ԻրանՀայաստան - ԱրցախՔաղաքական

Թեհրանի իշխանութիւնները գծել են յստակ կարմիր գծերը ու անհրաժեշտ զգուշացումներ տւել ադրբեջանական կողմին

Իրանահայ վերլուծաբանը բացառիկ մանրամասներ է ներկայացնում

Էրդողանը շարունակում է պնդել, որ Հայաստանի հետ յարաբերութիւնների կարգաւորման գործընթացի համար կարեւոր է «Զանգեզուրի միջանցք»-ի արագ բացումը եւ Ադրբեջանի հետ համապարփակ խաղաղ համաձայնագրի շուտափոյթ իրականացումը: Այս յայտարարութիւնները ին՞չ հակազդեցութեան կարող են հանդիպել Իրանի կողմից։ Եւ առհասարակ ինչպէս ՌՆ գնահատում Իրան-Թուրքիա ներկայիս յարաբերութիւնները, ին՞չ զարգացումներով է այն յղի։ Այս եւ այլ հարցերի շուրջ զրուցել ենք Իրանում բնակւող մեր հայրենակից, քաղաքական վերլուծաբան Արտոյտ Զոհրաբեանի հետ, ով նկատեց.

-Նախ ամենասկզբում ասեմ, որ չկայ Իրանի տարածքով միջանցք հասկացողութիւն, այլ կայ ընդամէնը ճանապարհ եւ այս ճանապարհը նորութիւն չէ: Բաքուն տասնամեակներ շարունակ հաղորդակցւում է Նախիջեւանի հետ հէնց Իրան տարածքով, պաշտօնական եւ օրինական բոլոր անցակէտերը անցնելով եւ յարգելով մաքսային եւ սահմանային բոլոր օրէնքները ԻԻՀ ամբողջական վերահսկողութեան ներքոյ:

Իրանը միշտ էլ հնարաւորութիւն է ունեցել Բաքու-Նախիջեւան հաղորդակցութեան եւ բոլոր ցանկացած կարիքները հայթայթելու համար: Ուստի, կարճ ասած, այս ճանապարհը միշտ եղել է, սակայն այն ինչ այս պահին խօսւում է նրա բարելաւման կամ աւելի դիւրին դարձնելու հարցն է:

Բայց սա կարելի է մեկնաբանել որպէս նահանջ Բաքւի համար: Նախ ինձ թւում է, որ Բաքուն արդէն համոզւել է կամ համոզւում է, որ բռնի կամ նման այլ միջոցներով հնարաւոր չէ հատել Իրանի նշած կարմիր գծերը: Չմոռանանք, որ այս թեմայով նաեւ Ռուսաստանը եւ Թուրքիան ինչ որ կերպ փորձել կամ փորձում են համոզել Իրանին, սակայն պատասխանը պարզ է: Միւս կողմից, Իրանը բազմիցս արտայայտւել է, որ տարածաշրջանի հարցերը պէտք է լուծւեն հէնց տարածաշրջանի երկրների միջոցով ոչ թէ օտարերկեայ ուժերի ներկայութեամբ:

Այս առումով Իրանը յստակ առաջարկներ ունի եւ իհարկէ դիրքորոշումներ: Առաջինը հնարաւորութիւն է ստեղծել Բաքու-Նախիջեւան հաղորդակցութեանը, երկրորդը պատրաստակամութիւն յայտնել ներկայ լինել որպէս սահմանային դիտորտ, ինչը շատ աւելի գործունեայ եւ դրական է Հայաստանի համար եւ լուրջ պատգամ Բաքւի, Թուրքիայի, ԵՄ եւ այլ արտատարածաշրջանային ուժերի համար:  Երրորդը 3+3 ձեւաչափն է, որը ներկայ առաջարկներից ամենալաւագոյնն է Հայաստանի համար, հաշւի առնելով, որ Բաքուն չենթարկւելով մինչ այս առկայ ձեւաչափերին եւ ԱՄՆ-ի ու ԵՄ յետին նպատակները Իրանի առաջարկը համարւում է ամենաանկողմնակալ եւ գործնական առաջարկը յանուն տարածաշրջանի խաղաղութեան:

