, հայ-թուրքական դիւանագիտական յարաբերութիւնների բացակայութեան պայմաններում ի՞նչ է տալու Հայաստանին դիւանագիտական ֆորումի մասնակցութիւնը։

168.am-ի հետ զրոյցում թուրքագէտ Տիրան Լոքմագեօզեանը պատասխանելով հարցին՝ ասել է՝ դիտարկելով ՀՀ ներկայիս իշխանութիւնների վերջին տարիների քաղաքականութիւնը, որեւէ լաւ բան սպասել պէտք չէ, անգամ, եթէ ինչ-որ դրական քայլերի մասին են խօսում։

«Թուրքիայի հետ մենք դիւանագիտական յարաբերութիւն չունենք, առաջին խնդիրը, որը պէտք է լինի, այդ յարաբերութիւնների հաստատումն է, մնացեալը դրա ածանցեալն են։ Եթէ հիմնականը թողած՝ զբաղւում են ածանցեալով, իհարկէ, դա որեւէ լաւ բան չի բերելու Հայաստանին ու հայ ազգին։

Ինչպէս տեսնում ենք, հիմնականում երկու երկրների միջեւ ընթանում է «առեւտուր», առ եւ տուր՝ թուրքերն առնում են՝ Հայաստանը տալիս է։ Այսինքն՝ կրկին ինչ-որ բաներ կորզելու խնդիր է, սա, իհարկէ, նաեւ այդ երկու կողմի ներկայացուցիչների հանդիպման շարունակութիւնն է։ Սա առիթ է, որպէսզի առանց միջնորդների երկու կողմերը շտապ իրենց երկկողմանի առեւտուրը կազմակերպեն։ Մինչ այս, հիմնական միջնորդը Ռուսաստանն էր, որը «խանգարող» էր այդ գործընթացում, դրա համար փորձեցին երկու կողմից ներկայացուցիչներ ներկայացնել։ Մեզ ներկայացրեցին, թէ նրանք դիւանագիտական ներկայացուցիչներ են, բայց եթէ դու չունես դիւանագիտութիւն Թուրքիայի հետ, ի՞նչ դիւանագիտական ներկայացուցչութեան մասին է խօսքը»,- նշել է Տիրան Լոքմագեօզեանը։

Ըստ թուրքագէտի, Հայաստանի իշխանութիւնները մէկ խնդիր են լուծում՝ ինչպէս բաւարարեն Էրդողանի ու Թուրքիայի պահանջները, որի մասին շարունակաբար նրանք բարձրաձայնում են։ Վերջերս էլ Թուրքիայից կրկին կոչ հնչեց, որ ՀՀ իշխանութիւնը պէտք է բաւարարի Ադրբեջանի պահանջները։

«Թուրքիան Հայաստանի իշխանութիւններին մշտապէս ասում է՝ Ադրբեջանի պահանջները բաւարարէք, յետոյ կը գաք մեզ մօտ։ Այսինքն, յետոյ թող ոչ մէկը միամտօրէն չմտածի, որ Թուրքիայի հետ սահմանը կը բացւի, դիւանագիտական յարաբերութիւններ կը հաստատւեն։ Թուրքիան նկատի ունի, որ յետոյ գնան իր մօտ՝ իր պահանջները բաւարարելու։ Թուրքիան 2018 թւականից մշտապէս պահանջներից է խօսում, ինչը 30 տարի շարունակ չէր անում, իհարկէ, որոշակի պահանջներ դնում էր, բայց հայկական կողմից շարունակաբար մերժւում էր»,- շեշտել է մեր զրուցակիցը։

Թուրքագէտը վստահ է՝ Հայաստանի մի մասն էլ տան Ադրբեջանին, նա չի բաւարարւելու, անընդհատ պահանջելու է։ Վերջին տարիներին ականատես ենք լինում, որ ՀՀ իշխանութիւնը որքան գնում է զիջումների, նրանք այնքան մեծ զիջումներ են պահանջում։

«Իշխանութիւնը մտածում էր՝ Արցախը տայ Ադրբեջանին, կազատւի պահանջներից, բայց ամէն ինչ այդպէս չեղաւ։ Հիմա էլ Հայաստանից է բաժին ուզում, ուզում է մինչեւ «Էրիւան» հասնել։ Չնայած, եթէ նրանք միայն Սիւնիքն էլ վերցնեն, նշանակում է՝ վերջ, Հայաստանն արդէն ջնջւում է քարտէզից»,- շեշտել է Տ. Լոքմագեօզեանը։

Ինչ վերաբերում է Մարգարայի անցակէտի բացմանը, թուրքագէտը նկատեց՝ մինչեւ Հայաստանը չբաւարարի Ադրբեջանի պահանջները, որեւէ անցակէտ ու սահման չի բացւելու։

Առնչւող Յօդւածներ

Back to top button