Հէնց այս կապակցութեամբ Ադրբեջանի նախագահի հետ հանդիպման ժամանակ, ԻԻՀ ճանապարհների եւ քաղաքաշինութեան նախարարը, որը հանդիսանում է Իրան- Ադրբեջան տնտեսական համագործակցութեան համատեղ յանձնաժողովի ղեկավար, յայտարարել է. ««Իրան-ուղի» նախաձեռնութեան շրջանակում, կը շահագործւի Աշխբադից Ջուլֆա Արաքսի ճանպարհը, որը կը գործի որպէս արեւելք-արեւմուտք երթուղի»:

Յիշեցնեմ որ 2022 թւականի սեպտեմբերին Իրանը նախազգուշացրեց Հարաւային Կովկասում աշխարհաքաղաքական ցանկացած փոփոխութեան եւ Ադրբեջան-Հայաստան սահմանների փոփոխութեան մասին:

Միեւնոյն ժամանակ Թեհրանի իշխանութիւնները յստակօրէն սահմանել են կարմիր գիծն այս հարցում եւ անհրաժեշտ զգուշացումներ են տրւել ադրբեջանական կողմին Բաքւի կողմից սահմանային արկածախնդրութեան եւ Թեհրանի եւ Երեւանի սահմանը փակելու հնարաւոր գործողութիւնների համար։

Այս իրավիճակում, ի՞նչ ասել թուրքադրբեջանական տանդեմից:

– Ինչ վերաբերում է ադբեջանա-թուրքական յաջորդ քայլերին, յստակ պէտք է նշել մի քանի գործօնների մասին: Նախ Իրանի յստակ եւ անփոփոխ դիրքորոշումը սահմանների անփոփոխ լինելու եւ Իրան-Հայաստանի կապը ցանկացած կէտում չխանգարելու մէջ, պատճառ դարձաւ որ «Իրան-ուղի» ճանապարհը լինի Բաքու-Նախիջեւան հաղորդակցութեան ուղի ինչը որ ամենաճիշտ տարբերակն է համարւում: Սա արդէն փոխել է Բաքւի պատասխանատուների ոճը, սակայն դեռ Թուրքիան փորձում է խօսել Զանգեզուրի կեղծ միջանցքի մասին, որը դա ուղղակի նպատակ է Թուրանական եւ ՆԱՏՕ-ի յաւակնորդների երազանքները իրականացնելու համար:

Չմոռանանք նաեւ որ Էրդողանը ռազմավարական նպատակներին ուղղւած մարտավարական խաղերի վարպետ է, եւ այս հարցը բարձրացնելով՝ խաղում է Իրանի եւ Հայաստանի որոշում կայացնողների մտքի ու ոգու հետ՝ իր առաջնահերթ ծրագիրը առաջ տանելու համար։

Յաջորդ թեման կարելի է գտնել Պաղեստինում: Բաքւի խորը յարաբերութիւնները սիոնիստական ահաբեկիչների հետ եւ ներկայ իրավիճակը ապացուցում է, որ ցանկացած երկիր չպէտք իր յոյսը դնի Սիոնիստական ռեժիմի վրայ: Չմոռանանաք, որ սիոնիստների հիմնական նպատակներից բացի տնտեսական շահը Բաքւի հետ՝ ԻԻՀ հարւածելն է: Սիոնիստները փորձում են Կովկասեան տարածաշրջանում ներկայութիւն ունենալ եւ ամենայարմար վայրը ներկայ Բաքուն է ալիեւեան համակարգով:

Վերջին իրադարձութիւնների համատեքստում կարեւոր է յիշել, որ Բաքուն անկախ չի գործել: Կուլիսային որոշ դերակատարներ աջակցում են Հարաւային Կովկասում Ադրբեջանի վարած լարւածութեան քաղաքականութեանն իրենց նպատակներն առաջ տանելու համար: Որպէս օրինակ՝ Իսրայէլը փորձում է Իրանի հիւսիսային սահմանների մօտ նոր ճակատ ձեւաւորել, նպատակ ունենալով զսպել Թեհրանին: Թուրքիան փորձում է Ադրբեջանի գործողութիւնների միջոցով կապ հաստատել Կենտրոնական Ասիայի հետ ու ընդլայնել իր ազդեցութիւնն այս տարածաշրջանում, չնայած երկար տարիներ լուրջ խնդիրներ ունի Հայաստանի հետ, որին համարում է իր թշնամին: Մեծ Բրիտանիան եւ ՆԱՏՕ-ն ունեն կոնկրետ նպատակներ՝ կապւած Հայաստանի, Իրանի եւ արեւելքում իրենց ազդեցութեան զարգացման հետ։

«Iravunk.com»

Առնչւող Յօդւածներ

Back to top button